Դեսպան Խաչատրյանը ԵԽ Նախարարների կոմիտեին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղենշային սկզբունքները
22:37 - 22 նոյեմբերի, 2023

Դեսպան Խաչատրյանը ԵԽ Նախարարների կոմիտեին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղենշային սկզբունքները

Նոյեմբերի 22-ին կայացել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հանդիպումը: Այս մասին հայտնում են Եվրոպայի խորհրդում ՀՀ ներկայացուցչությունից:

Քաղաքական հարցերի քննարկման ժամանակ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը Նախարարների կոմիտեին ներկայացրել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լեռնային Ղարաբաղի հայերին վերաբերող նոյեմբերի 17-ի որոշման մանրամասները և Ադրբեջանի իրավական պարտավորությունները։

Դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Հայաստանի քաղաքական կամքը՝ ջանքեր գործադրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։

Հայաստանի դեսպանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 21-ին Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի հայկական կողմի թվով 6-րդ խմբագրությունը։

Դեսպանը ներկայացրել է հարաբերությունների կարգավորման ուղենշային սկզբունքները։ Անդրադարձել է Հայաստանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողների նոյեմբերի 6-8-ը Հայաստան իրականացրած այցին, որի արդյունքում ԵԽԽՎ համազեկուցողները նշել են, որ Հայաստանի իշխանության և բնակչության համերաշխության շնորհիվ Ադրբեջանի ռազմական հարձակումից և դրան նախորդած ինը ամսվա մեկուսացումից հետո Լեռնային Ղարաբաղի հայերը Հայաստանում գտել են արժանապատիվ կացարան և ստացել հրատապ օգնություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել