Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեղադրել է Բորելին՝ «բացահայտ կողմնակալ դիրքորոշման» համար |1lurer.am|
12:57 - 06 դեկտեմբերի, 2023

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեղադրել է Բորելին՝ «բացահայտ կողմնակալ դիրքորոշման» համար |1lurer.am|

<di1lurer.am: v>Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն մեղադրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ Ադրբեջանի նկատմամբ «բացահայտ կողմնակալ դիրքորոշման» համար։

 
Երեկ Բորելը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել էր, որ վաղուց սառեցված հակամարտության ելքը Ադրբեջանը վճռեց ռազմական միջամտությամբ, ինչը մեկ շաբաթում 150 հազար մարդու ստիպեց տեղահանվել:
 
Այխան Հաջիզադեն ընդգծել է, որ ԵՄ պաշտոնյան հերթական անգամ սխալ տեսակետ է հայտնել և խեղաթյուրել իրականությունը, ինչը, նրա խոսքով, վկայում է վտանգավոր միտումների մասին։ 
 
«Միևնույն ժամանակ, Բորելի նման կեղծ հայտարարությունները խաթարում են ԵՄ միջնորդական ջանքերը և Շառլ Միշելի առաքելությունը։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում ԵՄ ներկայացուցչին վերջ տալ նման սադրիչ հայտարարություններին»,- պնդել է ադրբեջանցի պաշտոնյան։
 
Տարածաշրջանում լարվածության համար Հաջիզադեն հերթական անգամ մեղադրել է Հայաստանին: 
 
Ավելի վաղ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ պատգամավորներից մեկի գրավոր հարցին ի պատասխան, նշել է, որ Եվրամիությունը դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և ափսոսանք հայտնել զոհերի և Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանման համար։
«ԵՄ-ն մոբիլիզացնում է ջանքերը՝ Ղարաբաղի հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ 2023 թվականի հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հայտարարել էր ավելի քան 12 միլիոն եվրոյի լրացուցիչ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին։

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում պաշտպանել և երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ՝ տեղահանվածների համար իրենց տներ վերադառնալու իրավունքը: Պետք է պաշտպանել տեղի հայերի ունեցվածքն ու մշակութային ժառանգությունը: Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի երկու առաքելություններից հետո ԵՄ-ն նաև կոչ է անում տեղում մշտական միջազգային ներկայություն հաստատել»,- նշել է Բորելը:

Նրա խոսքով՝ ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը հիմնված է մարդու իրավունքների և ԵՄ արժեքների հարգման վրա: Գործող բազմամյա ֆինանսական շրջանակի համաձայն՝ 2021-2023 թվականներին Ադրբեջանին տրամադրվող տարեկան դրամաշնորհային օգնությունն այսօրվա դրությամբ կազմել է 15 միլիոն եվրո: Այս հիմնադրամներն աջակցում են Ադրբեջանում ԵՄ ռազմավարական առաջնահերթություններին, ինչպիսիք են քաղաքացիական հասարակության աջակցությունը, անցումը «կանաչ տնտեսության» և կառավարման բարեփոխումները:

Նա հավելել է, որ թեև Ադրբեջանի հետ համագործակցությունն էներգետիկայի ոլորտում նպաստում է էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացման ԵՄ քաղաքականությանը՝ Միության կառույցները շարունակում են դիտարկել իրավիճակը տեղում և զգուշացրել են՝ զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից, այդ թվում՝ Հայաստանի տարածքի դեմ։

«ԵՄ-ի ընդհանուր նպատակը մնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումը»,- եզրափակել է Բորելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել