Ադրբեջանի հետ սահմանազատումը բարդ գործընթաց է, կարող է տարիներ տեւել. Մհեր Գրիգորյան
 |news.am|
14:46 - 15 դեկտեմբերի, 2023

Ադրբեջանի հետ սահմանազատումը բարդ գործընթաց է, կարող է տարիներ տեւել. Մհեր Գրիգորյան |news.am|

news.am: Աշխատակարգը նկարագրում է, թե ինչպես են երկրների հանձնաժողովները աշխատանքային նիստեր եւ հանդիպումներ կազմակերպելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների գործունեության աշխատակարգին, որը հաստատվեց երեկ:

«Դուք գիտեք, որ մենք ունենք սահմանազատման հանձնաժողով, եւ ադրբեջանական կողմն ունի նման հանձնաժողով: Մեր աշխատանքների տրամաբանությունն այն է, որ տեղի է ունենում հանձնաժողովների հանդիպում: Մենք ճիշտ համարեցինք, որ կանոնակարգենք այդ աշխատանքի ընթացքը,  մասնավորապես, երբ ենք հանդիպում, որտեղ ենք հանդիպում, ոնց ենք կազմում արձանագրությունը, ինչ լեզվով ենք խոսում եւ այլն: Խոսելու ենք անգլերեն կամ ռուսերեն, երկուսն էլ հնարավոր է»:

Դիտարկմանը, որ աշխատակարգում նշվել է, որ հանդիպում կարող են ունենալ նաեւ երրորդ երկրում, փոխվարչապետը հիշեցրեց, որ նման բան արդեն եղել է. «Մի հանդիպում ունեցել ենք Բրյուսելում, մեկ անգամ էլ Մոսկվայում»:

Մհեր Գրիգորյանի խոսքով, սահմանազատման, նաեւ սահմանագծման գործընթացը բավականին երկար կտեւի, որովհետեւ դա բավականին բարդ գործընթաց է. «Չեմ կարող բացառել, որ դա տարիների աշխատանք է: Մենք աշխատանքն այսպես ենք պատկերացնում. Հանձնաժողովների հանդիպումների ժամանակ կողմերից ամեն մեկը իր կողմից ներկայացնում է քարտեզ կամ քարտեզի հատված, իրավական փաստաթղթեր, որոնք նկարագրություն ունեն, կամ որեւէ կարգավորում ունեն սահմանի, եւ սկսվում է  քննարկում, մտքերի փոխանակում այդ փաստաթղթի եւ այդ տոպոգրաֆիկ քարտեզի վերաբերյալ: Բնականաբար, դա պետք է արվի հատված առ հատված»,-ասաց փոխվարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել