hetq.am: ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ձեռնպահ է մնացել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման հեռանկարների վերաբերյալ մեկնաբանություններից: Այդ մասին փոխանցում է TACC գործակալությունը։
«Ես որպես դիվանագետ կնախընտրեի ձեռնպահ մնալ կանխատեսումներ անելուց»,- լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է Գալուզինը։
«Հայաստանին և Ադրբեջանին ուղղված ռուսական կողմի հրավերները՝ շարունակելու խաղաղ կարգավորման շուրջ երկխոսությունն այն սկզբունքների հիման վրա, որոնք մեր երկրների ղեկավարները ձևակերպել են 2020 թվականի նոյեմբերին և դրանից հետո, մնում են ուժի մեջ ու մնում են բաց»,- հավելել է նա։
Խոսելով հարավկովկասյան երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի հնարավոր կնքման մասին՝ ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ մինչև տարեվերջ շանս կա ստորագրելու այդ պայմանագիրը։
«Այս հարցը, հավանաբար, ավելի լավ է ուղղել Հայաստանի և Ադրբեջանի դիվանագետներին, բայց կցանկանայի ասել, որ շանս միշտ կա, իսկ կօգտվեն արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը, այ դա հարց է»,- ընդգծել է Գալուզինը։
Վերջինս նաև ասել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է ընդունել հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ բանակցությունները, ու Մոսկվան ակնկալում է, որ Բաքվում և Երևանում հաշվի կառնեն համապատասխան առաջարկի հրատապությունը:
«Մոսկովյան հարթակում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ մեր առաջարկները բաց բնույթ ունեն Հայաստանի և Ադրբեջանի մեր գործընկերների համար: Մենք հույս ունենք, որ Երևանում եւ Բաքվում հիշում են այդ մասին ու հասկանում են դա»,- եզրափակել է ռուսաստանցի դիվանագետը։
comment.count (0)