Արագածոտնի մարզում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումն ու իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը պաշտոնապես փոխանցել է ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության: Այդ մասին ազդարարվել է Աշտարակի Վ.Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, ՌԴ ֆինանսների նախարարության արտաքին ֆինանսական հարաբերությունների դեպարտամենտի փոխտնօրեն Վլադիմիր Կովալենկոն, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովը, «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ներկայացուցիչներ:
Արագածոտնը դարձել է 6-րդ մարզը, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզերից հետո, որտեղ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն արդեն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Նախարար Արայիկ Հարությունյանը, կարևորել է նաև այս մարզում դպրոցական սննդի կազմակերպման հանձնառությունը ՀՀ կառավարության կողմից` շեշտելով, որ դպրոցական սննդի կազմակերպումը պետք է իրագործվի անխափան և այդ նպատակով հաջողությամբ շարունակվում է համագործակցությունը ՌԴ գործընկերների և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ:
«Օրվա մեջ առնվազն մեկ անգամ երեխաներին ապահովում ենք տաք սննդով, ինչը դրական է անդրադառնում կրթության որակի ապահովման վրա: Ծրագրի հաջող իրականացման մեջ ներառված են տարբեր շահառուներ:
Նախարարությունը, որպես հիմնական պատասխանատու, իրականացնելու է վերապատրաստումներ, արդյունքների գնահատում: Հաջողության երկրորդ կարևոր գրավականը ուսուցիչների և ծնողների ներգրավումն է դպրոցական սննդի կազմակերպման և առկա խնդիրների լուծման գործում:
Երրորդ կարևոր գրավականը միջավայրի ապահովումն է. մենք ցանկանում ենք այս ծրագրով խթանել տեղական արտադրողների հետ ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև բարելավել ենթակառուցվածքները` խոհանոցային տարածքների վերակառուցման և սարքավորումներով համալրման միջոցով»,- նշել է նախարարը:
Արայիկ Հարությունյանի խոսքով` փոքր համակազմ ունեցող դպրոցներում, որտեղ դպրոցական սննդի ծրագրից օգտվող աշակերտների թիվը մեծ չէ, 2020 թ. պետական բյուջեում ֆինանսավորման նոր բանաձև է կիրառվելու, ըստ որի խոհանոցներում աշխատողների համար նախատեսվում է հավելյալ ֆինանսավորում:
«ՀՀ կառավարության հետ երկարամյա գործընկերության և Ռուսաստանի Դաշնության շարունակական աջակցության շնորհիվ, Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը հիանալի օրինակ է և խորհրդանշում է այն, ինչ հնարավոր է իրականացնել, երբ բոլորս աշխատում ենք մեկ համընդհանուր նպատակի համար՝ ի նպաստ երեխաների ապագայի խթանել կայուն պարենային ապահովությունը», - նշել է Ելենա Միլոշևիչը:
Ռուսական կողմի ներկայացուցիչ Վ. Կովալենկոն ևս բարձր է գնահատել Հայաստանի արձանագրած արդյունքները` ընդգծելով, որ ծրագրի իրականացման արդյունավետության առումով մեր երկիրն առաջատարն է նախկին Խորհրդային միության երկրների մեջ:
ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վ. Չերնիգովն էլ նշել է, որ Հայաստանում դպրոցական սննդի կազմակերպման հաջողված փորձը հաշվի կառնվի ՌԴ-ում դպրոցական սննդի ծրագրի ներդրման ընթացքում.
«Հայաստանն այս առումով բավականին առաջ է անցել, որովհետև ՌԴ-ում նոր են սկսվում քննարկումները դպրոցական սննդի կազմակերպման պետական ծրագրի ներդրման վերաբերյալ: Հայաստանում ես տեսել եմ, որ ծնողների, դպրոցի և պետության համատեղ ուժերով ադյունավետ համակարգ է ստացվել»,- նշել է Վ. Չերնիգովը:
Արագածոտնի մարզպետի տեղեկացմամբ` մարզում առկա 117 դպրոցներից 101-ում կազմակերպվում է տաք սնունդ: Ծրագրից օգտվում է 1-4-րդ դասարաններ և նախակրթարաններ հաճախող շուրջ 7500 երեխա: 16 դպրոցում երեխաներին կտրամադրվի չոր սնունդ մինչև այդ հաստատությունները նույնպես ապահովվեն խոհանոցային ենթակառուցվածքներով։
Նշենք, որ Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցական ծրագրից կօգտվի կրտսեր դպրոցի 260 աշակերտ: Այստեղ ՊՀԾ-ի աջակցությամբ վերակառուցվել և նորոգվել է խոհանոցը, որը նախկինում անբարեկարգ տարածք է եղել: Դպրոցի խոհանոցն այժմ հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և տեխնիկական միջոցներով, առողջ սննդի կազմակերպման բոլոր պայմաններով:
Բացի այդ` դպրոցին կից ՊՀԾ աջակցությամբ կառուցվում է ջերմոց, որտեղ հետագայում աճեցվելու են դպրոցի սննդի կազմակերպմանն անհրաժեշտ մթերքներ: Դպրոցներին կից ջերմոցների ստեղծումը ՊՀԾ-ի նոր ընդլայնված մոդելն է, որն այժմ փորձարկվում է և հաջող արդյունք արձանագրելու դեպքում կտարածվի նաև մյուս դպրոցներում:
comment.count (0)