tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «լիակատար անհեթեթություն» է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն այն մասին, որ ռուսական զորքերը կարող են հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։ Այս մասին նա ասել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Նրա կարծիքով՝ Բայդենի ասածն ընդամենը պատկերավոր խոսք է՝ արդարացնելու ռուսական ուղղությամբ սխալ քաղաքականությունը։ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ կռվել ՆԱՏՕ-ի երկրների հետ։
«Ցանկացած մեծ երկրի նախագահ, ՆԱՏՕ-ի երկրի նախագահ և առավել ևս՝ ՆԱՏՕ-ի միակ սեփականատերը, իսկ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի տերն է, դա իրենց ետնաբակն է, ՆԱՏՕ-ի ամբողջ կազմակերպությունը, չի կարող չհասկանալ, որ Ռուսաստանը նման նպատակ չունի: Չկա ո՛չ աշխարհաքաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ ռազմական շահագրգռվածություն՝ կռվելու ՆԱՏՕ-ի երկրների հետ, մենք նրանց տարածքային պահանջներ չունենք, ցանկություն չկա նրանց հետ փչացնելու հարաբերությունները»,- ասել է ՌԴ նախագահը:
Ընդհակառակը, նրա խոսքով, Ռուսաստանը շահագրգռված է այդ երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ։
Օրերս Բայդենը հայտարարել էր, որ Ուկրաինայում իր նպատակներին հասնելուց հետո Ռուսաստանը Պուտինի որոշմամբ կարող է հարձակվել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների վրա։ Նա այս մասին ասել էր Կոնգրեսում իր ելույթի ժամանակ:
«Եթե Պուտինը վերցնի Ուկրաինան, նա կանգ չի առնի…, նա կշարունակի շարժվել և հարձակվել ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա», - ասել էր նա Կոնգրեսին:
comment.count (0)