ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում հոկտեմբերի 12-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորն իր ելույթում նշել է.
«Հարգելի՛ գործընկերներ,
Եվրոպայի խորհուրդը համարվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության փարոսը: Խորհրդի առաքելությունն է պահպանել այս արժեքներն իր անդամ պետություններում՝ դրանով իսկ զգալիորեն նպաստելով հակամարտությունների կանխարգելմանը: Բայց արդյո՞ք մենք այսօր կարող ենք արձանագրել, որ Եվրոպայի խորհուրդը հաջողել է իր այս առաքելության հարցում: Տիրող խառնաշփոթը, խաղաղության բացակայությունը, Եվրոպայի խորհրդի տարածքում սանձազերծված պատերազմներն ինքնին ապացուցում են հակառակը: Կարծում եմ՝ Եվրոպայի խորհուրդը ճգնաժամ է ապրում, քանզի մենք մոռացել ենք մեր համախմբման նախնական նպատակը:
Եվ ուրեմն ի՞նչ պետք է անի Եվրոպայի խորհուրդը հակամարտությունները կանխելու համար: Պատասխանը պարզ է: Եվրոպայի խորհուրդը պետք է խթանի, անհրաժեշտության դեպքում պարտադրի ժողովրդավարացման գործընթացներ իր անդամ երկրներում: Քանի որ հայտնի փաստ է, որ ժողովրդավարական պետությունները հակված չեն հակամարտություններ հրահրելուն: Եթե անդամ պետությունը հրաժարվի համապատասխանել ժողովրդավարական կանոններին, Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ կիրառի, քննարկի վերջինիս հետագա անդամակցության հարցը:
Գործընկերնե՛ր, թույլ տվեք, այդուհանդերձ, վերաձեւակերպել հարցը: Ի՞նչ պետք է չանի Եվրոպայի խորհուրդը հակամարտությունները կանխելու համար:
Առաջին՝ Եվրոպայի խորհուրդը չպետք է փոխզիջման գնա ավտորիտար ռեժիմների, բռնապետների հետ: Բռնապետները չեն հասկանում փոխզիջման լեզուն: Եվրոպայի խորհուրդը պետք է պատժամիջոցներ կիրառի բռնապետների նկատմամբ ժամանակին, քանի դեռ չափազանց ուշ չէ:
Երկրորդ՝ Եվրոպայի խորհուրդը չպետք է լինի չեզոք եւ բալանսավորված: Այս վեհաժողովում ամենաշատը լսածս նախադասությունը հետեւյալն է. «Մենք պետք է լինենք չեզոք եւ բալանսավորված»:
Ո՛չ, հարգելի՛ գործընկերներ, չպետք է: Սա քաղաքական կազմակերպություն է, եւ մենք պետք է հստակ քաղաքական դիրքորոշում հայտնենք անդամ պետությունների կողմից մեր կանոնների աղաղակող խախտումների յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ:
Մենք երկար ժամանակ չեզոք եւ բալանսավորված ենք եղել մեր որոշ գործընկերների նկատմամբ, մինչեւ պարզվեց՝ չափազանց ուշ է:
Մենք չեզոք եւ բալանսավորված ենք եղել Լեռնայի Ղարաբաղի հարցի առնչությամբ, մինչեւ պարզվեց՝ ուշ է: Եվ մենք չենք կարող չեզոք եւ բալանսավորված լինել Հայաստանին կամ այլ անդամ պետություններին առնչվող իրադարձությունների նկատմամբ, եւ մի օր ապագայում արձանագրենք, որ չափազանց ուշ է:
Խոսելով Հայաստանի մասին` հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսվում էր հնգակողմ հանդիպում Եվրամիության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների մասնակցությամբ: Նախատեսվում էր, որ հինգ առաջնորդները հայտարարություն կստորագրեն, որով Հայաստանը եւ Ադրբեջանը կճանաչեին միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը, կպայմանավորվեին հայ-ադրբեջանական սահմանի` Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն սահմանազատում անելու, տարածաշրջանային կապուղիները երկրների ինքնիշխանության եւ իրավազորության, ինչպես նաեւ հավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա բացելու մասին: Ադրբեջանի առաջնորդն ամենավերջին պահին հրաժարվեց մասնակցել այդ հանդիպմանը: Ավելին` երեկ նախագահ Ալիեւը Բիշքեքում մեղադրել է Հայաստանի վարչապետ Փաշինյանին արեւմտյան միջնորդությամբ ինչ-որ անհասկանալի հանդիպման մասնակցելու նպատակով 6 ժամ Գրանադա թռչելու համար: Ալիեւը հայտարարել է, որ եթե Հայաստանը հրաժարվի մասնակցել Ռուսաստանի միջնորդությամբ բանակցություններին, Ադրբեջանը երկար կմտածի արեւմուտքի միջնորդությամբ բանակցություններին մասնակցելուց առաջ: Կարծում եմ, որ այսօր մենք` որպես Եվրոպայի խորհուրդ, պետք է հարց տանք Ադրբեջանին` ինչո՞վ ձեռնտու չէ արեւմտյան հարթակը:
Շնորհակալ եմ»:
comment.count (0)