Արցախյան ընկերություններն ու նախաձեռնությունները՝ DigiTec-2023-ին
22:50 - 15 հոկտեմբերի, 2023

Արցախյան ընկերություններն ու նախաձեռնությունները՝ DigiTec-2023-ին

Այսօր DigiTec-2023 ցուցահանդեսի վերջին օրն էր: Ցուցահանդեսին մասնակցում էին ավելի քան 100 ընկերություններ, որոնց թվում էին նաև Արցախից վերջին օրերին Հայաստան տեղափոխված մի քանի ընկերություններ ու նախաձեռնություններ։

DigiTec-ի մասնակիցներից BIB Marketing Agency-ն Արցախի առաջին և միակ մարքեթինգային ընկերությունն է, որը 2019-ին հիմնել են արցախցի երկու եղբայրներ՝ Դավիթ և Աշոտ Գաբրիելյանները։

Դավիթը պատմում է, որ երբ ստեղծեցին ընկերությունը, այն միայն սոցիալական մեդիայի մարքեթինգով (SMM)  էր զբաղվում, բայց շուտով թիմը մեծացավ, և ավելացան նոր ծառայություններ՝ դիզայն, բրենդինգ, վեբ կայքերի ստեղծում, չաթբոթ մարքեթինգ, մարքեթինգային ավտոմատացիաներ։


BIB Marketing Agency-ի տաղավարը

Թիմը կազմված է 15 հոգուց։ Մինչ ադրբեջանական հարձակումն ու Արցախի ժողովրդի բռնի տեղայանումը թիմի մի մասն Արցախում էր, մյուսը՝ Հայաստանում։ Այժմ ողջ թիմը Հայաստանում է։ 

«Մենք փորձում էինք մինչև վերջին պահը մեր աշխատանքը կատարել, բայց Արցախում բավականին սահմանափակ ռեսուրսներ կային, որովհետև ինտերնետի խնդիր կար, կապի խնդիր և այլն։ Մեզ շատ աջակցեց մեր՝ Հայաստանում գտնվող թիմը, ու կարողացանք այդ ճգնաժամը մի փոքր հաղթահարել»,- պատմում է Դավիթը։


Դավիթը

BIB Marketing Agency-ն հաճախորդներ ուներ ոչ միայն Արցախից, այլ նաև Հայաստանից ու արտասահմանից (Ռուսաստան, ԱՄՆ, Ավստրիա և այլն)։ Դավիթի խոսքով այս պահին իրենց համագործակցությունները շարունակվում են։

BIB-ն նոր կարգախոս ունի՝ «Վերածնվում ենք»։ Թիմը պատրաստվում է շարունակել գործունեությունը Հայաստանում և եղած ծառայություններին ավելացնել նորերը։

DigiTec-ին մասնակցում էր նաև Արցախի «Մունք» տեխնոդպրոցը, որը «Ես» հիմնարդամի կրթական ծրագիրն է։

«Մունք»-ի համահիմնադիր Աշոտ Ավանեսյանը պատմում է՝ մի քանի տարի առաջ ծանոթացավ ապագա կնոջ՝ Լուիզայի հետ։ Լուզիան ծնունդով Շուշիից է, Աշոտը՝ Մուշկապատ գյուղից, բայց այդ ժամանակ ապրում էր Ստեփանակերտում։ Երկուսն էլ աշխատում էին ՏՏ ոլորտում։ Աշոտն ու Լուիզան որոշեցին, որ պիտի ապրեն գյուղում և այնտեղ կրթությունը հասանելի դարձնեն բոլորին։ Այդպես նրանք տեղափոխվեցին Աշոտի ծննդավայր Մուշկապատ, ամուսնացան, իսկ 2019-ին հիմնադրեցին «Մունք» տեխնոդպրոցը։

«Մեր ռազմավարական նպատակը գյուղական համայնքներից երիտասարդների արտագաղթի կանխումն էր ի սկզբանե։ Իսկ ի՞նչն է երիտասարդներին գյուղից տանում․ կրթությունը և հնարավորությունները»,- նշում է Աշոտը։

«Մունք»-ի հիմնադիրները հասկացան՝ ամենամեծ հնարավորությունը կրթությունն է, դրա համար պետք է կրթությունը ֆիզիկապես մոտեցնել համայնքներում ապրող մարդկանց։ Նրանք կրթական ծրագիր մշակեցին, որը ներառում է երեք ուղղություն՝ ծրագրավորում, ռոբոտաշինություն և դիզայն։ Աշոտի խոսքով իրենց կրթական ծրագրի առանձնահատկությունն այն է, որ այն համապարփակ է։

«Եթե դու գնում ես համայնք, եթե դու գնում ես շրջան, պետք է ունենաս համակարգային մոտեցում, որպեսզի քո մոտ եկած մարդը, որն իր գյուղից դուրս պատկերացում չունի, այդ պատկերացումը ստանալուց սկսած մինչև ոլորտում ինտեգրվել, ֆինանսապես կայուն մարդ դառնալ, հնարավորություններից օգտվել իմանալ՝ ամբողջապես կայանա որպես անհատականություն, մասնագետ»,- ասում է նա։

«Մունք»-ի կրթական ծրագիրն ունի երեք փուլ։

  • «Բացահայտում»․ այս փուլը տևում է 1-2 տարի, որի ընթացքում բացահայտվում են աշակերտի նախասիրություններն ու ընդունակությունները, ամրապնդվում բնագիտական առարկաների բազային գիտելիքները, աշակերտը ծանոթանում է ՏՏ ոլորտի հիմնական մասնագիտություններին։
  • «Մասնագիտացում»․ այս փուլում նախորդ փուլն անցած աշակերտներն ընտրում երեք ուղղություններից մեկը՝ ծրագրավորում, ռոբոտաշինություն կամ դիզայն։ Աշակերտները կարող են նաև միաժամանակ հաճախել բոլոր դասընթացներին։ Այս փուլի ավարտին աշակերտներն արդեն սկսնակ մասնագետներ են։
  • Վերջին՝ «Կիրառենք» փուլում ձևավորվում են թիմեր, որոնք պիտի որևէ գաղափարի շուրջ ստարտափ հիմնեն՝ նպատակ ունենալով լուծել համայնքային խնդիրները։


Աշոտը՝ «Մունք»-ի սաների ու շրջանավարտների հետ

Աշոտն ասում է՝ դպրոցին դիմելու տարիքային նվազագույն շեմը 7-րդ դասարանն է, իսկ առավելագույն շեմ չկա։ Նա հիշում է՝ Արցախում շատ էր պատահում, որ ծնողները բերում էին երեխաներին դասընթացներին գրանցելու, և իրենք էլ էին գրանցվում։

«Մունք» ծրագիրը գործում էր Արցախի յոթ համայնքում։ Երկու համայնքում տեխնոդպրոց կար, մյուս համայնքների համար գործում էին շարժական լաբեր։

«Մունք»-ի ամենամեծ հովանավորը Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարութունն էր։ Տեխնոդպրոցն ուներ այլ դոնորներ ևս, ինչպես նաև դրամահավքներ էր իրականացնում։ Այս բոլոր միջոցների շնորհիվ կրթությունն այստեղ անվճար էր։

Աշոտն ասում է՝ բռնի տեղահանման ընթացքում իրենց տեխնիկայի մեծ մասը կարողացան փրկել ու բերել Հայաստան, բայց իհարկե գույքային վնասներ կրեցին, ու տեխնիկայի որոշ մասը մնաց Արցախում։ Այժմ կարողացել են իրենց 20 հոգանոց թիմով տեղակայվել Լոռու մարզի Տաշիր քաղաքում ու հարակից գյուղերում։

Չնայած նրանց ամենամեծ հովանավորը՝ Արցախի ԿԳՄՍ նախարարությունը, այլևս գոյություն չունի, թիմը շարունակելու է գործել Հայաստանում։ Աշոտն ասում է՝ կսկսեն հենց Տաշիրից ու հարակից գյուղերից։ Մոտ օրերս նախատեսում են իրենց կրթական ծրագրում  430-ից ավելի ուսանող ներգրավել և նրանց անվճար կրթություն տալ՝ չնայած ֆինանսական դժվարություններին։ Տաշիրում արդեն տարածք ունեն, որտեղ էլ կգործի տեխնոդպրոցը։

Այժմ թիմը «ռեԱրմենիա» հարթակում դրամահավաք է իրականացնում, որ կարողանա գործունեությունը շարունակել և ընդլայնվել։

DigiTec-ի արցախյան մյուս մասնակիցը Bitty Co-Working-ն էր։ Bitty-ն արցախցի 4 երիտասարդների՝ Մերի Հովհաննիսյանի, նրա եղբայրը՝ Արշակ Հովհաննիսյանի, Նարե և Դիանա Ղահրամանյանների նախաձեռնությունն է։ 

Ի սկզբանե Bitty-ի հիմնադիրներն ուզում էին Մարտակերտում co-working տարածք (հայերեն՝ համատեղ աշխատանքային տարածք) և համայնքային զարգացման կենտրոն ստեղծել։ Այդ նպատակով նրանք կարողացել էին ներդրումներ ներգարվել Tech Week Gyumri-ի ժամանակ և տարբեր դրամաշնորհների շրջանակում, իսկ Արցախի Հանրապետության կառավարության հետ համագործակցությամբ Մարտակերտում տարածք էին ձեռք բերել։ 


Մերին ու Դիանան

Bitty-ի համահիմնադիր Մերին պատմում է, որ Արցախի շրջափակման պայմաններում չկարողացան տարածքը վերանորոգել, փոխարենը կրթական ծրագրեր, արշավներ, ճամբար կազմակերպեցին արցախցի երեխաների համար։

Շրջափակման ընթացքում թիմը բաժանված էր․ Մերին մնացել էր Երևանում, թիմի մյուս անդամներն Արցախում էր։ Այժմ ողջ թիմը Հայաստանում է, և որոշել են իրենց գաղափարն իրագործել Հայաստանի գյուղերից մեկում։ Այժմ տարածք են փնտրում, որտեղ էլ կստեղծեն Bitty Co-Working-ը՝ նպաստելով այդ համայնքի զարգացմանը։

DigiTec-ին ներկայացված էր նաև Artsakh Career Expo-ն։ Artsakh Career Expo-ն աշխատանքի տոնավաճառ է, որի նպատակն է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցել աշխատանք գտնելու հարցում։

Artsakh Career Expo-ի հիմնադիրները 4 գործընկերներ են՝ Իսկուհին, Մանեն, Էմման և Անին։ 

Պատմելով իրենց գաղափարի մասին՝ Իսկուհին նշում է․ «Մեզ համար շատ դժվար էր, որովհետև Էմման, իր ընտանիքը, ընկերներն Արցախից էին, ու շատ ծանր իրավիճակում էին հայտնվել։ Որոշեցինք ինչ-որ մի բան անել, որպեսզի կարողանանք այս ծանր իրավիճակից դուրս գալ և մեր ուժերի ներածին չափով օգնություն տրամադրել մեր հայրենակիցներին»։

Այդպես նրանք որոշեցին աշխատանքի տոնավաճառ իրականացնել։ Իսկուհին նշում է՝ պարտադիր չէ Արցախից լինել տոնավաճառին մասնակցելու համար, չնայած որ տոնավաճառի գլխավոր նպատակը հենց արցախահայերին օգնելն է։


Աջից՝ Իսկուհին

Artsakh Career Expo-ն տեղի կունենա  «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում հոկտեմբերի 31-ին՝ 13։00-20։00-ն ընկած ժամանակահատվածում։ Տոնավաճառին ներկա կլինեն 30-ից ավելի կազմակերպություններ, որոնք կներկայացնեն իրենց թափուր հաստիքները։ Ներկայացուցիչներ կլինեն ամենատարբեր ոլորտներից՝ ՏՏ, սպասարկում, նորաձևության, տաքսի ծառայություն և այլն։ 

Artsakh Career Expo-ի ժամանակ լինելու են նաև անվճար դասընթացներ, պրակտիկայի հնարավորություններ։ Տեղում ներկա է լինելու HR մասնագետ, որն այցելուներին նախապատրաստելու է աշխատանքի ընդունման հարցազրույցներին։ Նաև հատուկ մասնագետ է լինելու, որի օգնությամբ այցելուները կկարողանան CV կազմել։

«Փորձել ենք այնպես անել, որ հնարավորինս շատ մարդկանց և կազմակերպությունների ներգրավենք, որ ոչ միայն ՏՏ ոլորտի մասնագիտություն ունեցող արցախայերը կարողանան աշխատանք գտնել, այլ նաև այլ ոլորտների ներկայացուցիչները»,- նշում է Իսկուհին։ 


Աննա Սահակյան






Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել