«Հարգելի՛ պարոն նախարար,
Հարգելի՛ ներկաներ,
Ուրախ եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը հյուրընկալել Երևանում։ Պետք է արձանագրեմ, որ այս տարին մեր երկու երկրների հարաբերություններում աչքի է ընկել բավականին ակտիվ քաղաքական երկխոսությամբ՝ հագեցած փոխադարձ բարձրաստիճան այցելություններով, միջազգային հարթակներում շփումներով և քաղաքական խորհրդակցություններով: Ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել մեր այսօրվա քննարկումները, որոնց ընթացքում մենք պատրաստակամություն ենք հայտնել ձեռնարկել գործուն քայլեր մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման ներկա դինամիկան պահպանելու և օրակարգի ընդլայնման ուղղությամբ:
Հարգելի՛ ներկաներ,
Այսօր գործընկերոջս հետ հնարավորություն ունեցանք քննարկել հարցերի բավականին լայն շրջանակ: Բացի ընդլայնվող քաղաքական երկխոսությունից կարևորել ենք նաև երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը, ինչպես նաև թիրախային ոլորտներում սերտ համագործակցության զարգացման ներուժի առավելագույնս օգտագործումը: Մասնավորապես, կցանկանայի ընդգծել երկու երկրներում ակտիվորեն զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման շոշափելի հնարավորությունները: Իհարկե, այս ոլորտը մեծապես փոխկապակցված է նաև կրթության, գիտության բնագավառների հետ, որտեղ մենք մեր կարողությունները համադրելու ներուժ ևս ունենք և կաշխատենք այդ ուղղությամբ:
Էստոնիայի գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ընթացքը և երախտագիտություն հայտնել այս կարևոր ճանապարհին մեր կողքին լինելու համար:
Անդրադարձ ենք կատարել նաև խորհրդարանական դիվանագիտության դերին և մեր երկու երկրների խորհրդարաններում առկա պատգամավորական բարեկամական խմբի ակտիվ համագործակցությանը:
Անշուշտ, քննարկել ենք ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցեր․ անդրադարձ ենք կատարել երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությունն ամրապնդելուն ուղղված քայլերին, իսկ տարածաշրջանային կայունության համատեքստում կարևորել ենք Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ընդլայնումը և, իհարկե, առաքելությանն Էստոնիայի մասնակցությունը։ Տեղյակ եք, որ երկու օր առաջ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը Բրյուսելում ընդունեց առաքելության ընդլայնման մասին որոշումը, ինչը մեծապես ողջունվում է մեր կառավարության կողմից: Ես վերահաստատել եմ ՀՀ կառավարության դիրքորոշումը, որ ՀՀ-ն պատրաստ է հարաբերությունները խորացնել ԵՄ-ի հետ այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի:
Հարգելի՛ պարոն նախարար, հարգելի՛ Մարգուս,
Մեր նախորդ հանդիպումը կայացավ սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընթացքում, չհաշված իհարկե երկու օր առաջ մեր կարճատև զրույցը Բրյուսելում: Ընդամենը երեք ամիս է անցել այդ հանդիպումից, սակայն տարածաշրջանում տեղի են ունեցել էական զարգացումներ: Եթե սեպտեմբերին մենք քննարկում էինք Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության հարցերը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հարցերը, ապա մեր հանդիպման հաջորդ իսկ օրը տեղի ունեցած իրադարձությունները, Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էապես փոխեց պատկերը տարածաշրջանում: Այսօր Լեռնային Ղարաբաղում այս էթնիկ զտման հետևանքով գրեթե հայ չի մնացել: Ավելի քան 100 հազար Լեռնային Ղարաբաղի հայեր փախստական են դարձել՝ ապաստան գտնելով Հայաստանի Հանրապետությունում, և մեր կառավարությունը ջանքեր է գործադրել նրանց անհրաժեշտ առաջնային կարիքները հոգալու համար: Եվ այստեղ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Էստոնիայի կառավարությանը փախստականների առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու գործում մեզ ցուցաբերած աջակցության համար: Շատ խորհրդանշական է Էստոնիայի փախստականների խորհրդի կողմից երևանյան գրասենյակի հիմնումը, որը պաշտոնապես դեռ տեղի կունենա այսօր։
Մենք նաև գնահատում ենք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ մեր ջանքերին աջակցող՝ Էստոնիայի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հայտարարությունները:
Այժմ Հարավային Կովկասում ուժի կիրառման, հակամարտությունների էջը փակելու և արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար մեզ անհրաժեշտ է բոլոր հարևան երկրների հստակ հանձնառությունը և միջազգային գործընկերների ամուր, անկեղծ աջակցությունը: Կան անշուշտ մարտահրավերներ, կա բարդ պատմություն, բայց խաղաղության գործընթացում առաջ շարժվել հնարավոր է, եթե Ադրբեջանը ևս աներկբայորեն իր հավատարմությունը ցույց տա խաղաղության գործընթացին և հանրահռչակված սկզբունքներին՝ հստակ սահմանների փոխադարձ ճանաչմանը, տարածքային ամբողջականության ճանաչմանը առանց երկիմաստությունների, ինչպես նաև հայտնի սկզբունքների հիման վրա տարածաշրջանային, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը և վերագործարկմանը: Եվ այս առումով մենք կարևոր ենք համարում նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի նախաձեռնությամբ հանդես է եկել Հայաստանի կառավարությունը: Նաև ուզում եմ նշել, որ սրանք սկզբունքներ են, որոնք հաստատվել են, հավանության են արժանացել Գրանադայում քառակողմ հանդիպմանը, ըստ էության, ողջ միջազգային հանրության կողմից և սրանք նույն այն սկզբունքներն են, մեծ հաշվով, որոնք արտացոլված են նաև ավելի վաղ՝ հուլիսին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ, որը նա արել էր ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի հետ ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով:
Եզրափակելով՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր այսօրվա քննարկման համար, Ձեր այցի համար, հարգելի պարոն նախարար, բոլոր այն հանձնառությունների համար, որոնք դուք հնչեցրեցիք Էստոնիայի համար, կվերահաստատեմ այն հանձնառությունները, որոնք ես հնչեցրի ՀՀ անունից և լավատեսորեն շարժվենք առաջ: Շնորհակալություն»:
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսելու վերաբերյալ Էստոնիայի ԱԳ նախարարի հայտարարությանն ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Այս որոշմանը մենք երկար սպասում էինք: Անչափ շնորհակալ ենք, պարոն նախարար: Իսկապես սպասում էինք:»
***
Հարց (Հանրային հեռուստատեսություն)․ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հարցի հնարավորության համար։ Հարցս ուղղում եմ երկու նախարարներին էլ։ Պարո՛ն Միրզոյան, բառացիորեն ժամեր առաջ եք վերադարձել Բրյուսելից, որտեղ օրակարգը բավականին հագեցած էր։ Ինչպե՞ս կգնահատեք քննարկումները, հանդիպումները և արդյունքները։ Եվ, պարո՛ն նախարար, թերևս Դուք խոսեցիք ԵՄ-Հայաստան ներկայիս դինամիկայից, բայց կարո՞ղ եք մի փոքր ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչպես ավելի շոշափելի եք պատկերացնում հեռանկարները, մասնավորապես՝ 2024թ․ հետ կապված։ Շնորհակալություն։
Պատասխան (Արարատ Միրզոյան)․ Այո, իսկապես, երեկ միջոցառում կար Բրյուսելում։ Նախ, ինձ համար պատիվ էր մասնակցել ԵՄ և ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ ոչ պաշտոնական նախաճաշի և այդտեղ քննարկել Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ Եվ ապա նաև կար Արևելյան գործընկերության ձևաչափը, որտեղ ԵՄ ԱԳ նախարարներն են և Արևելյան գործընկերության երկրների նախարարները։ Առաջին մասում, անշուշտ, մենք ավելի կենտրոնացանք, ինչպես կարող եք և վերնագրից ենթադրել կամ ձևաչափից, Հայաստան-ԵՄ ընթացիկ գործընթացների վրա։ Ես պետք է կրկնեմ, որ ՀՀ-ն խորացնում է իր հարաբերությունները ԵՄ հետ և ՀՀ-ն, իմ ընկալմամբ գոնե, այդ ես չէ, որ պետք է սա վերահաստատեմ, բայց մենք սրա վերահաստատումը լսել ենք բազմիցս, այդ թվում նաև՝ երեկ, և՛ ԵՄ բարձր ներկայացուցիչ Բոռելի կողմից, և՛ մյուս անդամ երկրների ԱԳ նախարարների կողմից։ ԵՄ-ն սատարում է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումները։ ԵՄ-ն և Հայաստանը հիմա ուղիներ են փնտրում տեսնելու՝ ինչպես կարող են նաև տնտեսական բազմազանություն ապահովել հայկական ապրանքների և առհասարակ Հայաստանի տնտեսության համար։ Ամենատարբեր ոլորտներին վերաբերող քննարկումներ կան․ կան շատ կոնկրետ քննարկվող ծրագրեր և ուղղություններ։ Ես այս պահին չէի ցանկանա ավելի մանրամասնել, որովհետև դեռ քննարկումների փուլում են, բայց հուսանք, որ այս քննարկումները շարունակական և արդյունավետ կերպով դրական հանգուցալուծմամբ կավարտվեն և այդ ժամանակ արդեն կկարողանանք այդ ծրագրերի մասին հանրայնորեն խոսել, և դետալների մասին։
Հարց («Ազատություն» ռադիոկայան). Շնորհակալ եմ, ես Հայաստանի արտաքին գործերի նախարարին եմ հարցս ուզում ուղղել: Պարոն Միրզոյան, հարցս հայ-ադրբեջանական բանակցություններին է վերաբերում: Երևանի դիրքորոշումն եմ ուզում ճշտել Բաքվի այն առաջարկներին, ըստ որի հիմնականում երկկողմ ձևաչափ բանակցությունները տեղափոխելու մասին են խոսում: Արդյո՞ք միջնորդական ջանքերի չեղարկում հնարավոր է առաջիկայում, և զինծառայողների փոխանակման գործընթացից բացի, պարոն Միրզոյան, երկկողմ այլ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում կամ դրանք ձեռնարկվու՞մ են արդյոք՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված: Եվ չեմ կարող այս հարցը չտալ, պարոն Միրզոյան, արդեն գրեթե 6 օր է անցել պայմանավորվածությունից, համատեղ հայտարարությունից երկու աշխատակազմերի, և զինծառայողների փոխանակում դեռևս տեղի չի ունեցել: Ե՞րբ տեղի կունենա: Հնարավոր է՝ փոփոխություն է տեղի ունեցել հայտարարության տեքստից անդին: Շնորհակալություն:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Ես շնորհակալ եմ հարցի համար: Ես շտապեմ հատկապես վերջից սկսել, շտապեմ պատասխանել այդ կոմպոնենտին, որովհետև գիտեմ, որ բոլորի ուշադրության կենտրոնում է հենց հատկապես այդ հարցը: Պայմանավորվածությունների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, այս պահի դրությամբ ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն: Եթե նկատել եք, կար երկու բաղադրիչ՝ գերիների փոխանակություն, ազատ արձակում և կար կլիմայի կոնֆերանսի կոմպոնենտ: Եվ ահա այդ կոնֆերանսը ավարտվել է պաշտոնապես երեկ, և այսօր արդեն մենք կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը և չունենք հիմք ասելու, որ ադրբեջանական կողմը չի պահպանի պայմանավորվածությունները:
Մյուս կողմից, ես ուզում եմ ասել, որ սա իհարկե միակ վստահության կառուցման համաձայնությունը չէ, որ քննարկվել է, և դեռ հուսով եմ՝ կշարունակեն քննարկել այլ միջոցներ ևս: Օրինակ, գիտեք, որ մենք հանդես ենք եկել նախաձեռնությամբ հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման շուրջ: Մենք կարծում ենք, որ զորքերի հետքաշումն իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր էսկալացիաները: Այստեղ ես չեմ ուզում ասել, թե ունենք համաձայնություն, սա գաղափար է, որ քննարկվում է: Նաև այլ գաղափարներ կան, որոնք քննարկվում են, բայց կարող եմ հույս հայտնել, որ այսպիսի փոխադարձ քայլերը, ինչպիսին մենք արդեն ունենք և հիմա կտեսնենք, հուսամ վերջնական իրականացումը, ահա այսպիսի փոխադարձ քայլերը անշուշտ դրական ազդեցություն են ունենալու հարաբերությունների կարգավորման վրա:
Բայց հիմնական գործընթացն, այնուամենայնիվ, դա իհարկե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն են, և կրկին, ինչպես ես քիչ առաջ ասացի, կարծում եմ, որ պետք է Ադրբեջանը վերադառնա բանակցությունների սեղան, հանդիպումների ձևաչափ, գործընթաց: Մենք մի քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ մեծ մասը գործի, ըստ էության, արված է, եթե խոսում ենք պայմանագրի մասին և հիմա մեզ պետք է հանդիպել և պայմանավորվածությունների գալ, էական հարցի շուրջ վերջնական ձևակերպումների: Բայց այդտեղ գաղտնիք չկա, հանրահայտ սկզբունքների մասին է խոսքը, քիչ առաջ էլ ասացի, որ սկզբունքների կոնկրետ, չկրկնեմ: Ինչ վերաբերում է երկկողմ-չերկկողմ, այնուամենայնիվ, հիմնական խնդիրը բանակցությունների բովականդակությունն է: Եթե շատ բծախնդիր նայենք այս ձևաչափերի հարցին, մեր վերջին շրջանի երկու տարվա, երեք տարվա բանակցությունները եղել են երկկողմ, համենայն դեպս այդպես ենք հռչակել, ֆասիլիտացվել են միջազգային դերակատարների կողմից: Մենք կարծում ենք, որ այսպես էլ պետք է շարունակել: Ինչ-որ չափով դրանք արդեն ցույց են տվել իրենց արդյունավետությունը: Արդեն ասացի, գործի ահագին մասը, մեծ մասը, մեծագույն մասը, ես կասեի, արդեն արված է, և եթե մենք վերադառնանք ու նույն ընդունված մեխանիզմներով շարունակենք, մենք կկարողանանք արագ արդյունքի հասնել: Բացակայող կոմպոնենտը կամ այն բաղադրիչը, որ մենք կուզեինք տեսնել և որը կգա լրացնելու այս ամբողջ շղթան և հասցնելու տրամաբանական ավարտին, Ադրբեջանի ղեկավարության քաղաքական կամքն է, որը հիմա պետք է դրսևորվի կամ չդրսևորվի: Հուսամ կդրսևորվի: Շնորհակալություն:»
comment.count (0)