shantnews.am: «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է, որ եկամտային ցածր հնարավորություն, ինչպես նաեւ հեռավոր, բարձրադիր լեռնային, բնակչության որոշակի սեռատարիքային կազմ ունեցող համայնքները գործակիցների շնորհիվ հնարավորություն ունենան ստանալու ավելի շատ դոտացիաներ:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ նախատեսվում է, որ մինչեւ 3500 բնակչություն ունեցող համայնքներին դոտացիոն ֆոնդից կտրամադրվի 50 մլն դրամ, իսկ համայնքների սահմանամերձ բնակավայրերից յուրաքանչյուրին կհատկացվի լրացուցիչ 5 մլն դրամ:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ նշելով, որ համահարթեցման դոտացիաների բաշխման հիմնարար քանակական ցուցանիշներից է բնակչության թիվը: Ընդգծվել է, որ բնակչության ու բնակավայրերի թվով է որոշվում համայնքի՝ ծառայություններ մատուցելու ծախսերի մասշտաբը: Ըստ Վաչե Տերտերյանի՝ տեղական ինքնակառավարման համակարգի ե՛ւ դոտացիաները, ե՛ւ ծառայությունները, ե՛ւ վճարները հաշվարկվում են հաշվառված բնակիչների քանակով. «Մենք այսօր այլ կատեգորիա, վարչական միավոր չունենք. չնայած լավ կլիներ ունենալ փաստացի եւ ժամանակավոր բնակիչ: Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ մեր բնակավայրերում մարդիկ ավելացել են, ծառայություններն ու ծախսերը շատացել են, բայց մենք, այնուամենայնիվ, շարունակում ենք օգտագործել հաշվառված բնակչություն եզրույթը»:
Զեկուցողը նշել է, որ համայնքային բյուջեներ ուղղվող եւ օրենքով սեփական եկամուտ ամրագրված գումարները տնօրինվում են համայնքի ավագանու կողմից: Լրացուցիչ 5 մլն բնակավայրերին հատկացվելիք գումարները եւս կտնօրինվեն համայնքի ավագանու կողմից. «Ակնհայտ է, որ դրանք կուղղվեն այնպիսի խնդիրների լուծմանը, որոնք հատուկ են սահմանամերձ բնակավայրերին»:
Գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանը: Նա տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից կարեւորել է ներկայացված փոփոխությունները: Պատգամավորի կարծիքով սահմանամերձ բնակավայրերում խնդիրները շատ են, եւ լրացուցիչ ֆինանսական հատկացումները զգալի աջակցություն կլինեն համայնքներին:
Խորհրդարանը նոյեմբերի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
comment.count (0)