Ինչու է հանքարդյունաբերությունը անկում ապրում. պատժամիջոցներից մինչև անվտանգություն
 |hetq.am|
20:43 - 29 նոյեմբերի, 2023

Ինչու է հանքարդյունաբերությունը անկում ապրում. պատժամիջոցներից մինչև անվտանգություն |hetq.am|

hetq.am: Հայաստանում հանքարդյունաբերության ծավալները արդեն երրորդ տարին է՝ անկման միտում են գրանցում։ Կրճատվում է մասնավորապես պղնձի խտանյութի արտադրությունը, որը էական դեր ունի հանքարդյունաբերության մեջ։ Ոլորտում ձեռնարկությունների խնդիրները, ինչպես Թեղուտի պարագայում, անմիջապես և ուղիղ ազդեցություն են թողել արտադրանքի ծավալների վրա։ Պարբերաբար խնդիրների առաջ է կանգնում նաև Սոթքի ոսկու հանքավայրը։ 

Զուգահեռ նվազում է պղնձի խտանյութի արտահանումը Հայաստանից։

Անկումը սկսվել է 2021-ի կեսերից

Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ այս տարվա առաջին 9 ամիսներին (2023 հունվար-սեպտեմբեր)  հանքարդյունաբերության ծավալները Հայաստանում կազմել են 357 միլիարդ դրամ։ Այստեղ պետք է հասկանալ հիմնականում մետաղական հանքարդյունաբերությունը (339 միլիարդ դրամ), ինչպես՝ պղնձի, մոլիդբենի, ոսկու արդյունահանումը։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ամբողջ հանքարդյունաբերության ծավալները կրճատվել են 4.5%-ով։ 

Այս ցուցանիշը գուցե ուշադրության չարժանանար, եթե հանքարդյունաբերության անկում գրանցված չլիներ նաև 2022 թվականին՝ տարեկան 3.2%-ով, ինչպես նաև 2021-ին՝ 0.8%-ով։ Մինչդեռ դրան նախորդող առնվազն հինգ տարիներին հանքարդյունաբերության ծավալները աճել են՝ հիմնականում երկնիշ տեմպով։ Վերջին երկու տարիներին նվազում է նաև Հայաստանից պղնձի արտահանումը, որը Հայաստանի արտահանման առաջատար հորիզոնակններում է։ 

2021 թվականի օգոստոսից հանքարդյունաբերության ոլորտում սկսվել է անկումը և բացառությամբ մի քանի ամիսների՝ անկման միտումը շարունակվել է մինչև 2023-ի հունիս։ 

Այս ինֆոգրաֆիկայում հանքարդյունաբերության ծավալների ամսական փոփոխություններն են՝ յուրաքանչյուր ամիսը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ 

Վերջին մոտ երեք տարիներին ոլորտում ամենամեծ անկումը գրանցվել է 2022 թվականի մարտին։ Դրական դինամիկա է նկատվում 2023 թվականի հուլիսից։

2023 թվականի հունվար-սեպտեմբերին պղնձի խտանյութի արտադրությունը կրճատվել է 13.4%-ով. Թեղուտը՝ գլխավոր «մեղավորների» շարքում

Հանքարդյունաբերության ոլորտի անկման վրա էապես ազդում է պղնձի խտանյութի ծավալների կրճատումը։ Պղնձի խտանյութի ծավալները անգամներով գերազանցում են մյուս մետաղական հանածոներին, հետևաբար՝ այս ոլորտում տատանումները էական ազդեցություն են թողնում ընդհանուր հանքարդյունաբերության վրա։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 208 հազար տոննա պղնձի խտանյութ, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ 13.4%-ով կրճատվել է։ Համեմատության համար, նույն ընթացքում արտադրվել է 18 հազար տոննա մոլիբդենի խտանյութ՝ աճելով 6.4%-ով։ 

Ավելացել է նաև ավազի, ցինկի խտանյութի և հանքարդյունաբերության այլ ճյուղերի թողարկումը, սակայն դրանք «չեն փրկել» ոլորտի ընդհանուր պատկերը։

Ինչ վերաբերում է ոսկու արդյունահանման տվյալներին, ցավոք, Վիճակագրական կոմիտեն չի հրապարակում այս մասին առանձին տվյալներ, սակայն 2020 թվականից` 44-օրյա պատերազմից հետո Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքները պարբերաբար խաթարվում են, ինչն էլ ազդում է արդյունահանման և արտահանման ծավալների վրա։ 

«Աքսես» վերլուծական կենտրոնի  ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը հանքարդյունաբերության անկումը պայմանավորում է մի քանի հանգամանքով, որոնք կապված չեն միամյանց հետ։ Կան իրավիճակային պատճառներ, որոնք ընդհանուր չեն ամբողջ ոլորտի համար։

Դրանցից առաջինը Թեղուտի հանքավայրի աշխատանքների ժամանակավոր դադարեցումն է։ «Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը փոխկապակցված է ՎՏԲ բանկի հետ, որը Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով նախորդ տարվա կեսերից փաստի առաջ կանգնեց։ Պատժամիջոցների պատճառով Թեղուտից արտահանումը, հետևաբար՝ նաև արդյունահանումը խիստ սահմանափակվեց։ Որոշակի ամիսների հանքը չի աշխատել»,- «Հետք»-ի հետ զրույցում նշում է տնտեսագետը։ 

Մեր տեղեկություններով՝ Թեղուտի հանքավայրը այժմ շահագործվում է փոքր ծավալներով։ 

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հրապարակվող  իրական շահառուների հայտարարագրի, որը հրապարակվել է 10/03/2023-ին, «Թեղուտ» ՓԲԸ-ի 49.95 %-ի բաժնետերը ռուսաստանյան «ՎՏԲ Բանկ» ՓԲԸ-ն է։ 

«Հանքարդյունաբերության ծավալների վրա ազդեցություն են թողել նաև Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքների պարբերաբար դադարեցումները՝ սկսած 2020 թվականից։ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ նկրտումների պատճառով խափանվել է Սոթքի հանքավայրում ոսկու հանքաքարի արդյունահանումը, որը շղթայաբար բացասաբար է ազդել նաև Արարատի ոսկու կորզման գործարանի գործունեության վրա»,- նշում է Հայկազ Ֆանյանը։

Թեև 2022 թվականի տվյալներով՝ Հայաստանը կտրուկ մեծացրել է ոսկու արտահանումը, սակայն «Հետք»-ը պարզել էր, որ դա ոչ թե ի հաշիվ Հայաստանից արդյունահանված ոսկու է, այլ՝ Ռուսաստանից բերված և վերաարտահանված ոսկու։ 

Հայկազ Ֆանյանի խոսքով՝ հանքարդյունաբերական ձեռնարկություններում պարբերաբար արտադրական խնդիրներ են առաջ գալիս՝ վթարներ, աշխատանքների դադարեցումներ, իրավական գործընթացներ և այլն։ Դա ևս ազդել է արդյունաբերության ծավալների վրա։  Երբեմն նման խնդիրների առաջ է կանգնում նաև խոշոր հանքարդյունաբերող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ 

Նախորդ տարվա մարտին պարզ դարձավ, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում հարկերից խուսափելու դեպքեր են գրանցվել և իրավական գործընթացի արդյունքում ընկերությունը ստիպված եղավ 15 միլիարդ դրամ վճարել պետական բյուջե։  

ԶՊՄԿ-ն վերջերս էլ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ պարզվեց, որ ընկերության գլխավոր սեփականատրերից մեկը՝ ռուս հայտնի գործարար Գլեբ Տրոցենկոն հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ։ Գլեբ Տրոցենկոյի՝ ԱՄՆ սև ցուցակում հայտնվելը նշանակում է, որ նրան փոխկապակցված ընկերությունների համար ևս ամերիկյան կողմը «փակում է դռները»։ Սա էլ իր հերթին ենթադրում է, որ այն ընկերությունները կամ երկրները, որոնք հանքանյութ կգնեին ԶՊՄԿ-ից, ևս կարող էին հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ։ 

Սակայն ընկերությունից հայտարարեցին, որ Գլեբ Տրոցենկոն այլևս չի հանդիսանում ԶՊՄԿ-ի իրական շահառու՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ընկերությունում իր անուղղակի ամբողջ բաժնեմասի օտարումից հետո։  

Թե այս գործընթացները ինչպես են ազդել ընկերության աշխատանքների և թողարկման ծավալների վրա, դեռևս հայտնի չէ, քանի որ հունվար-նոյեմբերի վիճակագրական տվյալները հրապարակված չեն։

Հայաստանի հանքարդյունաբերության վրա անվտանգային խնդիրների բացասական հետևանքների մասին է նշում նաև ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն Սոթքի ոսկու հանքավայրին և այն շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանն է վերաբերում, այլև՝ այն ընկերություններին, որոնց համար հանքահումքը սահմանային գոտիներով տեղափոխելու խնդիրներ են առաջացել։ 

«Հանքարդյունաբերության ոլորտում նաև նոր էական ներդրումներ չեն կատարվում։ Ընկերությունները նոր «երակներ» չեն բացում, նոր տեխնոլոգիաներ չեն ներդրվում, որոնք պետք է նպաստեին արտադրողականության աճին։ Դա վերաբերում է ոչ միայն ԶՊՄԿ-ին, այլև՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին, «Ախթալայի ԼՀԿ»-ին։ Չեն վերազինվում»,- նկատում է տնտեսագետը։

Նա հիշեցնում է, որ հանքարդյունաբերական ընկերությունները նաև հարկերի նվազում են գրանցում։ Հայաստանի խոշորագույն հարկատուն՝ ԶՊՄԿ-ն, այս տարվա առաջին ինն ամիսների տվյալներով՝ (2023թ. հունվար-սեպտեմբեր) պետական բյուջե է վճարել 52.4 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ Չնայած առաջատարի դիրքին՝ հանքարդյունաբերողի հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 2.5 անգամ։

Ինչ վերաբերում է Թեղուտին, ըստ Պարսյանի՝ ի սկզբանե հանքավայրի պղնձի պարունակությունը գերագնահատվել է։ Ըստ նրա՝ նաև դա է պատճառը, որ հանքը մեծ թափով չի աշխատում։

2023-ի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվող պղնձի խտանյութի քանակը 28%-ով կրճատվել է

Մաքսային ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 147 հազար տոննա պղնձի խտանյութ, որը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ կրճատվել է մոտ 58 հազար տոննայով կամ 28%-ով։

Այս տարվա առաջին կիսամյակում արտահանված պղնձի խտանյութի մաքսային ընդհանուր արժեքը կազմել է 228 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ նվազել է 138 մլն դոլարով կամ մոտ 38%-ով։ 

Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում արտահանված մեկ տոննա պղնձի խնատնյութի միջին արժեքը կազմել է 1790 ԱՄՆ դոլար, ապա այս տարվա առաջին կիսամյակում՝ 1554 դոլար։ Այսինքն՝ ոչ միայն արտահանման ֆիզիկական ծավալներն են կրճատվել, այլև՝ գինն է նվազել։ 

Էապես կրճատվել է դեպի Շվեյցարիա և Բուլղարիա արտահանումը: Մասնավորապես, եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Բուլղարիա արտահանվել է 79 հազար տոննա պղնձի խտանյութ, ապա այս տարվա նույն կիսամյակում այն կազմել է ընդամենը 20 հազար տոննա։ 

Հանքարդյունաբերողների արտահանումների վերաբերյալ Մաքսային ծառայության տարեկան տվյալները ցույց են տալիս, որ Բուլղարիա պղինձ է արտահանում հիմնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և քիչ քանակով՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն։ 

Ինչ վերաբերում է Շվեյցարիային, ապա այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է ընդամենը 4 հազար տոննա պղնձի խտանյութ՝ նախորդ տարվա 50 հազար տոննայի դիմաց։ Հայաստանից Շվեյցարիա պղինձ է արտահանում «Թեղուտ» ընկերությունը։ Այստեղ նաև հարկ  է նշել, որ եթե 2021 թվականի ընթացքում «Թեղուտ»-ը Հայաստանից մոտ 90 հազար տոննա պղնձի խտանյութ է արտահանել, ապա 2022-ին՝ ընդամենը 13 հազար տոննա։ Սա ևս խոսում է այն մասին, որ Թեղուտի հանքից արտահանվող պղնձի խտանյութի քանակը կտրուկ կրճատվել է։ 

Հայաստանից պղնձի խտանյութ են արտահանում ոչ միայն ԶՊՄԿ-ն ու «Թեղուտ» ՓԲԸ-ն, այլև՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։  

Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել