Վաչե Տերտերյան

Վաչե Տերտերյանը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալն է։
Ծնվել է 1962 թվականի հունվարի 2-ին։ 

1970-1978թթ․ սովորել է Երեւանի թիվ 118 միջնակարգ դպրոցում, 1978-1983թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ-տնտեսագետի որակավորում:
1989թ. անցել է ԽՍՀՄ պետպլանին կից որակավորման Բարձրագույն տնտեսական դասընթացը, 1989թ. պաշտպանել է թեկնածուական թեզ եւ ստացել տնտեսագիտության թեկնածուի աստիճան:

1983թ. նշանակվել է աշխատանքի ՀԽՍՀ պետպլանի հաշվողական կենտրոն, որպես կրտսեր գիտ.աշխատող,որտեղ աշխատել է մինչեւ 1990թ ավագ գիտաշխատող, ապա բաժնի վարիչ:
1984-1985թթ. անցել է ժամկետային զինվորական ծառայության ԽՍՀՄ զինված ուժերում:
1985-2018թթ. համատեղության կարգով եւ ժամավճարով դասավանդել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում եւ Երեւանի պետական համալսարանում:
1990-1991թթ. աշխատել է <<Պրոգրես>> ԳՏԿ-ում որպես փոխտնօրեն՝գիտական գծով:
1991-2005թթ. անցել է հիմնական դասախոսական աշխատանքի Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում՝որպես դոցենտ:
1995-1996թթ. աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական: 1996-1998թթ. աշխատել է ՀՀ կառավարության քարտուղարության տարածքային կառավարման վարչության պետի տեղակալ:
1998թ. նշանակվել է տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 1998-1999թթ. նշանակվել է տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի ղեկավար: 1999-2000թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետ: 2001թ. նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ:
2001-2002թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետի պաշտոնակատար:
2002թ. նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ:
2002-2005թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետի պաշտոնակատար:
2005-2008թթ. աշխատել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ:
2008-2015թթ. նշանակվել է տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ:
2015-2016թթ. նշանակվել է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ:
2016-2019 թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ:
2019 թ. հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:

ՀՀ Կառավարությունը ջրամբարաշինության ընդարձակ ծրագիր է ներկայացրել. ՏԿԵ փոխնախարարը՝ Իրանի դեսպանին

ՀՀ Կառավարությունը ջրամբարաշինության ընդարձակ ծրագիր է ներկայացրել. ՏԿԵ փոխնախարարը՝ Իրանի դեսպանին

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ ՏԿԵ փոխնախարարը կարևորել է Իրանի հետ համագործակցության զարգացումը ճանապարհաշինության, միջմարզային համագործակցության և այլ ոլորտներում։ Տերտերյանը նշել է, որ տարիների ընթացքում ՀՀ մարզերի և Իրանի նահանգների միջև սերտ համագործակցություն է եղել և այժմ էլ այդ համագործակցությունը ներառված է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների օրակարգում։ Իրանի դեսպան Սոբհանին նշել է, որ Հայաստանը ջրային ռեսուրսների առումով հարուստ երկիր է։ Դեսպանն ընդգծել է, որ Իրանն էլ իր հերթին ջրամբարների կառուցման ոլորտում աշխարհի տաս առաջատար երկրների ցանկում է և կարող է օգտակար լինել նաև Հայաստանին։ Դեսպանը մասնավորապես հետաքրքրվել է, թե ինչ ծրագրեր ունի ՀՀ ՏԿԵ նախարարությունը ջրամբարաշինության հետ կապված։ Փոխնախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը ջրամբարաշինության ընդարձակ ծրագիր է ներկայացրել, ոռոգման համակարգում ևս իրականացվում են ներդրումային ծրագրեր։ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը մանրամասնելով ՀՀ կառավարության ծրագիրը նշել է, որ խոսքը 15 նոր ջրամբարների կառուցման մասին է, սակայն դիտարկվում են նոր ջրամբարներ ևս։ 15-ից 6-ի աշխատանքներն արդեն մեկնարկել են, 3-ը ավարտական փուլում է՝ մինչև աշուն կհայտարարվեն շինարարական մրցույթներ, 9-ը դեռևս ուսումնասիրվում է։ Վաչե Տերտերյանն ամփոփելով հանդիպումը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է Իրանի հետ ջրամբարաշինության և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու շուրջ։
12:35 - 29 հունվարի, 2024
Նախաձեռնությամբ առաջարկվում է համայնքների սահմանամերձ բնակավայրերից յուրաքանչյուրին հատկացնել լրացուցիչ 5 մլն դրամ
 |shantnews.am|

Նախաձեռնությամբ առաջարկվում է համայնքների սահմանամերձ բնակավայրերից յուրաքանչյուրին հատկացնել լրացուցիչ 5 մլն դրամ |shantnews.am|

shantnews.am: «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է, որ եկամտային ցածր հնարավորություն, ինչպես նաեւ հեռավոր, բարձրադիր լեռնային, բնակչության որոշակի սեռատարիքային կազմ ունեցող համայնքները գործակիցների շնորհիվ հնարավորություն ունենան ստանալու ավելի շատ դոտացիաներ: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ նախատեսվում է, որ մինչեւ 3500 բնակչություն ունեցող համայնքներին դոտացիոն ֆոնդից կտրամադրվի 50 մլն դրամ, իսկ համայնքների սահմանամերձ բնակավայրերից յուրաքանչյուրին կհատկացվի լրացուցիչ 5 մլն դրամ: Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ նշելով, որ համահարթեցման դոտացիաների բաշխման հիմնարար քանակական ցուցանիշներից է բնակչության թիվը: Ընդգծվել է, որ բնակչության ու բնակավայրերի թվով է որոշվում համայնքի՝ ծառայություններ մատուցելու ծախսերի մասշտաբը: Ըստ Վաչե Տերտերյանի՝ տեղական ինքնակառավարման համակարգի ե՛ւ դոտացիաները, ե՛ւ ծառայությունները, ե՛ւ վճարները հաշվարկվում են հաշվառված բնակիչների քանակով. «Մենք այսօր այլ կատեգորիա, վարչական միավոր չունենք. չնայած լավ կլիներ ունենալ փաստացի եւ ժամանակավոր բնակիչ: Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ մեր բնակավայրերում մարդիկ ավելացել են, ծառայություններն ու ծախսերը շատացել են, բայց մենք, այնուամենայնիվ, շարունակում ենք օգտագործել հաշվառված բնակչություն եզրույթը»: Զեկուցողը նշել է, որ համայնքային բյուջեներ ուղղվող եւ օրենքով սեփական եկամուտ ամրագրված գումարները տնօրինվում են համայնքի ավագանու կողմից: Լրացուցիչ 5 մլն բնակավայրերին հատկացվելիք գումարները եւս կտնօրինվեն համայնքի ավագանու կողմից. «Ակնհայտ է, որ դրանք կուղղվեն այնպիսի խնդիրների լուծմանը, որոնք հատուկ են սահմանամերձ բնակավայրերին»: Գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանը: Նա տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից կարեւորել է ներկայացված փոփոխությունները: Պատգամավորի կարծիքով սահմանամերձ բնակավայրերում խնդիրները շատ են, եւ լրացուցիչ ֆինանսական հատկացումները զգալի աջակցություն կլինեն համայնքներին: Խորհրդարանը նոյեմբերի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
13:28 - 14 նոյեմբերի, 2023
Մինչև 2040-ը սահմանել ենք արտադրված էներգիայի սպառման մեջ վերականգնվող էներգիայի տեսակարար կշռի 60 տոկոս ցուցանիշ. Տերտերյան |1lurer.am|

Մինչև 2040-ը սահմանել ենք արտադրված էներգիայի սպառման մեջ վերականգնվող էներգիայի տեսակարար կշռի 60 տոկոս ցուցանիշ. Տերտերյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14–ի N 48-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել արդեն իսկ հաստատված՝ էներգետիկայի բնագավառի մինչև 2040 թվականի զարգացման ռազմավարական ծրագրում և այդ ծրագրի իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցում։ «Այս նախաձեռնությունը պայմանավորված է ոլորտում տեղի ունեցող մի շարք գործընթացներով և այդ գործընթացներով պայմանավորված ցուցանիշներում, նպատակներում և ժամկետներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ»,- ասաց Վաչե Տերտերյանը։  Նրա խոսքով՝ առաջին հանգամանքը, որ բերում է դրան, այն է, որ մենք 2022 թվականին էներգետիկայում արդեն իսկ ներդրել և անցել ենք ազատ շուկայավարման կանոններով կարգավորումներին, ինչն էականորեն փոխել է իրավիճակը. մասնավորապես մենք հրաժարվել ենք երաշխավորված գնով էլեկտրաէներգիա գնելու պրակտիկայից այն ծավալներով, ինչ ծավալներով որ նախատեսվում էր ռազմավարությունում և ծրագրում։ Փոխնախարարը նշեց, որ երկրորդ հիմնական միտումը վերականգնվող էներգետիկայի ուղղությունների՝ հատկապես և մասնավորապես արևային ֆոտովոլտային կայանքների ձևավորման և շահագործման հանձնվելու տեմպերն են։ «Այս տեմպերը լավ իմաստով ավելի հուսադրող են և ավելի մեծ, ինչը մեզ հնարավորություն է տալիս որոշակի ցուցանիշներ վերանայել՝ բարելավման կամ ավելի պոզիտիվ դարձնելու տրամաբանությամբ։ Հատկանշական է, որ մենք էներգետիկայի բնագավառում ռազմավարության մեջ արձանագրել ենք ցուցանիշներ, որոնք թղթակցվում են մեր միջազգային հարաբերություններով ամրագրված գործընթացներով։ Մենք այս պարագայում նոր ցուցանիշ ենք մտցնում 40 թվականի համար, և ոչ միայն ֆիզիկապես ֆիքսում ենք. նախ ֆիքսված 1000 ՄՎտ-ը փոխում ենք և ընդհանուր առմամբ արձանագրում ենք, որ մինչև 2000 ՄՎտ կունենանք վերանկանգնվող էներգետիկա: Դրա մեջ ուղիղ իմաստով հաշվարկված չէ նաև 2 ուղղություն. մեկ հիմնական ուղղություն՝ քամու վերականգնվող էներգետիկան, որը հիմա որոշակի ակտիվություն է դրսևորում, բայց միայն արևով մենք այդ ցուցանիշը կապահովենք, և 2-րդ՝ մենք մինչև 2030 և 2040 թվականները սահմանել ենք 50 և 60 տոկոս ցուցանիշներ արտադրված էներգիայի սպառման մեջ վերականգնվող էներգիայի տեսակարար կշռի մասով։ Սրանցից զատ՝ կա մի կարևոր հանգամանք, որը բերում է ռազմավարության մեջ ամրագրված ցուցանիշների փոփոխությանը. դա կուտակիչ կայանների հետ համակցումն է: Մենք մինչև հիմա արևային կայաններն ունեինք միանգամից ցանցի մուտքով և ուղիղ դեպի սպառում գնալու տրամաբանությամբ, ինչը տեխնոլոգիապես բավականին սահմանափակում էր հնարավորությունները: Հիմա արդեն կապված և՛ գնային փոփոխությունների, և՛ տեխնոլոգիաների ավելի հասանելի և մատչելի դառնալու պարագայի հետ, ինչպես նաև ազատ շուկայական համակարգը ներդնելու պարագայում հոսքերը կառավարելու հնարավորության ընձեռնման հետ՝ այդ կուտակիչների ներդրման առումով նույնպես հնարավորություն է տալիս ավելի դրական սպասումներ ունենալ, մասնավորապես, արևային և այլ վերականգնվող էներգետիկ աղբյուրների ներդրման հետ»,- նշեց Վաչե Տերտերյանը։
12:26 - 26 հոկտեմբերի, 2023
Կառավարությունը 2 միլիարդ 26 միլիոն դրամ է հատկացրել մարզպետարաններին՝ բռնի տեղահանվածների կարիքների համար. Տերտերյան |news.am|

Կառավարությունը 2 միլիարդ 26 միլիոն դրամ է հատկացրել մարզպետարաններին՝ բռնի տեղահանվածների կարիքների համար. Տերտերյան |news.am|

news.am: Կառավարությունը 2 միլիարդ 26 միլիոն դրամ է հատկացրել մարզպետարաններին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին՝ ասուլիսի ժամանակ, ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ խոսելով Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու գործընթացից: «Բաշխումը կատարվել է ըստ մարդկանց տեսակարար կշռի, որոնք տեղակայվել են այդ մարզում: Այդ գումարները տրամադրվել են մարզպետներին մի քանի ուղղությամբ՝ սննդի, հյուրանոցի կամ հյուրատան և որոշակի նպաստի տրամաբանության մեջ: Նպաստը դրամական չէ, այլ  կենցաղային ամենատարբեր առաջնային խնդիրներ լուծելու համար է, որովհետև  գաղտնիք չէ, որ մեր հայրենակիցները հայտնվել են այնպիսի վիճակում, որ գուցե կա կեցավայր, սակայն անհրաժեշտ մինիմալ կենցաղավարման պայմաններ չկան»,- ասաց նա: Փոխնախարարը նշեց, որ ստացվող հումանիտար օգնությունը իերնք պահեստավորում են, ստուգում պիտանելիությունը և ըստ կարիքների գնահատման՝ բաժանում մարզպետարաններին, վերջիններս էլ համապատասխանաբար համայնքներին:
17:32 - 21 հոկտեմբերի, 2023
Վաչե Տերտերյանը Համաշխրհային բանկի և SIDA-ի պատվիրակությունների  հետ քննարկել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագիրը

Վաչե Տերտերյանը Համաշխրհային բանկի և SIDA-ի պատվիրակությունների  հետ քննարկել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագիրը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը Համաշխրհային բանկի և SIDA-ի պատվիրակությունների  հետ քննարկել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի մանրամասները։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ ՏԿԵՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Համաշխարհային բանկի և SIDA-ի պատվիրակությունների ներկայացուցիչները Հայաստանում են՝ քննարկելու SIDA-ի դրամաշնորհային միջոցներով ֆինանսավորվող  «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» (Հայաստան, RESILAND) ծրագրի մանրամասները։                                 «Վաչե Տերտերյանն իր խոսքում նշել է, որ ամենատարբեր ժամանակներում Տարածքային կառավարման նախարարությունը Համաշխարհային բանկի հետ   բազմաթիվ  հաջողված ծրագրեր է իրագործել ջրամատակարարման, համայնքային զարգացման, ճանապարհաշինության և այլ որոտներում։ Նրա խոսքերով՝ ևս մի  ծրագրի շուրջ աշխատանքները կմեկնարկեն մոտ ժամանակներս։ ՏԿԵ նախարարի տեղակալը կարևորել է այն հանգամանքը, որ Համաշխարհային բանկը նմանատիպ ծրագրեր   իրականացրել է այլ երկրներում ևս, որտեղ հաստատապես եղել են լավ լուծումներ և հույս հայտնել, որ այդ երկրների  փորձառությունը շատ օգտակար կլինի  Հայաստանի համար։                                  Որքան էլ նախագիծն առնչվում է շրջակա միջավայրին, ՏԿԵ փոխնախարարի խոսքերով, ոչ պակաս կարևոր է այդ միջավայրի կառավարումն ու զարգացումը համայնքային ու մարզային համատեքստում։ Պատվիրակության ղեկավար, առաջադրանքի թիմի ղեկավար և բնապահպան  Ֆիսեհա Աբիսան իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ ներկայացնելով, որ իրենց առաքելության նպատակն է քննարկել ծրագրի շրջանակը, կառուցվածքը, բաղադրիչները, գնահատել ինստիտուցիոնալ կարողությունները։ Նա հույս է հայտնել, որ կհաջողվի նախագիծն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում։  Վաչե Տերտերյանը  և ՀԲ ներկայացուցիչը վստահություն են հայտնել, որ Համաշխարհային բանկի հետ բազմաոլորտ համագործակցությունը կլինի շարունակական»,- ասվում է նախարարության տարծած հաղորդագրության մեջ։
14:53 - 16 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանի հարձակման հետևանքով Հայաստանում վնասվել է 192 բնակելի տուն. գույքագրումը շարունակվում է


 |armenpress.am|

Ադրբեջանի հարձակման հետևանքով Հայաստանում վնասվել է 192 բնակելի տուն. գույքագրումը շարունակվում է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով նախնական տվյալներով Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 բնակելի տուն: Հրավիրված ասուլիսի ընթացքումՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ դրանցից 60-ն ամբողջությամբ վնասվել է: «Վնասվել են բնակելի տներ, օժանդակ կառույցներ, անասնապահական շինություններ, գյուղատնտեսական նշանակության գույք, վարչական շենքեր, հյուրատներ և այլն: Վնասվել են նաև ավտոմեքենաներ, այդ թվում՝ շտապօգնության ծառայության: Որոշ տեղերում ունեցել ենք հոսանքազրկումներ, որոնք շատ արագ վերականգնվել են: Այս պահին էլեկտրականության հետ կապված խնդիր ունենք Ներքին Շորժայի հատվածում: Հասկանալի պատճառով էլեկտրականության, կապի մատակարարումը այդ հատվածում դեռ չի վերականգնվել, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում կվերականգնվի»,-ասաց Վաչե Տերտերյանը:   Այլ կարգի ենթակառուցվածքային խնդիրներ՝ ճանապարհների փլուզում, ջրամատակարարման խափանումներ, չկան: Կան տարբեր խնդիրներ, որոնք ընթացքում շատ արագ կարգավորվում են: Վաչե Տերտերյանը նշեց, որ երեք մարզերում էլ ղեկավարությունը հետևում է իրավիճակին, համակարգում են աշխատանքները շուրջօրյա ռեժիմով: Որոշակի հնարավորության դեպքում ամբողջական գույքագրումը կիրականացվի շատ արագ: «Կստեղծվեն մասնագիտական հանձնախմբեր, որոնք տեղում ավելի մանրակրկիտ կհաշվառեն վնասները: Մեր քաղաքացիներն այդ առումով կարող են հանգիստ լինել: Եթե նույնիսկ որևէ բան բաց է մնացել, ապա համայնքների աշխատակազմերի միջոցով պատշաճ կարվի այդ աշխատանքը»,- ասաց Վաչե Տերտերյանը: Նա վստահեցրեց, որ ռազմական գործողությունների հետևանքով տուժած յուրաքանչյուր քաղաքացի լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:
14:05 - 15 սեպտեմբերի, 2022
Վաչե Տերտերյանը մասնակցել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստին

Վաչե Տերտերյանը մասնակցել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (#LEAD) ծրագրի ղեկավար հանձնաժողովի առցանց նիստին։ Նախարարությունը հայտնում է, որ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայաստանի կառավարության հետ համատեղ՝ նպատակ ունենալով Հայաստանում տեղայնացնել Եվրոպական միությունում լայնորեն կիրառվող համայնքային, գյուղական զարգացման LEADER մեթոդաբանությունը՝ մեկտեղելով տեղական իշխանությունների, մասնավոր հատվածի ու քաղաքացիական հասարակության դերակատարների ջանքերը և աջակցություն տրամադրելով համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող նախաձեռնությունների իրականացմանը: Հանդիպմանը մասնակցել են ՏԿԵՆ տարածքային կառավարման վարչության պետ Լուսինե Սիմոնյանը, Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ծրագրի շահառու պետական կառույցների, գործընկեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի մասնակիցներին ողջունել և արդյունավետ քննարկում է մաղթել Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը։ Նա ընդգծել է, որ ծրագրի մեկնարկը համընկել է Covid-19 համավարակի և պատերազմի հետ, ինչն էական ազդեցություն է ունեցել ծրագրի իրականացման ընթացքի վրա և ակնկալել է գործուն քայլեր՝ հետագա իրականացման տեմպը բարձրացնելու ուղղությամբ։ Նիստը համանախագահող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունելով հանդիպմանը ներկա գործընկեր կազմակերություններին՝ ընդգծել է ծրագրի կարևորությունը հյուսիսային երեք մարզում տարածքային համաչափ զարգացման ապահովման համատեքստում։ ՏԿԵ նախարարի տեղակալը համաձայնել է, որ համավարակը և պատերազմը որոշակի ազդեցություն ունեցել են ծրագրի իրականացման ընթացքի վրա, սակայն տեղական թիմերի հետ պարբերական հանդիպումները լավատեսություն են ներշնչում այն մասին, որ նրանք և LEAD-ի գործընկերները պատրաստ են ինտենսիվ աշխատանքի։ Վաչե Տետերյանը կարևորել է LEAD ծրագրի մեթոդաբանությունը Հայաստանում տեղայնացնելու գաղափարը և նշել, որ ծրագրի շրջանակում գրանցված արդյունքները կլինեն ուսուցողական և հնարավորություն կտան LEAD-ի փիլիսոփայությունը տարածել նաև այլ մարզերում։ Նիստում ծրագիրն իրականացնող գրասենյակների՝ Ավստրիական զարգացման գործակալության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի պատասխանատուները ներկայացրել են ծրագրի շրջանակում 2021թ․ ընթացքում գրանցած արդյունքները, ինչպես նաև 2022 թվականին նախատեսվող աշխատանքները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ղեկավար հանձնաժողովի հաջորդ նիստը գումարել ծրագրի ռազմավարական մոտեցումների օրակարգային հարցերով։
21:32 - 22 դեկտեմբերի, 2021
ՏԿԵ փոխնախարարը մասնակցել է ԱՊՀ պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով նիստին

ՏԿԵ փոխնախարարը մասնակցել է ԱՊՀ պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով նիստին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի 10-րդ նիստին։ Նիստն անցկացվել է առցանց ձևաչափով` Ուզբեկստանի Հանրապետության նախագահությամբ։ Մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել նիստը նախագահող, Ուզբեկստանի Հանրապետության տնտեսական զարգացման և աղքատության հաղթահարման նախարարի առաջին տեղակալ Խոլխուջաև Սաիդկահոր Մուհամմադկարիուղլին։ Օրակարգային հարցերի շրջանակում Վաչե Տերտերյանը ներկայացրել է ԱՊՀ պետությունների հետ միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից հաշվետու տարում իրականացված աշխատանքները։ ՏԿԵ նախարարի տեղակալն անդրադարձել է ինչպես հոկտեմբերին Երևանում անցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 8-րդ համաժողովի, համաժողովի շրջանակում աշխատանքային համատեղ խմբի աշխատանքներին, այնպես էլ ՌԴ նահանգների, Բելառուսի, Ուզբեկստանի և Հայաստանի ՏԻՄ-երի միջև համագործակցության աշխարհագրության ընդլայնման և փոխայցելությունների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքներին։ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է նաև առցանց հանդիպում՝ Ղազախստանի և Հայաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության հարցերի քննարկման նպատակով։ Խորհուրդն ի գիտություն է ընդունել հաշվետու տարում միջտարածաշրջանային համագործակցության ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՊՀ մասնակից մյուս պետությունների զեկույցները։ Քննարկումներ են ծավալվել օրակարգում ընդգրկված մյուս հարցերի շուրջ։ Նիստի արդյունքներով անդամ երկրները ստորագրել են արձանագրություն, հավանություն է տրվել խորհրդի 11-րդ նիստը Բելառուսի Հանրապետությունում անցկացնելու որոշմանը:
21:31 - 15 դեկտեմբերի, 2021
Կառավարությունը պատվիրակություն է գործուղում Փարիզ՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հարցերը քննարկելու

Կառավարությունը պատվիրակություն է գործուղում Փարիզ՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հարցերը քննարկելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 8-10-ը պատվիրակություն կգործուղի Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը ֆրանսիական կողմի հետ քննարկելու նպատակով: Այդ մասին հայտնում է e-gov.am կայքը: Հայկական պատվիրակության կազմում կլինեն ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: Ըստ վարչապետի  1391 – Ա որոշման՝ պատվիրակության անդամները գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ արտաքին գործերի նախարարություն պետք է ներկայացնեն հաշվետվություն Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ, իսկ ԱԳ նախարարը 5-օրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ:
23:21 - 07 դեկտեմբերի, 2021
ՀՀ ՏԿԵ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների արդյունքները

ՀՀ ՏԿԵ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների արդյունքները

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր առցանց ձևաչափով մասնակցել է ԵԽ ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի նիստի աշխատանքներին։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել գործընկերների հետ փորձի փոխանակման նման հնարավորության համար և բարձր գնահատել երկրում տեղական ժողովրդավարության զարգացմանն ուղղված ԵԽ աջակցությունը։   Ժողովրդավարական կառավարման խթանում փորձի փոխանակման միջոցով նիստի օրակարգային հարցի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների արդյունքները՝ որպես տեղական ժողովրդավարության բարելավմանն ուղղված Հայաստանի որդեգրած ուղղություններից մեկը։   Վաչե Տերտերյանը տեղեկություններ է տրամադրել Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի, ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումների, ՏԻՄ-երի ընտրական համակարգի և լիազորությունների, համայնքներում ներդրված նորարարական լուծումների մասին։   Փոխնախարարը նշել է, որ Հայաստանում ՏԻՄ ընտրության համամասնական ընտրակարգի անցումը, ՏԻՄ լիազորությունների և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը էականորեն բարձրացրել են ՏԻՄ ընտրությունների և տեղական իշխանությունների նկատմամբ քաղաքական հետաքրքրվածության մակարդակը։   Վ․ Տերտերյանի խոսքով՝ Հայաստանն ակտիվորեն գնում է համայնքներում կառավարման էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման ուղղությամբ, ինչն իր հերթին դրական է անդրադառնում ինչպես ՏԻՄ վարչարարության հաշվետվողական բարձրացման, այնպես էլ տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ամրապնդման վրա։   Փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է տեղական ժողովրդավարությանն ուղղված իր քաղաքականությունը և այս համատեքստում այսօրվա քննարկումը լավ հնարավորություն է այլ երկրների փորձին ծանոթանալու համար։   Նիստին իրենց երկրների փորձն են ներկայացրել նաև Ալբանիայի և Սլովակիայի Հանրապետությունների ներկայացուցիչները, որին հաջորդել է մասնակից պետությունների ներկայացուցիչների արձագանքները։ Մտքեր են փոխանակվել իրականացված ռեֆորմների շուրջ։
22:30 - 30 նոյեմբերի, 2021
Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքի փոխարեն կստեղծվի քաղաքապետի նոր տեղակալի հաստիք. Վաչե Տերտերյան

Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքի փոխարեն կստեղծվի քաղաքապետի նոր տեղակալի հաստիք. Վաչե Տերտերյան

Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց օրենքի նախագիծ, որն ԱԺ-ում ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Ըստ այդմ՝ Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքի փոխարեն կստեղծվի քաղաքապետի նոր տեղակալի հաստիք:  ««Երևանի գլխավոր ճարտարապետ» ինստիտուտի փոխարեն առաջարկում ենք ընդունել փոփոխություն, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանում կունենանք նոր տեղակալ, որը կզբաղվի այն խնդիրների լուծմամբ, որով զբաղվում էր Երևանի գլխավոր ճարտարապետը: Երևանի ճարտարապետը, ունենալով հայեցողական պաշտոն, զբաղվում էր ավելի շատ վարչական խնդիրների լուծումներով, այդ պարագայում իր դերակատարումը և իր մասնակցությունը որոշակի առումով իդենտիֆիկացվում էին իր մասնագիտական կամ ճարտարապետական մասնագիտական ճաշակի, ունակությունների հետ, ինչը որոշակի կոնֆլիկտ էր բերում կողմերի միջև: Առաջարկում ենք, որ այս խնդիրներով զբաղվի վարչական պաշտոնյան, ով իր իրավասությունների շրջանակում կարողանա համակարգել աշխատանքները»,- ասաց Տերտերյանը: Տերտերյանը նշեց, բոլոր համայնքներում, հատկապես Երևանում ճարտարապետական և քաղաքաշինական խնդիրները լուծվում են մասնագիտական կառույցների, խորհուրդների հետ աշխատանքային քննարկման արդյունքում: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ և փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու և արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ: Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երևան քաղաքում քաղաքապետի տեղակալի՝ որպես քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի համակարգողի առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Երևանի քաղաքապետին տրված իրավասությունները: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն: 
14:17 - 12 նոյեմբերի, 2021
Նոր նախագծով 500-ից պակաս բնակիչ ունեցող համայնքների վարչական ղեկավարները կարող են բարձրագույն կրթություն չունենալ |armenpress.am|

Նոր նախագծով 500-ից պակաս բնակիչ ունեցող համայնքների վարչական ղեկավարները կարող են բարձրագույն կրթություն չունենալ |armenpress.am|

armenpress.am: Համայնանքերի ավագանու նիստերի ավելի քան կեսից բացակայելու դեպքում անդամի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցվեն՝ օրենքի ուժով, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող համայնքների ղեկավարների համար բարձրագույն կրթություն ունենալու պահանջ չի սահմանվի: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: «Մենք ՏԻՄ օրենքում ամրագրել ենք, որ համայնքն իր պաշտոնական համացանցային կայքում ներբեռնման հնարավորությամբ պետք է պարտավոր լինի տեղադրել համայնքի 5-ամյա զարգացման ծրագիրը և դրա կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Երկրորդ փոփոխությամբ առաջարկում ենք, որ ավագանու նիստերի հետ կապված փաստաթղթերը ավագանու անդամներին նաև էլեկտրոնային եղանակով տրամադրվի: Երրորդը՝ մենք արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ նախատեսել ենք հնարավորություն՝ հրավիրելու ավագանու նիստերը նաև հեռավար եղանակով»,-ասաց Տերտերյանը: Առաջարկվում է նոր կետով լրացնել համայնքի ավագանու լիազորությունները սահմանող հոդվածը, որով համայնքի ավագանին կհաստատի նաև համայնքի տարեկան աշխատանքային պլանը: Վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանվել է, որ բոլոր համայնքները, որոնք դարձել են բնակավայր, պետք է ունենան վարչական ղեկավարներ: 500-ից պակաս հաշվառված բանկիչ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու հնարավորություն է տրվել խոշորացված համայնքի ավագանուն: Նաև ավագանին կորոշի տեղական ինքնակառավարման մարմինների և վարչական ղեկավարների նստավայրերը: «500-ից պակաս հաշվառված բնակիչներ ունեցող համայնքների վարչական ղեկավարների համար բարձրագույն կրթություն ունենալու անհրաժեշտությունը հանել ենք: Այսինքն՝ 500-ից պակաս բնակիչ ունեցող համայնքների վարչական ղեկավարները կարող են և չունենալ բարձրագույն կրթություն»,-ասաց Տերտերյանը: Անհարգելի պատճառով ավագանու նիստերի կամ քվեարկությունների կամ մշտական հանձնաժողովի նիստերի ավելի քան կեսից բացակայելու դեպքերն արձանագրվում էին գործող օրենքով, ավագանու կազմած արձանագրությամբ: «Մենք առաջարկել ենք դա փոխարինել՝ սահմանելով, որ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են օրենքի ուժով: Հաճախ այդ արձանագրությունը կազմել չի հաջողվում՝ այս կամ այն պատճառներով, և իրավական փակուղի ենք մտնում, որևէ բան չենք կարողանում անել՝ այդ խնդիրը լուծելու համար»- ասաց Տերտերյանը:
11:38 - 28 հոկտեմբերի, 2021
Ես չեմ լսել որեւէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով․ Վաչե Տերտերյան

Ես չեմ լսել որեւէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով․ Վաչե Տերտերյան

Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքները։ Խորհրդարանում քննարկվելու են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության, «Ֆինանսական համահարթեցման մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, եւ այլ հարցեր։ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը քննարկման թեմային չառնչվող մի հարց տվեց նախագծի զեկուցող, ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանին․ հարցը վերաբերում էր վերջին շրջանում հաճախ հիշատակված՝ «Վարչատարածքային բաժանաման մասին» օրենքին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս պնդել է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ ընդունված այդ օրենքի համաձայն են հստակեցվում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները։ Մինասյանը, մասնավորապես, դիմելով Վաչե Տերտերյանին, հարցրեց․ «Դուք երկար տարիներ եղել եք այն կառավարությունում, որը ոչ միայն հեղինակել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը՝ իր բոլոր փոփոխություններով, այլ եղել եք պատասխանատու այդ դիրքում։ Դուք լսել եք այն մեղադրանքները, թե իբր այդ օրենքով նկարագրված է ՀՀ պետական սահմանը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ․ Դուք այս տեսակետին կո՞ղմ եք, թե՞ ինքներդ էլ եք համարում, որ էդ օրենքով չէր կարող ՀՀ պետական սահմանի հարց քննարկվել»։ Տերտերյանն ի պատասխան նախ նշեց, որ ինքը եղել է ոչ միայն այն կառավարություններում, որոնք խոսել են վարչատարածքային փոփոխությունների մասին, այլ աշխատել են բոլոր այն կառավարությունների ժամանակ, որոնք վարչատարածքային բաժանման, եւ, ընդհանրապես, տեղական ինքնակառավարման հիմնադրման ժամանակից են․ «Ես էս ոլորտում ակտիվ աշխատել եմ 1996 թվականից։ Ես չեմ լսել որեւէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։ Ոչ ոք էդպիսի բան չի ասել, համենայն դեպս, իմ հիշողության մեջ էդպիսի բան չկա, ե՛ւ հին, ե՛ւ նոր ժամանակաշրջաններում»,- եզրափակեց Տերտերյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով այս օրենքի վերաբերյալ ընդդիմադիրների հիշատակմանը, ասաց, թե՝ նրանք չեն ժխտում, որ այդ օրենքն ընդունել են, կողմ ենք քվեարկել, որ Շուռնուխից այն կողմ Ադրբեջանն է․ «Չեն ժխտում, որ էդ օրենքը նախ եկել է պրոֆիլային հանձնաժողով, որտեղ նստած՝ առաջարկ չեն ներկայացրել, որ եկեք էդ Ադրբեջանը չգրենք, գրենք՝ Հայաստանի սահմանն ավարտվում է։ Չեն ժխտում, ասում են՝ դրանով Հայաստանի պետական սահմանը չի որոշվում։ Է, չի որոշվում՝ գրեիք Շվեյցարիան է գտնվում, ի՞նչ կլիներ, ավելի լավ չէ՞ր լինի։ Կարծում եք՝ ՀՀ քաղաքացիներին կարելի է էդպես մոլորեցնե՞լ»,- ասաց Ալեքսանյանը։ Այս ելույթին արձագանքելով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց, որ Վաչե Տերտերյանն իր պատասխանով գտնվեց մասնագիտական գործունեության բարեխղճության մակարդակում․ «Հուսով եմ՝ պարոն Տերտերյանի համար քաղաքական հետեւանքներ չեն լինի»։ Ապա, անդրադառնալով Ալեքսանյանի ելույթին, Վարդեւանյանն ասաց․ «Եթե գրված լիներ Շվեյցարիա, ցավոք, ոչինչ էլ չէր փոխվի, որովհետեւ եթե էդ բանաձեւն աշխատեր, առաջարկում եմ հենց հիմա բերենք օրենքի նախագիծ, հասնենք մինչեւ Ստամբուլ»։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում նկատեց․ «Անցնող մեկ տարին, հողատվության ընթացքը Սյունիքում, նույնիսկ հակառակ կապիտուլյացիոն հայտարարությանը, մեր զորքերը հետ քաշվեցին մեկ տասնյակից ավելի կմ-ով, թշնամուն հանձնվեցին հայկական բնակավայրեր, սյունեցի մեր հայրենակիցների սեփականությունը դավաճանաբար տվեցին ադրբեջանցուն։ Այդ ամենը իշխանությունը, վարչապետի պաշտոնը զբաղեցնողն արդարացնում էին 2010-ի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։ Այսօր Վաչե Տերտերյանն ասաց, որ այդ օրենքով չէր կարելի դա անել, դա հանցագործություն է։ Պարոն Տերտերյան, հիմա տեսնո՞ւմ եք՝ հայրենազրկումը, հողատվությունն ու դավաճանությունը ոնց են արդարացնում Ձեր ներկայացրած օրենքի նախագծով»,- ասաց Մանուկյանը՝ դիմելով Վաչե Տերտերյանին։
11:53 - 05 հոկտեմբերի, 2021
Կառավարությունը կապահովի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ երեխաների ամառային հանգիստը կկազմակերպվի  մանկական առողջարարական ճամբարներում

Կառավարությունը կապահովի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ երեխաների ամառային հանգիստը կկազմակերպվի  մանկական առողջարարական ճամբարներում

Այսօր կառավարությունն ընդունեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։  Ըստ նախագծի՝  ։  Ընտրվել են«Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ» և «ԼԱՎԱ Աղբյուր» մանկական առողջարարական ճամբարները։  Նախագծում նշվում է, որ երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում կազմակերպելու գործընթացի շրջանակներում երեխաներին տրանսպորտային միջոցներով ապահովվելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված է շուրջ 13 միլիոն դրամ գումար, սակայն ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված հաշվետվությունների համաձայն՝ փաստացի կատարված ծախսերը կազմում են շուրջ 14 միլիոն դրամ: Նախագիծը կառավարությունում ներկայացրեց  ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդարդառնալով ծրագրին, նշեց, որ այն պետք է իրականացվի բարձր մակարդակով։ Վարչապետի խոսքով միջոցառումը պետք է ունենա կրթական և հոգեբանական կոմպոնենտ, որպեսզի երեխաները լիցքավորված վերադառնան իրենց ընտանիքներ։ 
12:54 - 24 սեպտեմբերի, 2021
Խոշորացված համայնքների ավագանիների վարձատրություն չի նախատեսվում. հարցը դեռ կքննարկվի |armenpress.am|

Խոշորացված համայնքների ավագանիների վարձատրություն չի նախատեսվում. հարցը դեռ կքննարկվի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում վարչատարածքային բաժանման նախատեսվող փոփոխություններով խոշորացված համայնքների ավագանիների վարձատրություն չի նախատեսվում, սակայն ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը չի բացառում, որ կարող են այդ հարցին դեռ անդրադառնալ: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներում Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ավագանու անդամ Արա Մանուկյանը հետաքրքրվեց, թե արդյոք խոշորացվող համայնքներում ավագանիները վարձատրվելո՞ւ են: «Այս պահին մեր ներկայացրած տարբերակում ավագանիների վարձատրության գաղափարը դեռ չենք ներառել: Դա  քննարկվող թեմա է: Ես կտրուկ չեմ բացառում, որ դա չպետք է լինի: Մասնագիտական քննարկման հարթությունում և´ կողմ, և´ դեմ շատ փաստարկներ կան: Չեմ բացառում, որ ինչ-որ պահի դրան կանդրադառնանք»,- ասաց Տերտերյանը:
13:35 - 22 սեպտեմբերի, 2021
Ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացից |armenpress.am|

Ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացից. ՔՊ-ից պատգամավոր Վահե Ղալումյանը սրան բացասական է վերաբերում, ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ դա լավագույն լուծումը չի համարում: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներում Վահե Ղալումյանն ասաց. «Բազմիցս անդրադարձել և ուսումնասիրել ենք ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքների ճակատագիրը: Այս փուլում ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքները դուրս են մնացել խոշորացման գործընթացից, որին անձնապես ես բացասական եմ վերաբերում: Իմ կարծիքով, մենք ազգային փոքրամասնություններին լիարժեք ուշադրություն ենք դարձնում, և այդ համայնքները զարգանալու ավելի մեծ հնարավորություն կունենան խոշորանալու դեպքում»: Նա համոզված է, որ համայնքների նախաձեռնությամբ առաջիկայում անդրադառնալու են այդ խնդրին:   ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն էլ, խոսելով վարչատարածքային փոփոխությունների մասին, նշեց, որ 6 չմիավորված համայնքներ կունենանք, որոնցից մեկը կլինի Գյումրին, ևս 5-ը՝  ազգային փոքրամասնություններով կամ նրանց հետ խառը բնակեցված համայնքները, որոնց այս պահին չեն անդրադարձել: «Սա հատուկ խնդիր է: Եթե խոսքը համայնքների կառավարման մասին է, ապա անքննարկելի է, որ համայնքների կառավարման համար կառուցվածքը պետք է ունենա կառավարման իր տրամաբանությունը: Եթե խոսքը ազգային փոքրամասնությունների մշակութային կամ որևէ այլ տիպի մոտիվացիաներն ավելի ուշադիր տեսնելու մասին է, ինչը անկասկած անքննարկելի խնդիր է, ապա դրա լուծման տարբեր և ավելի գործնական մեխանիզմներ կան: Եվ այս համայնքներն ընդհանուր կառավարման տրամաբանությունից ուղղակի մեխանիկորեն դուրս պահելը, ըստ երևույթին, ամենալավ լուծումը չէ»,- ասաց Տերտերյանը: Ըստ նրա՝ այդ լուծումները կարող են լինել տարբեր՝ սկսած դիֆերենցված տեղական ինքնակառավարման համակարգ ներդնելուց, վերջացրած ենթաօրենսդրական կամ այլ տիպի կարգավորումներով:
12:45 - 22 սեպտեմբերի, 2021