Հայաստանում միայն արդյունաբերության ոլորտում է գրանցվել անկում, կլինեն հավելյալ միջոցառումներ․ Ֆինանսների նախարար
 |armenpress.am|
12:19 - 15 նոյեմբերի, 2023

Հայաստանում միայն արդյունաբերության ոլորտում է գրանցվել անկում, կլինեն հավելյալ միջոցառումներ․ Ֆինանսների նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում տնտեսական ակտիվության և աճի տեմպերը շարունակում են բարձր մնալ։

Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

Նրա խոսքով՝ երկնիշ տնտեսական աճը պահպանվել է նաև 2023 թվականի առաջին կիսամյակում, իսկ հունվար-սեպտեմբերի արդյունքներով գրանցվել է 9,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։

Այս պայմաններում 2023 թվականի տնտեսական աճը կանխատեսվում է կառավարության կողմից թիրախավորված 7 տոկոսի շրջանակներում։ Ներկա միտումների պահպանման պայմաններում կարող է ավելին լինել։

«2024 թվականին ևս թիրախավորում ենք ապահովել 7 տոկոս տնտեսական աճ և հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարելավում շուրջ 0,75 տոկոսային կետով, ինչի արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 միլիարդ դրամ՝ ավել լինելով 2023 թվականի ճշտված բյուջեի հարկային եկամուտներից 342 միլիարդ դրամով կամ 15,4 տոկոսով»,- ասաց Հովհաննիսյանը։

Նախարարը նշեց, որ չնայած տնտեսական աճի զգալի մասը ապահովել է ծառայությունների ճյուղը, բարձր աճ է գրանցվել նաև շինարարության ճյուղում։

«Միայն արդյունաբերության ոլորտում գրանցվել է անկում, որի աճի տեմպի վերականգնման ուղղությամբ կառավարությունը արդեն ջանքեր գործադրել է և առաջիկայում կլինեն հավելյալ միջոցառումները»,- նշեց Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ տնտեսությունում տեղի են ունեցել որակական տեղաշարժեր՝ մեծացնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական ներուժը։

« Մասնավորապես, արտահանման հնարավորությունները էապես մեծացել են, բավական տպավորիչ զարգացումներ կան նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,- ընդգծեց Հովհաննիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել