Թեղուտ

Թեղուտը գյուղ է Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 70 կմ հյուսիս-արեւելք։ Գյուղը տեղակայված է Դեբեդի վտակ Շնող գետի աջ ափին, Ալավերդի քաղաքից 18 կմ հեռավորության վրա՝ լեռնային անտառոտ վայրում։

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ եւ բանջարաբուծությամբ, մի մասն աշխատում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում: Թեղուտում կան երկնագույն փիրուզի, պղնձի եւ մոլիբդենի պաշարներ։

Ինչու է հանքարդյունաբերությունը անկում ապրում. պատժամիջոցներից մինչև անվտանգություն
 |hetq.am|

Ինչու է հանքարդյունաբերությունը անկում ապրում. պատժամիջոցներից մինչև անվտանգություն |hetq.am|

hetq.am: Հայաստանում հանքարդյունաբերության ծավալները արդեն երրորդ տարին է՝ անկման միտում են գրանցում։ Կրճատվում է մասնավորապես պղնձի խտանյութի արտադրությունը, որը էական դեր ունի հանքարդյունաբերության մեջ։ Ոլորտում ձեռնարկությունների խնդիրները, ինչպես Թեղուտի պարագայում, անմիջապես և ուղիղ ազդեցություն են թողել արտադրանքի ծավալների վրա։ Պարբերաբար խնդիրների առաջ է կանգնում նաև Սոթքի ոսկու հանքավայրը։  Զուգահեռ նվազում է պղնձի խտանյութի արտահանումը Հայաստանից։ Անկումը սկսվել է 2021-ի կեսերից Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ այս տարվա առաջին 9 ամիսներին (2023 հունվար-սեպտեմբեր)  հանքարդյունաբերության ծավալները Հայաստանում կազմել են 357 միլիարդ դրամ։ Այստեղ պետք է հասկանալ հիմնականում մետաղական հանքարդյունաբերությունը (339 միլիարդ դրամ), ինչպես՝ պղնձի, մոլիդբենի, ոսկու արդյունահանումը։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ամբողջ հանքարդյունաբերության ծավալները կրճատվել են 4.5%-ով։  Այս ցուցանիշը գուցե ուշադրության չարժանանար, եթե հանքարդյունաբերության անկում գրանցված չլիներ նաև 2022 թվականին՝ տարեկան 3.2%-ով, ինչպես նաև 2021-ին՝ 0.8%-ով։ Մինչդեռ դրան նախորդող առնվազն հինգ տարիներին հանքարդյունաբերության ծավալները աճել են՝ հիմնականում երկնիշ տեմպով։ Վերջին երկու տարիներին նվազում է նաև Հայաստանից պղնձի արտահանումը, որը Հայաստանի արտահանման առաջատար հորիզոնակններում է։  2021 թվականի օգոստոսից հանքարդյունաբերության ոլորտում սկսվել է անկումը և բացառությամբ մի քանի ամիսների՝ անկման միտումը շարունակվել է մինչև 2023-ի հունիս։  Այս ինֆոգրաֆիկայում հանքարդյունաբերության ծավալների ամսական փոփոխություններն են՝ յուրաքանչյուր ամիսը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։  Վերջին մոտ երեք տարիներին ոլորտում ամենամեծ անկումը գրանցվել է 2022 թվականի մարտին։ Դրական դինամիկա է նկատվում 2023 թվականի հուլիսից։ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին պղնձի խտանյութի արտադրությունը կրճատվել է 13.4%-ով. Թեղուտը՝ գլխավոր «մեղավորների» շարքում Հանքարդյունաբերության ոլորտի անկման վրա էապես ազդում է պղնձի խտանյութի ծավալների կրճատումը։ Պղնձի խտանյութի ծավալները անգամներով գերազանցում են մյուս մետաղական հանածոներին, հետևաբար՝ այս ոլորտում տատանումները էական ազդեցություն են թողնում ընդհանուր հանքարդյունաբերության վրա։  Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 208 հազար տոննա պղնձի խտանյութ, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ 13.4%-ով կրճատվել է։ Համեմատության համար, նույն ընթացքում արտադրվել է 18 հազար տոննա մոլիբդենի խտանյութ՝ աճելով 6.4%-ով։  Ավելացել է նաև ավազի, ցինկի խտանյութի և հանքարդյունաբերության այլ ճյուղերի թողարկումը, սակայն դրանք «չեն փրկել» ոլորտի ընդհանուր պատկերը։ Ինչ վերաբերում է ոսկու արդյունահանման տվյալներին, ցավոք, Վիճակագրական կոմիտեն չի հրապարակում այս մասին առանձին տվյալներ, սակայն 2020 թվականից` 44-օրյա պատերազմից հետո Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքները պարբերաբար խաթարվում են, ինչն էլ ազդում է արդյունահանման և արտահանման ծավալների վրա։  «Աքսես» վերլուծական կենտրոնի  ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը հանքարդյունաբերության անկումը պայմանավորում է մի քանի հանգամանքով, որոնք կապված չեն միամյանց հետ։ Կան իրավիճակային պատճառներ, որոնք ընդհանուր չեն ամբողջ ոլորտի համար։ Դրանցից առաջինը Թեղուտի հանքավայրի աշխատանքների ժամանակավոր դադարեցումն է։ «Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը փոխկապակցված է ՎՏԲ բանկի հետ, որը Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով նախորդ տարվա կեսերից փաստի առաջ կանգնեց։ Պատժամիջոցների պատճառով Թեղուտից արտահանումը, հետևաբար՝ նաև արդյունահանումը խիստ սահմանափակվեց։ Որոշակի ամիսների հանքը չի աշխատել»,- «Հետք»-ի հետ զրույցում նշում է տնտեսագետը։  Մեր տեղեկություններով՝ Թեղուտի հանքավայրը այժմ շահագործվում է փոքր ծավալներով։  Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հրապարակվող  իրական շահառուների հայտարարագրի, որը հրապարակվել է 10/03/2023-ին, «Թեղուտ» ՓԲԸ-ի 49.95 %-ի բաժնետերը ռուսաստանյան «ՎՏԲ Բանկ» ՓԲԸ-ն է։  «Հանքարդյունաբերության ծավալների վրա ազդեցություն են թողել նաև Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքների պարբերաբար դադարեցումները՝ սկսած 2020 թվականից։ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ նկրտումների պատճառով խափանվել է Սոթքի հանքավայրում ոսկու հանքաքարի արդյունահանումը, որը շղթայաբար բացասաբար է ազդել նաև Արարատի ոսկու կորզման գործարանի գործունեության վրա»,- նշում է Հայկազ Ֆանյանը։ Թեև 2022 թվականի տվյալներով՝ Հայաստանը կտրուկ մեծացրել է ոսկու արտահանումը, սակայն «Հետք»-ը պարզել էր, որ դա ոչ թե ի հաշիվ Հայաստանից արդյունահանված ոսկու է, այլ՝ Ռուսաստանից բերված և վերաարտահանված ոսկու։  Հայկազ Ֆանյանի խոսքով՝ հանքարդյունաբերական ձեռնարկություններում պարբերաբար արտադրական խնդիրներ են առաջ գալիս՝ վթարներ, աշխատանքների դադարեցումներ, իրավական գործընթացներ և այլն։ Դա ևս ազդել է արդյունաբերության ծավալների վրա։  Երբեմն նման խնդիրների առաջ է կանգնում նաև խոշոր հանքարդյունաբերող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։  Նախորդ տարվա մարտին պարզ դարձավ, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում հարկերից խուսափելու դեպքեր են գրանցվել և իրավական գործընթացի արդյունքում ընկերությունը ստիպված եղավ 15 միլիարդ դրամ վճարել պետական բյուջե։   ԶՊՄԿ-ն վերջերս էլ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ պարզվեց, որ ընկերության գլխավոր սեփականատրերից մեկը՝ ռուս հայտնի գործարար Գլեբ Տրոցենկոն հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ։ Գլեբ Տրոցենկոյի՝ ԱՄՆ սև ցուցակում հայտնվելը նշանակում է, որ նրան փոխկապակցված ընկերությունների համար ևս ամերիկյան կողմը «փակում է դռները»։ Սա էլ իր հերթին ենթադրում է, որ այն ընկերությունները կամ երկրները, որոնք հանքանյութ կգնեին ԶՊՄԿ-ից, ևս կարող էին հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ։  Սակայն ընկերությունից հայտարարեցին, որ Գլեբ Տրոցենկոն այլևս չի հանդիսանում ԶՊՄԿ-ի իրական շահառու՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին ընկերությունում իր անուղղակի ամբողջ բաժնեմասի օտարումից հետո։   Թե այս գործընթացները ինչպես են ազդել ընկերության աշխատանքների և թողարկման ծավալների վրա, դեռևս հայտնի չէ, քանի որ հունվար-նոյեմբերի վիճակագրական տվյալները հրապարակված չեն։ Հայաստանի հանքարդյունաբերության վրա անվտանգային խնդիրների բացասական հետևանքների մասին է նշում նաև ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն Սոթքի ոսկու հանքավայրին և այն շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանն է վերաբերում, այլև՝ այն ընկերություններին, որոնց համար հանքահումքը սահմանային գոտիներով տեղափոխելու խնդիրներ են առաջացել։  «Հանքարդյունաբերության ոլորտում նաև նոր էական ներդրումներ չեն կատարվում։ Ընկերությունները նոր «երակներ» չեն բացում, նոր տեխնոլոգիաներ չեն ներդրվում, որոնք պետք է նպաստեին արտադրողականության աճին։ Դա վերաբերում է ոչ միայն ԶՊՄԿ-ին, այլև՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին, «Ախթալայի ԼՀԿ»-ին։ Չեն վերազինվում»,- նկատում է տնտեսագետը։ Նա հիշեցնում է, որ հանքարդյունաբերական ընկերությունները նաև հարկերի նվազում են գրանցում։ Հայաստանի խոշորագույն հարկատուն՝ ԶՊՄԿ-ն, այս տարվա առաջին ինն ամիսների տվյալներով՝ (2023թ. հունվար-սեպտեմբեր) պետական բյուջե է վճարել 52.4 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ Չնայած առաջատարի դիրքին՝ հանքարդյունաբերողի հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 2.5 անգամ։ Ինչ վերաբերում է Թեղուտին, ըստ Պարսյանի՝ ի սկզբանե հանքավայրի պղնձի պարունակությունը գերագնահատվել է։ Ըստ նրա՝ նաև դա է պատճառը, որ հանքը մեծ թափով չի աշխատում։ 2023-ի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվող պղնձի խտանյութի քանակը 28%-ով կրճատվել է Մաքսային ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 147 հազար տոննա պղնձի խտանյութ, որը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ կրճատվել է մոտ 58 հազար տոննայով կամ 28%-ով։ Այս տարվա առաջին կիսամյակում արտահանված պղնձի խտանյութի մաքսային ընդհանուր արժեքը կազմել է 228 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ նվազել է 138 մլն դոլարով կամ մոտ 38%-ով։  Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում արտահանված մեկ տոննա պղնձի խնատնյութի միջին արժեքը կազմել է 1790 ԱՄՆ դոլար, ապա այս տարվա առաջին կիսամյակում՝ 1554 դոլար։ Այսինքն՝ ոչ միայն արտահանման ֆիզիկական ծավալներն են կրճատվել, այլև՝ գինն է նվազել։  Էապես կրճատվել է դեպի Շվեյցարիա և Բուլղարիա արտահանումը: Մասնավորապես, եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Բուլղարիա արտահանվել է 79 հազար տոննա պղնձի խտանյութ, ապա այս տարվա նույն կիսամյակում այն կազմել է ընդամենը 20 հազար տոննա։  Հանքարդյունաբերողների արտահանումների վերաբերյալ Մաքսային ծառայության տարեկան տվյալները ցույց են տալիս, որ Բուլղարիա պղինձ է արտահանում հիմնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և քիչ քանակով՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն։  Ինչ վերաբերում է Շվեյցարիային, ապա այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է ընդամենը 4 հազար տոննա պղնձի խտանյութ՝ նախորդ տարվա 50 հազար տոննայի դիմաց։ Հայաստանից Շվեյցարիա պղինձ է արտահանում «Թեղուտ» ընկերությունը։ Այստեղ նաև հարկ  է նշել, որ եթե 2021 թվականի ընթացքում «Թեղուտ»-ը Հայաստանից մոտ 90 հազար տոննա պղնձի խտանյութ է արտահանել, ապա 2022-ին՝ ընդամենը 13 հազար տոննա։ Սա ևս խոսում է այն մասին, որ Թեղուտի հանքից արտահանվող պղնձի խտանյութի քանակը կտրուկ կրճատվել է։  Հայաստանից պղնձի խտանյութ են արտահանում ոչ միայն ԶՊՄԿ-ն ու «Թեղուտ» ՓԲԸ-ն, այլև՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ն և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։   Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
20:43 - 29 նոյեմբերի, 2023
Թեղուտի հանքավայրը կաշխատի պոչամբարի պատվարի ամրացումից և պատրաստի արտադրանքի մատակարարման նոր շղթաների կառուցումից հետո |hetq.am|

Թեղուտի հանքավայրը կաշխատի պոչամբարի պատվարի ամրացումից և պատրաստի արտադրանքի մատակարարման նոր շղթաների կառուցումից հետո |hetq.am|

hetq.am: ««Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեությունը դադարեցված չէ»: Այսպես է արձագանքել«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն` պատասխանելով մեր հարցերին, թե ինչու են դադարեցվել Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները: Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ «Թեղուտ» ՓԲԸ-ն հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ մասշտաբային պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2022թ. մարտի 14-ից դադարեցվում է Թեղուտի լեռնահանքային համալիրի հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը: Վլադիմիր Նալիվայկոն այնուհետև պարզաբանել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի լեռնահարստացման կոմբինատը նախագծային փաստաթղթերի համապատասխան իրականացնում է պոչամբարի պատվարի ամրացման աշխատանքներ: Ներկա պահին ավարտված է պոչամբարի պատվարի կայունության ամրացման աշխատանքների առաջին փուլը, և սկսվել են երկրորդ փուլի աշխատանքները: Ընդհանուր առմամբ իրականացվել է պոչամբարի պատվարի` 1 մլն տոննա ծավալով բեռնում` բացահանքից բերված ժայռային ապարներով: Այս աշխատանքների շարունակման համար անհրաժեշտ է հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքի դադարեցում: «Այս պահին անհրաժեշտ է կատարել պոչամբարից ստացվող ջրի հավաքիչի խողովակաշարի ուժեղացման ամրանային և բետոնային աշխատանքներ, ինչը հնարավոր չէ իրականացնել առանց հարստացուցիչ ֆաբրիկայում հանքաքարի վերամշակման աշխատանքների դադարեցման: Բետոնային խառնուրդի ամրությունը պետք է դառնա առնվազն 50 %, որից հետո կարելի է հեռացնել կաղապարամածը և անցնել հավաքիչի հակադարձ լցմանը և պոչամբարի պատվարի ամրացման հետագա աշխատանքներին»,- մանրամասնել է գլխավոր տնօրեն Նալիվայկոն: Ընկերությունը նախատեսում էր դադարեցնել հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը և իրականացնել նշված աշխատանքը 2022թ. մայիս-հունիս ամիսներին, սակայն աշխարհում քաղաքական-տնտեսական նոր իրավիճակի պատճառով խախտվել է արտադրանքի ապրանքների` սպառողներին մատակարարման լոգիստիկ շղթան, այդ պատճառով այն, ըստ տնօրենի, պետք է վերակառուցել: Ստեղծված հանգամանքներից ելնելով` «Թեղուտ» ՓԲԸ-ն որոշել է դադարեցնել հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը, ճշգրտել է պոչամբարի պատվարի ամրացման և վերանորոգման-վերականգնողական աշխատանքների իրականացման իր ծրագիրը` որոշելով նշված աշխատանքներն իրականացնել ընթացիկ տարվա մարտին: Մեր հարցադրմանը, թե քանի աշխատակից կգտնվի հարկադիր պարապուրդի մեջ, տնօրենը հստակ թիվ չի նշել.  «Վերանորոգման-վերականգնողական աշխատանքներում և ԼՀԿ պահպանության մեջ չներգրավված անձնակազմը կհամարվի ոչ աշխատողի մեղքով պարապուրդի մեջ գտնվող` ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխան հարկադրված պարապուրւդում գտնվելու ժամանակահատվածի վճարմամբ»: Շարունակությունը՝ hetq.am-ում
12:06 - 16 մարտի, 2022
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդլայնման նախագիծ է ներկայացվել |hetq.am|

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդլայնման նախագիծ է ներկայացվել |hetq.am|

hetq.am: «Թեղուտ» ՓԲԸ-ն Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը շահագործվում է 2013 թվականի փետրվարի 20-ի օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի հիման վրա։ Թույլտվության գործողության ժամկետը սահմանվել է 2026թ. փետրվարի 8-ը: Լեռնահատկացման մակերեսը կազմում է 1544.6 հա: Մինչ այժմ ընկերությունն արդյունահանել է առաջին հերթի բացահանքը, այժմ ուզում է արդյունահանել երկրորդ հերթի բացահանքը։ Երկրորդ հերթի ընդլայնված բացահանքի համար հայցվող տարածքը ներառված է արդեն իսկ տրամադրված լեռնահատկացման ակտով սահմանազատված տարածքում: Լեռնահատկացման ակտի սահմաններից դուրս նոր հողերի օտարում չի կատարվելու: Երկրորդ հերթի ընդլայնված բացահանքի շինարարության և շահագործման ընթացքում կխախտվի լեռնահատկացման ակտով սահմանազատված շուրջ 76 հա տարածք, որտեղ, ըստ նախնական գնահատման, առկա է անտառային դարչնագույն հողերի շուրջ 380 հազ. խմ բերրի շերտ: Հիշեցնենք, որ Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով՝ «Թեղուտ» ՓԲԸ-ին 50 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրվել է բացահանքի տակ ընկնող 200.9 հա տարածքը: Նախատեսվող գործունեությունն իրականացվելու է այդ տարածքի սահմաններում: Երկրորդ հերթի ընդլայնվող բացահանքի համար հայցվող տարածքները ներառված են պետական կառավարման լիազոր մարմինների հետ համաձայնեցված և «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից հատվելիք 357 հա անտառածածկ տարածքների սահմաններում: Անտառածածկ լրացուցիչ տարածքներ ընդլայնված բացահանքի շինարարության և շահագործման ընթացքում չեն խախտվելու: Ընդլայնվող բացահանքը գտնվում է Թեղուտ բնակավայրի մոտակա բնակելի շինություններից մոտ 1.65 կմ հեռավորության վրա: Հեռավորությունը մինչև Շնողի վտակ՝ Խառատանոց գետ, 1.1 կմ է: Արևելքից բացահանքը սահմանակցում է Դուքանաձոր գետակի հետ: Գետի հունի և ընդլայնվող բացահանքի վերջնական եզրագծի միջև հեռավորությունն ընդամենը 60 մ է: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:11 - 01 սեպտեմբերի, 2021
«Թեղուտ» ՓԲ ընկերությունը դատի է տվել նախարար Սուրեն Պապիկյանին |armtimes.com|

«Թեղուտ» ՓԲ ընկերությունը դատի է տվել նախարար Սուրեն Պապիկյանին |armtimes.com|

armtimes.com: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքը շահագործող «Թեղուտ» ՓԲ ընկերությունը դատի է տվել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Ընկերությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի 11.02.2021թ. զգուշացումը: Հայցը ներկայացվել է ապրիլի 22-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանին: «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Միքայել Վարդգեսյանն ասաց, որ Սուրեն Պապիկյանի կողմից ընկերությանը զգուշացում էր ուղարկվել այն մասին, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն, ի հեճուկս նախարարության պահանջի, չէր ներկայացրել իրական սեփականատիրոջ, մասնավորապես՝ գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի վերաբերյալ տեղեկատվություն: Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:13 - 23 ապրիլի, 2021
Գյուղացիները փակել են «Թեղուտ» ՓԲԸ մտնող ճանապարհը |hetq.am|

Գյուղացիները փակել են «Թեղուտ» ՓԲԸ մտնող ճանապարհը |hetq.am|

hetq.am: Այսօր՝ ժամը 12։00-ի սահմաններում, շուրջ 100 թեղուտցիներ հավաքվել էին «Թեղուտ» ՓԲԸ-ի առաջին անցակետի մոտ։ Նրանք պահանջում էին կա՛մ վերադարձնել իրենց հողերը, կա՛մ աշխատատեղ ապահովել, որպեսզի իրենք էլ կարողանան աշխատել Թեղուտի հանքը շահագործող ընկերությունում։   Շուրջ 2 ժամ առաջ նրանք փակեցին «Թեղուտ» ՓԲԸ մտնող ճանապարհը։ Գյուղացիները պահանջում են նաև շրջակա միջավայրն աղտոտելու, իրենց տնտեսությանը վնասներ հասցնելու համար Թեղուտի և Շնողի թոշակառուներին վճարել 40 հազար դրամ նպաստ, ինչպես, օրինակ, վճարում են Սյունիքի մարզի Արծվանիկի պոչամբարի հարակից համայնքի բնակիչներին։  Գյուղացիները դեռևս հավաքված են նույն տեղում։ Նրանց մոտ է նաև Շնողի համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։ Թումանյանի ոստիկանապետ Արտակ Գուրջանյանը նույնպես տեղում է, նա հորդորում է գյուղացիներին բացել ճանապարհը՝ ասելով, որ ընկերությունում դեռևս ազատ աշխատատեղեր չկան։ 
17:19 - 24 օգոստոսի, 2020
Վտանգավոր գոտի

Վտանգավոր գոտի

Հայաստանի Հանրապետությունում, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության,  կա 23 պոչամբար՝ գործող և կոնսերվացված։ Որպես կանոն, պոչամբարների տարածքը նախընտրում են չցանկապատել, որպեսզի ծրագրով նախատեսված տարածքների սահմաններից դուրս գալու պարագայում չֆիքսվի անօրինականությունը։ Տարիներ շարունակ ուսումնասիրելով պոչամբարները և հարակից տարածքները՝ գալիս ես այն եզրակացության, որ քեզ հարազատ լանդշաֆտները, ծառերն ու թփերը ժամանակի ընթացքում անհետանում են՝ ծածկվելով պոչանքով։ Հարակից համայնքերի բնակիչները երբեմն չեն էլ նկատում, թե ինչպես է մեծանում պոչամբարը, և միայն ժամանակ առ ժամանակ նկարահանելով պոչամբարները՝ նկատելի է դառնում տարածքի փոփոխությունը։ Մեր իրականացրած հետազոտությամբ փորձել ենք  բացահայտել, թե որ պոչամբարն ունի ցանկապատ, որ ընկերությունն է պատրաստվում թարմացնել պաշտպանիչ շերտը, և որ ընկերությունն է պատրաստակամ պատասխանել առաջադրված հարցերին։   1․ Լոռի, «Թեղուտ» ՓԲԸ, Թեղուտի պոչամբար   9 գործող պոչամբարներից միայն  Թեղուտի պոչամբարն է, որ ունի ցանկապատ, անհամեմատ ավելի մեծ տարածք զբաղեցնող, քան բուն պոչամբարի տարածքն է, որը,  սակայն որևէ վթարի դեպքում չի պաշտպանելու բնակչությանը վտանգներից։ 16,4 մլն խ/մ ծավալով 53 հա տարածքով Թեղուտի պոչամբարը, ըստ ծրագրի,  պետք է դառնա 260 հա։ Թեղուտ ՓԲԸ-ն դեռևս 2019թվականի սեպտեմբեր ամսին հաղորդագրություն տարածեց, որ  եռամսյա  ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ  է իրականացնելու պոչամբարի տեխնիկական վիճակը հասկանալու համար։ 2020 թվականի մարտ 3-ի մեր հարցմանը Թեղուտ ՓԲԸ-ն  չպատասխանեց, միայն ասացին՝ երբ զեկույցը պատրաստ լինի՝ հանրությանը կտեղեկացնեն։   2․ Լոռի, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ, «Նահատակի» պոչամբար   13,7 հա տարածքով Նահատակի պոչամբարի պատվարը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը պարբերաբար բարձրացնում է, թեև խոստացել էին, որ այլևս պոչամբար թափոններ չեն լցնի։ Մի քանի ամիս է, ինչ հանրային պահանջի արշավ էր ընթանում Ալավերդիում և հարակից բնակավայրերում, որպեսզի գնահատվեն առողջապահական, նյութական և բնապահպանական վնասները, որից հետո պիտի տրվի կոնկրետ փոխհատուցում տուժած քաղաքացիներին։  Պետք է նշել, որ չեխական Առնիկա կազմակերպության հետազոտությունները վեր հանեցին լրջագույն խնդիրներ ծանր մետաղների կոնցենտրացիաների գերազացման վերաբերյալ։Ախթալայի Լեռնահարստացման կոմբինատի արտաքին կապերի և բնապահպանության պետ Գագիկ Շահնազարյանը մեր հարցմանը պատասխանել է, որ պոչամբարը ցանկապատված է փշալարով կենդանիների և մարդկանց մուտքն արգելելու նպատակով։ Սակայն մեր նկարահանման պահին էլ ոչխարներն անարգել ջուր էին խմում պոչամբարից։      Փետրվարի 25-ին Մեծ Այրում համայնքի մոտ տեղի ունեցավ հանրային պահանջի արշավ դեպի Նահատակի պոչամբար,  նկատելի էին նոր տեղադրված փշալարեր, որոնք 2019 թվականի հոկտեմբեր ամսին բացակայում էին։ Տեղադրված փշալարերը խոչընդոտ չեն ո՛չ կենդանիների, ո՛չ էլ հարակիչ համայնքների երեխաների մուտքը տարածք արգելելու համար։ Ընկերությունը նաև բնակիչների ահազանգին արձագանքնել է, որ  երկար տարիներ է՝ շահագործում են պոչամբարը, սակայն չեն նկատել դեպքեր, երբ այն դարձել է խաղահրապարակ երեխաների համար։ Ընկերությունը հավաստիացնում է, որ պոչմաբարը ռեկուլտիվացնելու է չոր պոչերի արտադրամասի արտադրական  ամբողջ ծավալի՝ շահագործման մեջ մտնելուց հետո, ինչը նախատեսված է  կատարել մինչև 2023 թ։ Այդ ընթացքում այն ծառայելու է որպես ռեզերվային պոչամբար։ Սակայն այժմ փորձ է կատարվել բարձրացնել պոչամբարի պատնեշը։ Մեծ Այրում համայնքից դեպի Ալավերդի գնացող ճանապարհին կարող ենք ականատես լինել ճանապարհին թափված  դատարկ ապարների կույտերի, թթվային դրենաժի ջրերի, որոնք անարգել հոսում են Դեբեդ գետ։ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի  պատասխանում գրված է, որ ընկերությունը ճանապարհին թափված դատարկ ապարները պարբերաբար մաքրում է։ Էկոլուրը տեղեկացնում է, որ 2018-ին ընկերության գործունեության  պատճառված վնասները, ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, հաշվարկվել է 5․1մլ դրամ,  աղտոտվել է 200 քառ մետր հողային տարածք, վարչական տուգանքը կազմել է 200 000 դրամ,  ջրային ռեսուրսի  թույլատրվածից ավելի օգտագործման համար տուգանվել է մոտավորապես 3 մլն դրամ։ Մթնոլորտային օդի աղտոտման համար՝ 1․մլն 933 000 դրամ, իսկ վարչական տուգանքը կազմել  է 350 000 դրամ։ 3․ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ, Մղարթի պոչամբար   1,3 հա  տարածքով Մղարթի պոչամբարը  շահագործում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը։ Ընկերության գլխավոր երկրաբան Պողոսյանը տեղեկացնում է, որ Մղարթի պոչամբարը  և ֆաբրիկայի տարածքը 2 հա մակերեսով ցանկապատված է մետաղալարյա ցանցով դեռևս 2005 թվականից: Նոր նախագծով նախատեսվում է կատարել ցանկապատի ընթացիկ նորոգումներ։ Ռեկուլտիվացիոն ծրագրերը պատրաստվում են ըստ ծրագրի իրականացնել, երբ պոչամբարը կլցվի։ «Ըստ նախագծի՝ պոչամբարի պերիմետրով կտնկվեն ծառեր, իսկ ընդհանուր մակերևույթում կկատարվեն ռեկուլտիվացիոն աշխատանքներ: Կլցվի որոշակի հումուսացված 10-15սմ  հաստությամբ հողի շերտ և կցանվի խոտաբույսերի սերմ»,-պատասխանել է երկրաբան Նելսոն Պողոսյանը:   Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեղեկացմամբ` Մուլտի Գրուպ կոնցեռն ընկերությանը տուգանել են 100 000 դրամով:   4․ Արագածոտնի մարզ, «Մեգո Գոլդ» ՍՊԸ, Թուխմանուկի պոչամբար   Մելիքգյուղի 0,6 հա տարածքով 2 պոչամբարներն արդեն 3 տարի է` չեն շահագործվում, ինչպես նաև չի շահագործվում ոսկու հանքավայրը: 2019 թ դեկտեմբերի 3-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դադարեցրեց «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի գործունեությունը, սակայն լիցենզիան չի դադարեցվել, փոխարենը ընկերությունը դիմել է նոր  շահագործման թույլտվություն ձեռք բերելու համար, որը, սակայն, մերժվել է։ Պոչամբարի տարածքում մշտապես հերթապահում է անվտանգության աշխատակիցը, սակայն պոչամբարի տարածքը ցանկապատված չէ, իսկ հարակից տարածքում կովեր են արածում։ «Մեգո Գոլդ» ՍՊԸ–ն սնանկ է ճանաչվել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պատասխանել են, որ ընդերքի մասին օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ եթե ընդերք օգտագործողը սահմանված ժամկետում չի կատարում նախագծով կամ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված բնապահպանական, այդ թվում՝ ռեկուլտիվացիոն աշխատանքները, ապա լիազոր մարմինը գրավոր ծանուցման միջոցով պահանջում է սահմանած ժամկետում իրականացնել նշված միջոցառումները, իսկ նշված պահանջը չկատարելու դեպքում լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցների հաշվին ձեռնարկում է  նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները՝ այդ մասին նախապես ծանուցելով ընդերքօգտագործողին։     Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ Մելիքգյուղի համայքապետարան վճարվելիք  226 հա հողի վարձակալության դիմաց 42 մլն դրամ հարկերի հարցը կարող է կարգավորվել «Սնանկության մասին»  օրենքով։ «Մեգո Գոլդ» ՍՊԸ –ն պետությանը պետք է  22 517 318 դրամ վճարի։ Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին նախատեսված է եղել՝ ընդհանուր հատկացումներ- 3 մլն 70  հազար դրամ, նախնական հատկացումներ՝ 460 0000, դրամ,  ընթացիկ հատկացումներ՝ 435 հազար դրամ։ 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ  շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարված է 2 325 հազար դրամ։ 5․ Արարատի մարզ, Արարատի ցիանային պոչամաբար   195 հա տարածք զբաղեցնող Արարատի ցիանային պոչամբարը Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարն է․ տարածքին մոտենալու համար պետք է հաղթահարել անվտանգության աշխատակիցների արգելքները, ինչը գրեթե անհնար է։ Թռչնի թռիչքի բարձրությունից ակնհայտ երևում է, որ պոչամբարի տարածքը, թեև անհասանելի է  մարդկանց համար, սակայն կենդանիների համար վտանգ է ներկայացնում։ 15 մլն խորանարդ մետր պոչանքով տարածքի կողքին բնականոն գործունեություն են ծավալում 79 հա ձկնաբուծական լճերը։  2020թ հունվարի 15-ին մեր՝ շահագործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին ուղղված հարցերն այն մասին, թե ինչ ստուգումներ են իրականացրել պոչամբարում, հարակից լճերում, ձկնային պաշարների մեջ, մնացին անպատասխան։ Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրականացրած հետազոտության համաձայն՝ հողի 52 նմուշներում արսենի, կադմիումի, պղնձի սահմանված թույլատրելի կոնցենտրացիաները զգալիորեն բարձր են, քան ընդունված է միջազգային ստանդարտներում։ 6․ Սյունիքի մարզ, «Չաարատ Կապան» ՓԲԸ, Գեղանուշի պոչամբար   1962 թվականին շահագործման հանձնված, 32 հա տարածքով Գեղանուշի պոչամբարում սովետակական տարիներին եղել է վթար։  2018 թ․-ին նախորդ շահագործողի «Պոլիմետալ» ընկերության  պոչամբարի պատվարն ամրացնելու վերաբերյալ պատրաստված և փորձաքննության ներկայացված նախագիծը ՇՄ նախարարությունը վերադարձրել է ընկերությանը թերի լինելու պատճառով։ Գեղանուշի պոչամբարը շահագործող «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն տեղեկացրեց․ «Գեղանուշի պոչամբարը տեխնիկական որևէ խնդիր չունի։ Ներկայում իրականացվում է պատվարի ամրացման ծրագիրը, ինչը սակայն չի ենթադրում, որ պատվարը տվյալ պահին անվտանգ չէ։ Անվտանգության բարձրացման նպատակով արվում է ավելին, քան նախատեսված է և նշված ծրագիրն իրականացվում է հետագա շահագործման ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու համար  (եթե իհարկե որևէ խնդիր կառաջանա)։ Ըստ տվյալ նախագծի նախատեսվում է աշխատանքներ իրականացնել պատվարի կայունությունն ապահովվելու և ջրի մաքրման համակարգի բարելավման ուղղությամբ, որի աշխատանքներին ընկերությունը ներգրավվել է նաև միջազգային հեղինակավոր խորհրդատվական ընկերության»։      «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն  պոչամբարի ցանկապատման անհրաժեշտության մասին  հարցմանը պատասխանել է․ «Գեղանուշի պոչամբարը, որպես թափոնների կուտակման համար նախատեսված օբեկտ ունի մեխանիկական պաշտպանիչ գոտի և հաշվի առնելով, որ այդ տարածքով է անցնում նաև համայնքային նշանակության ճանապարհ, նշված  գոտին հիմնականում կահավորված է հողապատնեշի շերտով։ Հողապատնեշն արգելք է հանդիսանում ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների և մեքենաների համար»։ Ընկերությունը տեղեկացնում է  նաև, որ ներկայում պատվարի ամրացման ծրագրի իրականացմանը զուգահեռ նախատեսվում է պոչամբարի պաշտպանիչ գոտու տարածքը հագեցնել նմանատիպ այլ մեխանիկական արգելքներով։ Ընկերությունը փաստացի հաստատում է, որ տարածքը ցանկապատ չէ, իսկ հողաշերտը բավարար  խոչընդոտ չէ մարդկանց և կենդանիների համար։   2019 թվականի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատասխան նամակում գրված է, որ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն տուգանվել է 200 000 դրամով, իսկ բնությանը հասցված վնասը կազմել է 13 933 040  դրամ։ Ընկերությունը մեկնաբանել է, որ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 1-ը  Ընկերության կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափաքանակից  ավել փոշի մթնոլորտ արտանետելու  համար, ինչն ընկերությունը վճարել է։   7․ Սյունիք, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ Դարամազ և Հովիտ պոչամբարներ   «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 3 պոչամբարներից և որևէ մեկը չունի ցանկապատ։ Հովիտ 1 և 2 պոչամբարները 45,3 հա են, չունեն պաշտպանիչ շերտ, փոշին մշտապես բարձրանում օդ՝ աղտոտելով հարակից բնակավայրերը:   Ագարակի ՊՄԿ-ն պարբերաբար պոչանքը լցնում է Արաքս գետ, որը հոսում է դեպի Իրան։  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացրեցին, որ ընկերությունն ունի  պարզվածքը գետ լցնելու թույլտվություն։ Փոխարենը Ոստիկանությունից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական։ 2019թ․ նոյեմբերի 14-ին «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ կողմից  խախտվել է վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի և թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի գրավոր պահանջով նշված տարածքային բաժին են ուղարկվել «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկայի պոչուկային տեղամասից պոչանքի՝ դեպի Արաքս գետ հոսելու, աղտոտելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի, այնուհետև դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենները։    «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»ը  չպատասխանեց և ոչ մի հարցի։ 2019թվականի տվյալների համաձայն Ագարակի ՊՄԿ-ի տնտեսական գործունեության հետևանքով Բնապահպանության և Ընդերքի տեսչական մարմնի տեղեկացմամբ շրջակա միջավայրին հասցվել է 1,007,584 դրամ վնաս, իսկ վարչական տուգանքը կազմել է 200 000 դրամ։ Ագարակի ՊՄԿ-ի գործունեության  վերաբերյալ, հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն։ Տեսչությունը, սակայն, չի մեկնաբանում, թե շրջակա միջավայրին հասցված վնասը  ինչպիսի բնույթ  է կրում։ 8․ Սյունիքի մարզ, ԶՊՄԿ, Արծվանիկի պոչամբար   Արծվանիկի 330 հա զբաղեցնող պոչամբարը, ծրագրի համաձայն, կդառնա 390 հա:  Այս տարածքները որ կադրում ֆիկսվել են 6 տարի անց ծածկվելու են պոչանքով։ Հայաստանի ամենամեծ պոչամբարը չունի ցանկապատ, 2016 թվականից ընդլայնվում է պոչամբարի տարածքը ծանր տեխնիկան համայնքներին պատկանող վարելահողերը հարթեցնում է պոչանքը տեղավորելու համար։ Զանգեզուրի պղնձամոլիբդնային կոմբինատը մեր հարցմանը և հեռախոսազանգերին չի պատասխանում։ Փոխարենը Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը մեկնաբանեց, որ ԶՊՄԿ-ն ամրացման աշխատանքներ է իրականացնում պոչամբարի տարածքում, հավաստիացրեց, որ 9 բալ երկրաշարժին դիմակայելու է, իսկ պոչամբարի տարածքից հեղուկ մասսան պոմպերով դուրս է բերվելու։ Դեռևս 2019 թվականին հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած վթարի պատճառով  աղտոտվել էր Ողջի գետը։ Բնապահպահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ տնտեսական  գործունեության հետևանքով շրջակա միջավայրին, մասնավորապես ,ջրային ռեսուրսներին հասցված վնասը կազմել է  382,431,552 դրամ, ինչի հետևանքով  փոխհատուցման պահանջ է ներկայացվել ընկերության 3 պաշտոնատար անձանց, իսկ  վարչական տուգանքը հաշվարկվել է 550 000 դրամ։ Որպես ամփոփում նշենք, որ պետական մարմինները չեն պարտադրում  ցանկապատել պոչամբարների տարածքը, այն որպես բարի կամքի դրսևորում իրականացնում են հանքարդյունաբերող ընկերությունները։ Բարի կամքի դրսևորում է նաև հանրային հաշվետու ու թափանցիկ գործելաոճը, եթե ընկերությունը ցանկություն չունի հարցմանը պատասխանելու, ապա միակ տարբերակը մնում է  դատական կարգով տեղեկատվության ազատության  մասին օրենքի շրջանակներում պահանջել  բացատրություն և հետամուտ լինել գործի քննությանը, ինչը ժամանակատար, սակայն անհրաժեշտ գործողություն է։   Վտանգավոր գոտի «Nebezpečná zóna» ֆիլմի չեխերեն տարբերակը Ֆիլմը պատրաստվել է «Կանաչ Հայաստան» Բնապահպանական, Կրթական ՀԿ-ի կողմից Չեխիայի արտաքին գործերի նախարարության և Nesenuti կազմակերպության աջակցությամբ։
16:58 - 27 հուլիսի, 2020
«Թեղուտի» պոչամբարի վերաբերյալ զեկույցն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել

«Թեղուտի» պոչամբարի վերաբերյալ զեկույցն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ «Թեղուտ Մայնինգ» ՓԲԸ-ի պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցի ուսումնասիրության նպատակով ստեղծվում է աշխատանքային խումբ: Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. «Թեղուտ Մայնինգ» ՓԲ ընկերության պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցի ուսումնասիրության նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի: 2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 1) կազմակերպել աշխատանքային խմբի աշխատանքները. 2) երկշաբաթյա պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին»: Աշխատանքային խմբում ընդգրկված է 16 անձ:
12:26 - 11 մայիսի, 2020
«Թեղուտ» ՓԲԸ-ի ճնշումների պատճառով Շնողի և Թեղուտի 4 ընտանիք փաստաբանին խնդրել է Եվրոպական դատարանից հետ վերցնել հայցադիմումները |hetq.am|

«Թեղուտ» ՓԲԸ-ի ճնշումների պատճառով Շնողի և Թեղուտի 4 ընտանիք փաստաբանին խնդրել է Եվրոպական դատարանից հետ վերցնել հայցադիմումները |hetq.am|

hetq.am: «Թեղուտ» ՓԲԸ պղնձամոլիբդենային հանքավայրը պահանջում է Թեղուտի աշխատակիցներից հետ վերցնել սեփականության և գույքային իրավունքների ոտնահարման մասին հայցերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից: «Հակառակ դեպքում ընկերության ղեկավարները սպառնում են դիմումատուներիս հեռացնել աշխատանքից»,- ասաց հողատերերից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը: Շնողի և Թեղուտի 4 ընտանիք Եվրոպական դատարան դիմելու գործով փաստաբան Կարեն Թումանյանից խնդրել է հետ վերցնել իրենց հայցադիմումները: Հիշեցնենք, որ տարվա սկզբին փաստաբանը Եվրոպական դատարանից ստացել է 8 շահած գործ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: «Ընկերության ղեկավարները վերջերս անհատապես հանդիպումներ են ունենում աշխատողների հետ, և նրանց ենթարկում են ճնշումների: Գյուղացիները գալիս, մեզ ասում են «Թեղուտ» ՓԲԸ-ն իրենց գործից հանում է»,- ասաց Կարեն Թումանյանը: Վերջինս դիմումատուների համաձայնությունը չունենալու պատճառով անուններ չհրապարակեց, սակայն նշեց, որ նրանցից ոմանք ուզում են իրենց հայցերից հրաժարվել, որովհետև ընտանիքի որևէ անդամ աշխատում է ընկերությունում, որտեղ նրանց աշխատանքից ազատելու սպառնալիքով ճնշում են: Կարեն Թումանյանը հողատերերի նկատմամբ ճնշումը որակում է ակնհայտ ապօրինի: Նա հայցերը հետ պահանջող գյուղացիներին բացատրել է, որ իրենց գործերը ընթացքի մեջ են և չի կարող գործընթացի կեսից հանել: Իսկ ընկերության ղեկավարներին զգուշացրել է, որ հողատերերին աշխատանքից ազատելու համար լրացուցիչ գործ կներկայացնի Եվրոպական դատարան:«Թեղուտ» ՓԲԸ-ի դիմումատուներին սպառնալու մասին «Հետք»-ը սեպտեմբերի 17-ի Վանաձորի ասուլիսում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Գիտեք, ես այդքան մանրամասն չեմ տիրապետում, բայց կարող եմ ասել, որ Թեղուտի հանքի վերաբերյալ ես շփումներ եմ ունեցել ՎՏԲ բանկի նախագահ պարոն Կոստինի հետ: Նա շատ լուրջ մարդու տպավորություն է թողել: Եվ ըստ էության այն պայմանավորվածությունները, որ բանավոր ձևով մենք ձեռք ենք բերել, բոլորը իրագործել է: Ես համոզված եմ նաև, որ այս հարցի վերաբերյալ ձեռք բերված ահազանգերը լսելուց հետո ՎՏԲ բանկը պատասխանատու որոշում կկայացնի, կուսումնասիրի իրավիճակը: Եթե հարցը մեզ էլ կհասնի, մենք էլ կնայենք և կփորձենք օգնել»,- պատասխանեց վարչապետը:Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում հաղթած 8 գործերը նոր հանգամանքի հիմք են հանդիսացել: Այդ հիմքով իրենց սեփականության և գույքային իրավունքները պաշտպանելու գանգատներ է ներկայացրել Շնողի և Թեղուտի ևս 58 ընտանիք: Փաստաբանը, այդ գործերը հիմք ընդունելով, ներպետական դատարաններին դիմել է նոր գործերի վերաբացման համար: Գործերը ներկայացված են ընդհանուր իրավասության, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում: Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել ներկայացրած բոլոր գործերը: Շարունակությունը՝ hetq.am-ում
06:09 - 19 սեպտեմբերի, 2019
Թեղուտի պոչամբարի անվտանգությունը Շրջակա միջավայրի նախարարության տիրույթում չէ |hetq.am|

Թեղուտի պոչամբարի անվտանգությունը Շրջակա միջավայրի նախարարության տիրույթում չէ |hetq.am|

hetq.am: Շրջակա միջավայրի նախարարությունը Թեղուտի պոչամբարի հարցում անելիքներ չունի: Այսպիսի եզրակացության կարելի է հանգել` կարդալով Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված մեր գրավոր հարցման պատասխանը: «Հետքը» Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին գրավոր հարցում էր ուղարկել` նշելով, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Վարդան Արամյանը «Հետք»-ին տված 2018թ.-ի օգոստոսի 20-ի հարցազրույցում հայտնել էր, որ Թեղուտի պոչամբարի տեխնիկական անվտանգության ցուցանիշները չեն համապատասխանում ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափանիշներին: Այժմ Թեղուտի հանքավայրը կրկին շահագործման է պատրաստվում:Նախարար Գրիգորյանին խնդրել էինք հայտնել, թե` Շրջակա միջավայրի նախարարության կողմից գնահատվե՞լ է Թեղուտի պոչամբարի վիճակը վերջին շրջանում: նախարարության մասնագետները կատարե՞լ են որևէ ուսումնասիրություն` պարզելու, թե շահագործման պարագայում պոչամբարն արդյոք անվտանգ է լինելու, կամ կա՞ն ռիսկային գործոններ, որոնք կարող են սպառնալ շրջակա միջավայրին: Եթե կատարվել էին մասնագիտական ուսումնասիրություններ, ապա խնդրել էինք տրամադրել եզրակացությունների կրկնօրինակները: «Վարչապետի 2018թ. Հունիսի 11-ի N 745-L որոշմամբ, Շրջակա միջավայրի նախարարությանը պոչամբարի տեխնիկական անվտնագության ցուցանիշների (վիճակի) գնահատում և շահագործման անվտանգությունը պարզելու իրավասություններ վերապահված չեն: Արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության կազմակերպումը վերապահված է արտակարգ իրավիճակների նախարարությանը»,- նախարար Գրիգորյանին ուղղված հարցմանը պատասխանել է Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը: Վարչապետը նշված որոշմամբ ընդամենը հաստատել է Շրջակա միջավայրի նախարարության (նախկին` ԲՆ) կանոնադրությունը, որի որևէ կետով, ըստ նախարարության, իրենք պարտավորություններ չունեն: Ավելին՝ hetq.am-ում
06:57 - 27 հուլիսի, 2019
«Թեղուտի» ծրագրով անտառապատման գործընթացում չարաշահումներ են եղել. ՀՀ գլխավոր դատախազություն

«Թեղուտի» ծրագրով անտառապատման գործընթացում չարաշահումներ են եղել. ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունում Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակում իրականացված անտառածածկույթի հատմամբ հասցված վնասի հատուցման պետական ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքում հայտանբերված չարաշահումներոբ քրգործ է հարուցվել: Դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության 2007թվականի որոշմամբ թույլատրվել է Լոռու մարզի գյուղական համայնքների վարչական սահմաններում, ինչպես նաև վարչական սահմաններից դուրս գտնվող մոտ 357 հեկտար անտառային ծածկույթի հատումը: Իսկ ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարներին հանձնարարվել էր հաստատել անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագիր` դրանում նախատեսելով նաև հատված անտառային ծածկույթին համարժեք ծառատունկի իրականացում և նոր տնկված ծառերով տարածքը պահպանում և խնամում: ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարների 2008-ի փետրվարի համատեղ հրամաններով կանոնակարգվել է անտառային ծածկույթի հատման, ինչպես նաև անտառային տնտեսությանը հասցված վնասի հատուցման գործընթացը: Դրա շրջանակում 2012-ի հուլիսի 27-ին «Թեղուտ» ՓԲԸ-ի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է պայմանագիր, որով ՊՈԱԿ-ը պարտավորվել է 2012-2015-ին 431.6 մլն դրամի դիմաց 315 հա տարածքում կատարել ցանկապատման, անտառ-մշակույթների հիմնման՝ անտառապատման, անտառ-մշակույթների ագրոտեխնիկական խնամքի, խոտհունձի և լրացման աշխատանքներ: Անտառապատման և խնամքի աշխատանքների կատարման վերաբերյալ վերահսկողության իրականացման պարտականությունը դրվել է ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների վրա: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից 2012-2015-ի կազմած փաստաթղթերի համաձայն` ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից ստուգվել են վերոհիշյալ պայմանագրի շրջանակներում Վանաձորի և Սպիտակի անտառպետությունների՝ ընդհանուր 132 հա տարածք ընդգրկող երեք տարբեր հատվածներում 2012-2015-ին կատարված սերմնաբուսակների տնկման, ցանկապատման և ագրոտեխնիկական խնամքի աշխատանքները, որոնք համարվել են կատարված և դրա դիմաց «Թեղուտ» ՓԲԸ-ից «Հայանտառ» ՊՈԱԿ-ին փոխանցվել է մոտ 114.5 մլն դրամ: Մինչդեռ, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2018-ի սեպտեմբերի 4-ին և 2019-ի ապրիլի 9-ին իրականացված դիտարկում-ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ նշված տարածքներում տնկված ծառատեսակների զգալի մասը չի պահպանվել, մյուս մասն ամբողջությամբ չորացել է և մեծ քանակությամբ տնկարկներ վնասվել են տերևակեր վնասատուներով: Այդ հանգամանքները վկայում են, որ նշված տարածքներում պայմանագրով նախատեսված անտառապատման, ինչպես նաև անտառ-մշակույթների ագրոտեխնիկական խնամքի աշխատանքները ընդհանրապես չեն կատարվել կամ կատարվել են մասնակի: Այսպիսով, ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, առերևույթ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2012-2015-ի աշխատանքների կատարման կարգագիր ակտերում իրականությանը չհամապատասխանող, ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ են մտցրել մոտ 114.5 մլն դրամ անտառապատման, ագրոտեխնիկական խնամքի աշխատանքները կատարված լինելու վերաբերյալ` պետության համար առաջացնելով ծանր հետևանք: Իսկ ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների պաշտոնատար անձինք առերևույթ ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով 2012-2015-ին չեն կատարել հրամանով և պայմանագրով իրենց վրա դրված վերահսկողության պարտականությունը, ինչի հետևանքով պետության համար առաջացրել են ծանր հետևանքներ: Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:   ՀՀ գլխավոր դատախազություն
12:49 - 26 հուլիսի, 2019
Թեղուտի հանքը վերագործարկելու համար 5 մլն դոլար կպահանջվի. «Թեղուտ» ՓԲԸ տնօրեն |hetq.am|

Թեղուտի հանքը վերագործարկելու համար 5 մլն դոլար կպահանջվի. «Թեղուտ» ՓԲԸ տնօրեն |hetq.am|

«Հետք»-ի հարցերին պատասխանում է «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանը:-Այս պահին «Թեղուտ» ՓԲԸ-ն ինչպե՞ս է կառավարվում: -ՎՏԲ բանկի կողմից ձևավորվել է տնօրենների կառավարման խորհուրդ: Խորհրդի նախագահը գործարար Նորիկ Պետրոսյանն է: Տնօրենների խորհուրդը նշանակել է «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավար կազմ: Այստեղ գլխավոր տնօրեն է նշանակվել Վլադիմիր Նալիվայկոն: Նա աշխատել է Ռուսաստանի հանքարդյունաբերության ոլորտի տարբեր ընկերություններում: Ես նշանակվել եմ ընկերության գործադիր տնօրեն: Մենք աշխատում և ընկերության ստրատեգիական բոլոր հարցերը համաձայնեցնում ենք տնօրենների խորհրդի հետ:-Դուք «Թեղուտ» ՓԲԸ-ի իրավահաջորդ համարվում ե՞ք:-Այո, մենք «Թեղուտ» ՓԲԸ-ի իրավահաջորդն ենք: Դուք գիտեք, որ Շնող համայնքի բնակիչները տարբեր դատական ատյաններում հողի հետ կապված հայցեր ունեն «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ: Այդ բոլոր հայցերի իրավահաջորդը մենք ենք: -Նախկին ղեկավարները դեռ նախորդ տարվա օգոստոսին ասել են, որ ընկերության ձախողման պատճառը միջազգային շուկայում պղնձի գների կտրուկ անկումը և պոչամբարի վթարային վիճակն է:-Ձախողման պատճառը հարկային մեծ բեռն էր, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն չկարողացավ փակել: Պղնձի 2015-2016թթ. միջազգային գինը հիմնականում 4500, 4800 դոլար էր (1 տոննան-հեղ.), հետո բարձրացավ 5,5 հազար դոլարի: Միջազգային շուկայում պղնձի 6 500 դոլար գինը կնպաստեր ընկերության շահութաբերությանը, և այդ գումարները կուղղվեին վարկերի սպասարկմանը: 2017թ. պղնձի միջազգային գինը եղել է միջինը 6 հազար դոլար: Ընկերությունն այդ ժամանակ ոլորտում ունեցել է լավագույն արտադրական և ֆինանսական ցուցանիշները: -Այս պահին շուկայում պղնձի գինը շահավե՞տ է «Թեղուտ» ՓԲԸ-ի վերագործարկման համար:-Ունենք որոշ վերլուծություն, ըստ որի` երկրի բոլոր հանքարդյունաբերական ձեռնարկությունները միջազգային շուկայում մեկ տոննա պղնձի 6 հազար դոլար գնի դեպքում շատ արդյունավետ կարող են աշխատել, և միջին շահյութը կարող է կազմել 20-30 տոկոս: Այս պահին 6 հազար դոլար պղնձի գինը մեզ համար ձեռնտու է:-Ինչպե՞ս եք գնահատում Թեղուտի հանքի վիճակը: Մասնագետները պնդում են, որ այնտեղ նվազում են հանքային պարունակությունները: -Մեր երկրաբանները նույնպես դա գնահատել են: Թեղուտի հանքը 300-400 մլն տոննա միներալիզացված ռեսուրսներ են: Հանքային զոնան և այդ ռեսուրսները գոյություն ունեն, բայց ըստ խորության` պարունակությունները նվազում են: Եթե առաջին երեք տարիներին ընկերությունը մշակել է 0,55, ապա` 0,50 կամ 0,45 տոկոս պղնձի պարունակությամբ հանքաքար, ապա առաջիկա տարիներին մենք ակնկալում ենք 0,33 - 0,33.5 պարունակությամբ հանքաքար: Ըստ տարիների` հանքավայրի խորության հետ պղնձի պարունակությունն իջնում է, իսկ մոլիբդենի պարունակությունը բարձրանալու է: Ունենք ընդհանուր 300-400 մլն տոննա միներալիզացված հանքանյութ: Կանադացի մեր գործընկերները գտել են, որ այս պահի դրությամբ կարող ենք արտադրել 100-120 մլն տոննա հանքաքար: Այսօրվա շուկայական գների պայմաններում, եթե մենք տարեկան արտադրենք 7 մլն տոննա հանքաքար, մենք կարող ենք խոսել ընկերության 15-20 տարվա գործունեության մասին: Եթե պղնձի միջազգային գները բարձրանան 8 հազար և ավելի դոլար, մենք կարող ենք խոսել ևս լրացուցիչ 15-20 տարվա գործունեության մասին:Շարունակությունը կարդացեք Hetq.am-ում։ 
12:02 - 20 մայիսի, 2019
Թեղուտում հասել ենք մի փուլի, երբ ռեալ շարժեր են տեղի ունենում. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Թեղուտում հասել ենք մի փուլի, երբ ռեալ շարժեր են տեղի ունենում. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Թեղուտի հանքավայրում առաջիկա 1-1.5 ամսվա ընթացքում կսկսվի ռեալ աշխատուժի ներգրավման գործընթացը, մարդիկ կսկսեն աշխատել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում, պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ  Թեղուտում հասել են մի փուլի, երբ այնտեղ ռեալ շարժեր են տեղի ունենում: «Մեր հույսն այն է, որ առաջիկա 1-1.5  ամսվա ընթացքում այնտեղ կսկսվի ռեալ աշխատուժի ներգրավման գործընթացը, այսինքն՝ մարդիկ կսկսեն աշխատել: Ինձ երեկ ասել են, որ արդեն ադմինիստրատիվ կարգի խնդիրներ են լուծվում և կլուծվեն նախապատրաստական կարգի խնդիրներ, որից հետո կմտնեն հաջորդ փուլ»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև այն մետաղական հանքերի հետ կապված խնդիրներին, որոնք ունեն շահագործման լիցենզիա, սակայն երկար տարիներ չեն շահագործվում:
07:08 - 28 մարտի, 2019
Հանրային բնապահպանական դատարանը կքննի «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը |ecolur.org|

Հանրային բնապահպանական դատարանը կքննի «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը |ecolur.org|

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ 2019 թվականի մարտի 11-ին` ժամը 13:00-ին, «ԻԲԻՍ» հյուրանոցի «Կարին» սրահում (Երևան, Հյուսիսային պողոտա 5/1, 2-րդ հարկ) Հանրային բնապահպանական դատարանը կքննի «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը: Հանրային դատավարության ընթացքում կքննվեն` 1. ՀՀ նախկին կառավարության և պետական լիազոր մարմինների` ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ Արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ առողջապահության նախարարությունների մասնակցությունը և պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար 2. «Թեղուտ» ՓԲԸ-ի և «Վալլեքս» խմբի կողմից ՀՀ օրենսդրական պահանջների չպահպանումը 3. Սոցիալական, տնտեսական, առողջապահական, բնապահպանական ռիսկերի չգնահատման արդյունքում ստեղծված իրավիճակը: Հանրային բնապահպանական դատարանի դատավարությունների նպատակն է` Հայաստանում մինչ օրս անպատիժ մնացած ծանր էկոլոգիական հանցագործությունների նկատմամբ հանրային արդարադատություն իրականացնել և հանրային դատարանի վճիռն ուղարկել ՀՀ իրավապահ մարմիններին` դրանց ընթացք տալ և նախորդ կառավարությունների օրոք` տնտեսվարողներին գործունեության համար ապօրինի և անպատասխանատու թույլտվություն տված մարմինների իրավազանց պաշտոնյաներին պատասխանատվության կանչել: ecolur.org
08:26 - 11 մարտի, 2019