armenpress.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս Սկոպյեում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը ներկայացրել է աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ Ռուսաստանի տեսլականը, Միրզոյանն էլ կիսվել է տարբեր զգայուն հարցերի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումների վերաբերյալ հայկական կողմի ընկալումներով:
Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին:
Պատգամավորը հարցրեց, թե վերջերս Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի ընթացքում նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման թեման ո՞րն է եղել՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում վերջերս առկա բարդությունները:
Միրզոյանն ասաց, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգը բազմաթիվ ոլորտներ և հարցեր է ընդգրկում, երկու երկրները նաև տարածաշրջանային հարցերում ունեն խաչվող հետաքրքրություններ, հետևաբար՝ ՌԴ-ի հետ միշտ քննարկելու թեմա կա:
«Եվ մենք մեծ հաճույքով միշտ օգտագործում ենք առիթները՝ այդպիսի շփումների համար: Այս անգամ ևս ՌԴ ԱԳ նախարարը մեզ ներկայացրեց վերջին որոշ իրադարձությունների կամ աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ իրենց տեսլականը, մենք էլ կիսվեցինք իրենց դիրքորոշումների վերաբերյալ մեր ընկալումներով և տարբեր զգայուն հարցերի շուրջ Ռուսաստանի Դաշնության պահվածքի, դիրքորոշումների մեր ընկալումներով»,-ասաց Միրզոյանը՝ հանդիպումը գնահատելով արդյունավետ:
Պատգամավորը նկատեց, որ հանդիպումից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ Սերգեյ Լավրովը բողոքել է ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցչից: Մինասյանը հետաքրքրվեց խնդրով:
«Այո, ես տեսել եմ մեր հանդիպումից այդ կտորը, որը տարածվել էր ՌԴ ԱԳՆ-ի կողմից: Ըստ ամենայնի, ինչ-որ թյուրիմացության մասին է խոսքը: Սերգեյ Լավրովը կարծում էր, որ հանդիպման նախաձեռնությունը եղել է ԵԱՀԿ-ում մեր մշտական ներկայացուցչից, մինչդեռ իմ ունեցած տեղեկություններն ամենևին այդպես չէր: Ըստ ամենայնի՝ տեխնիկական թյուրիմացություն է եղել, որն արժանացել է Ռուսաստանի արտգործնախարարի ուշադրությանը: Խոսակցությունն այն մասին էր, թե ով է նախաձեռնել հանդիպումը, և ես ասում էի, որ մենք չենք նախաձեռնել»,-ասաց Հայաստանի արտգործնախարարը:
comment.count (0)