Օրենքի նախագիծը տալիս է ոչ թե բանակում չծառայելու, այլ չդատապարտվելու հնարավորություն. Հայկ Սարգսյան
 |1lurer.am|
15:09 - 12 դեկտեմբերի, 2023

Օրենքի նախագիծը տալիս է ոչ թե բանակում չծառայելու, այլ չդատապարտվելու հնարավորություն. Հայկ Սարգսյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը իր առաջարկած՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց վերաբերող նախագիծը ներկայացնելիս պատգամավորների հարցերին պատասխանելիս ևս մեկ անգամ պարզաբանեց՝ ովքեր կարող են օգտվել նախագծից:

«Օրենքը տարածվելու է այն անձանց նկատմամբ, ում 25 տարին լրացած կլինի օրենքի ընդունման պահին, այսինքն՝ այն մտավախությունը, որ այսօր մարդիկ 18 տարեկանում կլքեն երկիրը, որպեսզի 27 տարեկանում օգտվեն օրենքից, չի համապատասխանում իրականությանը, որովհետև նրանք չեն կարող օգտվել, այսինքն՝ օրենքից կարող են օգտվել միայն նրանք, որոնք օրենքի ընդունման պահին կլինեն 25 տարեկան և ավելի բարձր տարիքի: Ինչո՞ւ 25 տարեկան և ավելի բարձր. որովհետև փորձը ցույց է տալիս, որ մենք արեցինք համաներում, որից կարողացան օգտվել 27 տարին լրացած քաղաքացիները, բայց ունեինք բազմաթիվ 25-26 տարեկաններ, որոնք այս ընթացքում չեն վերադարձել և ծառայել, այսինքն՝ նրանք չօգտվեցին իրենց ծառայելու հնարավորությունից և այսօր գտնվում են քրեական հետապնդման ներքո՝ չունենալով որևէ այլ տարբերակ՝ ազատազրկումից բացի»,- պարզաբանեց պատգամավորը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին: 

Նրա խոսքով՝ ազատազրկված ամեն մի քաղաքացուն պահելու համար մեր պետությունը ծախսում է տարեկան մոտ 5 միլիոն դրամ:

«Այսինքն՝ եթե մենք քաղաքացուն հայտնաբերենք, բերենք-պահենք, 5 տարում մենք քաղաքացու վրա ծախսելու ենք մոտ 25 միլիոն դրամ: Բացի դրանից՝ մենք չենք էլ կարողանում այդ քաղաքացիներին դատապարտել»,- ասաց Սարգսյանը՝ ներկայացնելով թվեր:

«2022 թվականին, երբ որևէ կարգավորում չկար քաղաքացիների համար, ովքեր չեն ծառայել՝ ազատվելու պատասխանատվությունից, ունեցել ենք 10 հազարից ավելի քաղաքացիներ, ովքեր հետախուզվել են բանակում չծառայելու համար և այդ 10 հազար քաղաքացուց ընդամենը 420-ն են հայտնաբերվել կամ կամովին ներկայացել: Կարո՞ղ եք ենթադրել՝ այս 420 քաղաքացուց քանիսն են դատապարտվել ազատազրկման: Նրանցից մեկն է դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի ժամկետով: Այսինքն՝ նրանք փաստացի չեն էլ ազատազրկվում»,- ասաց պատգամավորը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց Հայկ Սարգսյանին՝ խնդրելով պատասխանել հարցին՝ որքանո՞վ է ազդելու այս նախագիծը բանակի ինտելեկտուալության վրա: Նրա խոսքով՝ արդյո՞ք նախագծի ընդունման դեպքում չի նվազի ինտելեկտուալ բարձր կադրերի հոսքը բանակ:

Սարգսյանի խոսքով՝ օրենքի նախագիծը բանակին տալու է հնարավորություն՝ նոր զորակոչիկներ և ֆինանսական նոր միջոցներ ունենալու, որն այս պահին մենք չունենք, և դա, կարելի է ասել, վատնում ենք՝ այս օրենքը չընդունելով:

«Այսինքն՝ մինչ այս պահը օրենքը չենք ընդունել և այն քաղաքացիները, որոնց  27 տարին լրացել է, կամ որևէ ձևով վերադարձել ու խուսափել են պատասխանատվությունից, այսինքն՝ ոչ ծառայել են, ոչ դատապարտվել: Իմ առաջարկած օրենքի ընդունման դեպքում, եթե քաղաքացին վերադառնա և անգամ տեսնենք, որ նա պիտանի չէ պարտադիր զինվորական ծառայության, նա պարտավոր կլինի վճարել 15 միլիոն դրամ, այսինքն՝ մենք միայն կշահենք օրենքի ընդունման դեպքում»,- նշեց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ինտելեկտուալ կադրերի արտահոսքին, պատգամավորը պատասխանեց՝ բոլորովին հակառակն է:

«Մեր փոփոխություններով՝ այսօր շարքային կազմի պայմանագրային զինծառայողը, եթե ատեստավորումը հանձնի և ստանա «գերազանց», կստանա ավելի քան 500 հազար դրամ աշխատավարձ»,- նշեց Սարգսյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց տնտեսագիտական հաշվարկի հիմքի վերաբերյալ. ինչու քաղաքացին պետբյուջե պետք է վճարի 5 կամ 10 միլիոն դրամ, ո՞րն է հիմնավորումը:

«Իմ օրենսդրական նախաձեռնության հիմնական շահառուները օգտվելու են 4-րդ կետից, վճարելու են 10 միլիոն դրամ և ծառայելու են 1 ամիս: Ինչո՞ւ 10 միլիոն դրամ, որովհետև դա պայմանագրային զինծառայողի բարձր աշխատավարձով երկու տարվա աշխատավարձին համարժեք գումարն է և մեկ ամսնավ ծառայությունն էլ նրա համար է, որպեսզի նրանք ՀՀ ԶՈՒ համազգեստը կրեն, բանակում ծառայելու հիմնական կանոնները սովորեն և հավանական զորակոչի ժամանակ կարողանան ներկայանալ, իմանալ իրենց հաշվառման զորամասը, տիրապետեն իրենց կցագրված զենքին»,- պարզաբանեց Սարգսյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, հաշվի առնելով հարցի լայն հնչեղությունը, հետաքրքրվեց՝ արդյոք տվյալ օրինագիծը կարո՞ղ է նպաստել կամ հնարավորություն ստեղծել սովորական ժամկետային զինծառայողների համար՝ խուսափելու զինծառայությունից տվյալ մեխանիզմով:

Սարգսյանը ևս մեկ անգամ պարզաբանեց՝ օրենքը վերաբերում է բոլոր նրանց, որոնց 27 տարին լրացած է, և նրանք այսօրվա գործող կարգավորումներով՝ ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության:

«Օրենքի նախագիծը ոչ թե տալիս է հնարավորություն՝ բանակում չծառայելու, այլ տալիս է հնարավորություն՝ չդատապարտվելու: Այսինքն՝ այս խմբի քաղաքացիները այսօր չեն կարող ծառայել, նրանք պետք է միայն դատապարտվեն, ես ասում եմ՝ եկեք նրանց չդատապարտենք, նրանց վրա գումարներ չծախսենք, այլ այդ քաղաքացիներին հնարավորություն տանք գումարներ վճարելու, ծառայելու և պիտանի լինելու իրենց երկրին, որ նրանք բեռ չդառնան պետության վրա՝ կրելով ազատազրկում, այլ պետությանը նպաստ բերեն»,- պարզաբանեց պատգամավորը:

Հակոբ Արշակյանի ճշտող հարցին՝ արդյոք Հայաստանի բազմահազար քաղաքացիները, որոնց 27 տարեկանը չի լրացել, կարո՞ղ են ապագայում դիտարկել այս օրինագիծը զինծառայությունից խուսափելու և դրանից օգտվելու ակնկալիքով, Սարգսյանը տվեց բացասական պատասխան:

«Այսօրվա դրությամբ և օրենքի ընդունումից հետո այն քաղաքացիները, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, մինչև 27 տարեկան են, չեն կարող օգտվել օրենքի ընձեռած հնարավորությունից՝ նրանք պետք է ծառայեն: Օրենքը կտարածվի միայն նրանց վրա, ովքեր գործող կարգավորումներով ծառայելու հնարավորություն չունեն»,- ընդգծեց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել