2024-ի նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար. ֆինանսների նախարար |armenpress.am|
12:27 - 31 հոկտեմբերի, 2023

2024-ի նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար. ֆինանսների նախարար |armenpress.am|

armenpress.am: 2024 թվականի բյուջեով նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար և 4 միլիարդ դրամ նոր կայարանի կառուցման համար։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի հարցին, որը վերաբերվում էր Երևանի մետրոպոլիտենի հետ կապված հրատապ խնդիրներին։

Թունյանի խոսքով՝ գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետը նշել է, որ Երևանի մետրոպոլիտենի հետ կապված հրատապ խնդիր կա և չի լուծվել ֆինանսական հարցը։

«Խոսքը մոտ 650 միլիոն դրամ գումարի մասին է և ասվել է, որ այդ ֆինանսավորումը լինելու է հաջորդ տարվա բյուջեով։ Դատելով քաղաքապետի ելույթից՝ այդ հարցը ամենահրատապն է Երևանի համար։ Քանի որ հարցը վերաբերվում է համ Երևան քաղաքին, համ բյուջեին, համ տրանսպորտին, կխնդրեի ձեր մեկնաբանությունը։ Եթե հարցն այդքան հրատապ է՝ միջոցներ չունե՞նք պահուստային ֆոնդից»,-հարցրեց Թունյանը Ֆինանսների նախարարին։

Պատասխանելով հարցին՝  նախարար Հովհաննիսյանն ասաց, որ Երևանի մետրոպոլիտենի համար արդեն այս տարի գումարներ հատկացրել են և նամակ են ստացել քաղաքապետարանից, որում նշված էր, որ տարբեր ծրագրերի համար նախատեսված գումարներից վերաբաշխում է արվել Երևանի մետրոպոլիտենի այլ կապիտալ ծախսեր անելու համար։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանին հարցադրումներ են ուղարկել, թե ինչու՞ են վերաբաշխումներ արել և պատասխանը ստանալուց հետո միայն կարող են կարծիք հայտնել։

«Ինչ վերաբերվում է Երևանի մետրոպոլիտենին, ապա քննարկել ենք Երևանի մետրոպոլիտենում երկար տարիներ ներդրում չանելու փաստը և հասկացել ենք, որ, այո, մենք գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ Երևանի մետրոպոլիտենին հրատապ ներդրումներ են անհրաժեշտ։ Եվ այդ պատճառով բավականին լուրջ գումարներ ենք հատկացրել՝ 2024 թվականի բյուջեով նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար և 4 միլիարդ դրամ էլ նոր կայարանի կառուցման համար։ Այդ գիտակցումն ունենք, որ Երևանի մետրոպոլիտենում ներդրումներ պետք է արվեն, որոշ դեպքերում հրատապ հարցեր են առաջացել և 2023 թվականին պահուստային ֆոնդից դրա համար գումարներ հատկացրել ենք»,-ասաց Ֆինանսների նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել