Գնդակն այժմ ակումբների դաշտում է․ Արմեն Մելիքբեկյանը՝ պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման մասին
 |armenpress.am|
10:40 - 18 դեկտեմբերի, 2023

Գնդակն այժմ ակումբների դաշտում է․ Արմեն Մելիքբեկյանը՝ պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին հաշված օրեր են մնացել։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և կարիերան վերջերս ավարտած ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։

ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ով ֆեդերացիան ղեկավարում է վերջին 4 տարիներին, «Արմենպրես»-ի հետ զրույցում ամփոփել է տարբեր տարիքային հավաքականների մրցելույթները, խոսել պայմանավորված խաղերի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող քայլերի մասին, անդրադարձել հայկական ակումբների կողմից իր հասցեին հնչող քննադատություններին:

-Սկսելով ամենակարևորից` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից. ինչպիսի՞ գնահատական կտաք Եվրոպայի առաջնության ընտրական փուլին և Ալեքսանդր Պետրակովի կատարած աշխատանքին:

- Իհարկե, միշտ էլ ուղեգրի համար պայքարելու խնդիր դնում ենք: Մինչև նախավերջին խաղը մենք շանսեր ունեինք: Եթե հաղթեինք Ուելսին, ապա վերջին խաղը եզրափակիչ կլիներ: Բայց շատ ավելի քիչ միավորներ հավաքեցինք, քան կարող էինք` հաշվի առնելով մեր խաղի մակարդակը: Փաստացի 8 խաղից մենք միայն մեկում ենք խաղային առումով ձախողվել: Դա Լատվիայի հավաքականի հետ խաղն էր: Եվ պարադոքսալ էր, որ, նման խմբում հայտնվելով, երկու գնդակի տարբերությամբ միայն Լատվիային ենք պարտվել: Եղան վերլուծություններ թե՛ մեր կողմից, թե՛ մարզչական շտաբի կողմից, որը դրականորեն ազդեց արդեն վերջին երկու խաղերի վրա, քանի որ խաղի մակարդակն այն էր, ինչ սովորաբար, քիչ թե շատ սպասում ենք: Միավորներ քիչ եղան, մենք չկատարեցինք մեր խնդիրը, բայց հուսադրող էր այն, որ բավականին բարդ խմբում մենք կարողացանք լավ ֆուտբոլ ցուցադրել։ Մեր խմբում երկու թիմ աշխարհի, երեքը Եվրոպայի վերջին առաջնությունների մասնակից էին, այսինքն` բավական բարդ խմբում էինք հայտնվել։ Մենք, 3-րդ զամբյուղում լինելով, ստացել էինք 4-րդ զամբյուղի ամենաուժեղ թիմին` Թուրքիային: Այդ խմբում կարողացանք ցույց տալ բավականին լավ ֆուտբոլ, և հուսադրող էր նաև այն, որ բազմաթիվ երիտասարդներով համալրված թիմն արդեն կայանում է: Մենք կարող ենք դրականորեն նայել ապագային: Այս առումով, ես, իհարկե, գոհ եմ Ալեքսանդր Պետրակովի աշխատանքից: Նրա պայմանագիրը դեռ մեկ տարի ժամկետ ունի, և մենք արդեն իսկ խոսել ենք ապագայի մասին, պայմանավորվում ենք հաջորդ տարվա անելիքների մասին: Եվ, իհարկե, հավաքականի առջև խնդիր է դրված Ազգերի լիգայի C խմբում առաջին տեղը զբաղեցնել: Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանի հավաքականն այն թիմերից է, որը պետք է լինի առնվազն Ազգերի լիգայի B լիգայում:  

-Տարբեր տարիքային հավաքականների վերջին ելույթները, մեղմ ասած, հուսադրող չէին: Ի՞նչ է կատարվում թիմերում և ինչո՞ւ չի հաջողվում կայուն արդյունք ունեցող թիմ ունենալ:

-Պատանեկան և երիտասարդական հավաքականների խնդիրը երկու տարբեր կողմ ունի: Այսօր 4 ֆուտբոլիստ՝ Գեորգի Հարությունյանը, Ստյոպա Մկրտչյանը, Արթուր Սերոբյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, որոնց տարիքը թույլ է տալիս հանդես գալ Մ-21 հավաքականում, խաղում են ազգային հավաքականում: Նրանցից երեքն ազգային հավաքականի  հիմնական կազմի ֆուտբոլիստներ են: Ի սկզբանե, մարզիչը  4 ֆուտբոլիստի տեղափոխեց ազգային թիմ` կարևորելով Եվրոպայի առաջնության ընտրական փուլը: Երբ երիտասարդական հավաքականը զրկվում է այդ քանակի ֆուտբոլիստներից, իսկ նրանք թոփ ֆուտբոլիստներ են երիտասարդական ընտրանու համար, մենք արդյունքների խնդիր պետք է ունենանք: Ազդեց նաև Ռաֆայել Նազարյանի հրաժարականի որոշումը: Եվ այս ընթացքում  պետք է հասկանայինք, թե ինչպես պետք է առաջ շարժվենք: Կարծում եմ՝ երիտասարդական ընտրանու հետ կապվածճիշտ որոշում ենք կայացրել` վերադարձնելով Արմեն Գյուլբուդաղյանցին: Ինձ համար շատ կարևոր քայլ էր նրա նշանակումը: Վստահ եմ`Արմեն Գյուլբուդաղյանցը դրական աշխատանք կկատարի ԲԿՄԱ-ում և երիտասարդական թիմում, և  վերջին 4 խաղում մենք անպայման միավորներ կունենանք: Ինչ վերաբերում է պատանեկան հավաքականներին, այստեղ մենք մի գլոբալ խնդիր ունենք, որը վերաբերում է Մ17 տարեկանների թիմին: Պատմության ընթացքում մշտապես մենք ունեցել ենք շատ վատ արդյունքներ: Իմ օրոք 3 ընտրական փուլ ենք անցկացրել և ոչ մեկում չենք կարողացել վերջին տեղը չզբաղեցնել: Նախկինում էլ է այդպես եղել, ամբողջ պատմության ընթացքում Մ17 տարեկանների հավաքականն ընտրական փուլը  հաղթահարել է ընդամենը երկու անգամ: Բազմաթիվ պարտություններ ենք ունեցել, անգամ Սան Մարինոյի հետ ոչ-ոքի խաղացել: Բայց դա չի նշանակում, որ պետք է դրանով արդարանանք: Դա նշանակում է, որ մենք որոշակի պատկերացումներ ունենք խնդիրների մասին և շատ լուրջ ծրագիր ենք ուզում ներդնել մարզիչների խմբի հետ, որպեսզի փոխենք մոտեցումները: Եվ այս տարի արդեն իսկ սկսել ենք, բայց այստեղ արդեն հարցը մեր առաջնություններն են և ֆիզիոլոգիան է, քանի որ մեր ֆուտբոլիստներն ավելի ուշ են հասունանում, քան կենտրոնական, հյուսիսային Եվրոպայի կամ Մեծ Բրիտանիայի երկրների ֆուտբոլիստները: Մ19 տարեկանների հավաքականում այն մոտավորապես հավասարվում է: Մ17 տարեկանների հավաքականում ներդնելով այս ծրագիրը՝ գալիք երկու տարում կարող ենք տեսնել, թե ինչ կլինի: Եվ մի կարևոր հանգամանք ևս․ այո, մինչև 17 տարեկանների մեր առաջնությունը մրցակցային առումով այդքան էլ ուժեղ չէ: Եվ խոսքը երկու թիմի մասին չէ, այլ շատ: Բայց ֆուտբոլիստները սկսում են աճ գրանցել, երբ նրանց տեղափոխում ենք Առաջին խումբ կամ Բարձրագույն խումբ: Ինչ վերաբերում է Մ19 տարեկաններին, մենք նախորդ տարիների ընթացքում մեկ անգամ հաղթահարել ենք նախնական փուլը` մտնելով Էլիտ ռաունդ, որը 10 տարի անց առաջին անգամն էր: Եվ վերջին երկու տարիներին մենք լուրջ խնդիրներ ենք ունեցել ֆուտբոլիստների վնասվածքների պատճառներով: Այս տարի ևս մենք բազմաթիվ կորուստներ ենք ունեցել վնասվածքների, թղթաբանական խնդիրներ պատճառով, որն ազդեց թիմի ելույթների վրա: Բայց այդ տարիքում մենք շատ ավելի դրական ենք տրամադրված, քանի որ ֆուտբոլիստները սկսում են հանդես գալ Հայաստանի առաջնություններում: Կարծում եմ` փոփոխությունները 2024 թվականին մենք պետք է տեսնենք:     

-2019 թվականին, երբ ներկայացնում էիք Ձեր ծրագիրը, մեծ տեղ ու դեր էր տրված պրոֆեսիոնալ լիգային: Անցել է 4 տարի, բայց այդ լիգան այդպես էլ չի ստեղծվել: Ինչո՞ւ:

-Ես զարմանում եմ, երբ քննադատություն եմ ստանում ակումբներից պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման հարցում, քանի որ գնդակն այժմ ակումբների դաշտում է: ՀՖՖ-ն ստեղծել է տիպային կանոնադրություն, բոլոր անհրաժեշտ պայմանագրերը պատրաստել է և հանդիպել է ակումբների հետ` հանձնելով այն նրանց: Եվ հիմա ակումբներն իրար մեջ պետք է պայմանավորվեն, ստեղծեն այդ հասարակական կազմակերպությունը կամ այլ տիպի կառույց` գալով ֆեդերացիա ու ցանկանալով ստանալ պրոֆեսիոնալ լիգան: ՀՖՖ-ն այս առումով անհրաժեշտ քայլերն արել է: Մենք մեր առաքելությունն այս հարցում արդեն արել ենք: Պաշտոնապես հայտարարում եմ՝ յուրաքանչյուր պահի, երբ ակումբները կգան և կուզեն ստանձնել պրոֆեսիոնալ լիգայի կառավարումը, մենք ոչ միայն նրանց կօգնենք, կաջակցենք, այլ նաև այն հովանավորներին, որոնք հիմա հովանավորում են ID Bank Պրեմիեր լիգան․ կխնդրենք, որ գումարը փոխանցվի պրոֆեսիոնալ լիգային: Այդ հարցում ես ինչ-որ տեղ միտում եմ տեսնում՝ մեդիայում անհարկի քննադատություն ապահովելու տեսանկյունից:

-Պայմանավորված խաղերի խնդիրը շարունակում է մեծ գլխացավանք մնալ, թեպետ այն կար նաև նախկինում: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:

-Խնդիրը շատ լուրջ էր 2019 թվականին: Եվ մենք դրա դեմն առել ենք` բազմաթիվ որակազրկումներով, այլ քայլեր ձեռնարկելով, անգամ հարուցվել է քրեական գործ, որը, ցավոք սրտի, մինչ օրս ընթացքում է: Համեմատելով նրա հետ, ինչ եղել է նախկինում, ծավալը տասնյակ անգամ կրճատվել է: Բայց մենք չենք կարող խոսել պայմանավորված խաղերից, այլ կարող ենք խոսել մեր կասկածների մասին: ՀՖՖ-ն մշտապես զբաղվում է սրանով: Մենք ունենք աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով վերլուծում է իրավիճակը, իսկ  անհրաժեշտության դեպքում ինֆորմացիան փոխանցում է իրավապահ մարմիններին Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, մենք ունենք քիչ քանակությամբ կասկածելի դեպքեր, որոնք հիմա ուսումնասիրում ենք: Սա շատ բարդ թեմա է նույնիսկ եվրոպական առաջատար երկրներում:

-Կանանց ֆուտբոլում սկանդալների պակաս չունենք: Ազգերի լիգայում կանայք վատ արդյունք գրանցեցին՝ կրելով 6 պարտություն: Ի՞նչ է արվում այս խնդիրը շտկելու առումով:

-Ցավոք սրտի, բազմաթիվ մարդիկ, ովքեր խոսում են կանանց ֆուտբոլից, երբևէ չեն դիտել կանանց ֆուտբոլի հանդիպումները: Ցավալիորեն, նրանք նայում են միայն հաշիվները և չեն տեսնում ընդհանուր զարգացման միտումները: Կանանց ազգային թիմը 8 տարվա դադարից հետո վերստեղծվել է 2020 թվականին` ընդամենը ընկերական խաղեր անցկացնելով: Եվ սա ընդամենը երրորդ տարին է, որ թիմը գոյություն ունի: Կանանց ֆուտբոլը դեռևս սաղմնային փուլում է: Մենք շատ բան ենք բաց թողել․ այն ժամանակ, երբ բազմաթիվ ֆեդերացիաներ խոշոր ներդրումներ էին անում կանանց ֆուտբոլում, մենք ոչինչ չենք արել: Հիմա մենք սկսել ենք անել դա ողջ ծավալով, բայց հետ ենք մնացել: Բայց եթե խոսում ենք ազգային թիմի խաղից և դրական միտում չենք տեսնում, այս հարցն ինձ նյարդայնացնում է, քանի որ մարդիկ, երբևէ չհետևելով խաղերին, միայն խոսում են արդյունքներից: Կանայք մինչև 2022 թվականը ոչ մի միավոր չէին վաստակել առհասարակ: Անցյալ տարի մեր Մ17 տարեկանների հավաքականը Մարիամ Ստեփանյանի գլխավորությամբ առաջին հաղթանակը տոնեց` հաղթելով Վրաստանին 3:0 հաշվով: Մենք շատ արժանի ելույթ ունեցանք Լյուքսեմբուրգում: Այս տարի արդեն մենք խմբում 3-րդն էինք: Այս տարի Մ17 տարեկանների հավաքականը երկու ոչ-ոքի գրանցեց, մեկ պարտություն և չգրավեց վերջին տեղը: Մենք տեղափոխվեցինք 3-րդ զամբյուղ: Մեզ համար սա բավական լուրջ նվաճում է: Սա այն դեպքում, երբ մեզ համար բարդ խնդիր է 30-35 աղջիկ հավաքել, որոնք համապատասխանում են հավաքականի մակարդակին: Հիմա մեծ շեշտ ենք դնում երեխաների վրա, և մի քանի տարի հետո ծավալը կմեծանա, որից էլ կկարողանանք որակ ապահովել: Մ19 տարեկանների հավաքականն ունի պարտությունների շարք, բայց այս տարի պատմության մեջ առաջին հաղթանակը տոնեցին: Ինչ վերաբերում է ազգային թիմին, շատ են երիտասարդ ֆուտբոլիստները: Ունենք հայ աղջիկներ, որոնք հանդես են գալիս ԱՄՆ-ում, և աշնանն ունեցել ենք խնդիր՝ դասերի հետ կապված: Մեզ ժամանակ է պետք: Իմ կարծիքով՝ որոշակիորեն առաջընթաց կա խաղային որակի առումով` հաշվի առնելով այն բազմաթիվ կորուստները, որ ունեցել ենք: Բոլոր նրանց, ովքեր գրում են, որ կանանց ընտրանին պարտվում է խոշոր հաշվով, հրավիրում եմ խաղադաշտ նայելու հավաքականի խաղերը և, գուցե, նրանք էլ մեզ կօգնեն` տեսնելով խնդիրներն ու բացթողումները, որոնք մենք չենք տեսնում:

-Որքանո՞վ է արդարացված ԲԿՄԱ-ի նախագիծը:  

-ԲԿՄԱ-ի նախագիծը սկիզբ առավ 2019 թվականին: Երբ նայում ենք, թե ովքեր են եղել առաջին նախագծում, տեսնում ենք, որ նրանցից երկուսն արդեն արտասահմանում են հանդես գալիս` Նարեկ Գրիգորյանը և Ժիրայր Շաղոյանը: 2-րդ, 3-րդ սերնդից մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք խաղում են արտասահմանում` Ստյոպա Մկրտչյան, Արթուր Սերոբյան: ԲԿՄԱ-ի նախագիծը կա արդեն 4 տարի, և արդյունքում 4 ֆուտբոլիստ խաղում է արտասահմանում: Առնվազն 11 ֆուտբոլիստ տարբեր տարիների հրավիրվել է ազգային հավաքական: Ինձ համար այն իրոք շատ լավ նախագիծ է` մեր ամենաստացված նախագծերից մեկը: Ակնկալում ենք, որ ԲԿՄԱ-ի արդյունավետությունն էլ ավելի կբարձրանա Արմեն Գյուլբուդաղյանցի գալով: Շատ գոհ եմ նաև Վահագն Մինասյանի գլխավորած ԲԿՄԱ-2-ից, որտեղ պատանի ֆուտբոլիլստները լավ աճ են գրանցում: ԲԿՄԱ-ն մարտունակ թիմ է, կարողանում է խաղալ առաջատարների հետ և վերջերս էլ հաղթեց գործող չեմպիոնին: Բարձրագույն խմբի թիմերին նայելով՝ կտեսնենք, որ բազմաթիվ ֆուտբոլիստներ խաղում են այնտեղ: Օրինակ, ,միայն «Ուրարտու»-ում ԲԿՄԱ-ի առաջին սերնդից կա 5 ֆուտբոլիստ:

 -Խոսենք ֆուտզալի ընտրանու մասին: Թիմը հանդես է գալիս Էլիտ ռաունդում: Ի՞նչ գնահատական կտաք:

-Մենք երբևէ չէինք խաղացել Էլիտ ռաունդում․ դա քառաստիճան  համակարգի 3-րդ աստիճանն է: Իհարկե, մենք մեծ ցանկություն ունեինք տեղափոխվել հաջորդ փուլ, բայց այս անգամ չստացվեց: Բայց միանշանակ մենք խնդիր ենք դնելու հաղթահարել Եվրոպայի առաջնության ընտրական փուլը: Դրական ձեռքբերում է այն, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այժմ չենք սկսելու որակավորման ամենացածր փուլից: Ունենք առաջխաղացում ապրող հավաքական, ունենք երիտասարդ ֆուտբոլիստներ և, բացի բրազիլացի ֆուտբոլիստներից, ունենք երիտասարդ հայ ֆուտբոլիստներ, որոնք «ծեծում են հավաքականի դուռը»: Բացարձակ առաջատար ունենք․ խոսքը մեր ավագի` Վլադիմիր Սանոսյանի մասին: Տեսնում ենք, որ տեղում ֆուտզալի լիգաները զարգացնելով և նաև կառավարության հետ համատեղ ծրագրով ֆուտբոլ-ֆուտզալի դպրոց բացելու ճանապարհով կկարողանանք կայուն հիմք ունենալ, որի վրա էլ կկառուցենք մեր հավաքականը: Ֆուտզալում այս պահին ոչ մի խնդիր չեմ տեսնում:

-Ի՞նչ փուլում է ազգային մարզադաշտ ունենալու նախագիծը։

-Ազգային մարզադաշտը լինելու է: Վերջին երկու տարում մեծ ծավալի աշխատանք ենք կատարել մարզադաշտի ստեղծման ուղղությամբ: Հիմա չեմ ուզում փակագծերը բացել, բայց կառավարության հետ համատեղ աշխատանքները շարունակվում են: Հասել ենք ինչ-որ փուլի, և հաջորդիվ արդեն կերևան վերջնական արդյունքները:

-Հավաքականի խաղերի տոմսերի հետ կապված խնդիրներ կային նախորդ մրցափուլում: Ինչո՞ւ չի ստեղծվում հստակ համակարգ:

-Խոսենք տոմսերի թանկ լինելու մասին․ մենք մարզադաշտում ունենք բազմաթիվ տեղեր, որոնք վաճառվում են 1000 դրամով: Եվ գների այս քաղաքականությունը սոցիալական այն խավերի համար է, որոնք չեն կարող իրենց թույլ տալ առավել թանկ տոմս գնել: Իրականում տոմսերի հետ կապված խնդիր եղել է միայն Խորվաթիայի հետ խաղից առաջ, երբ մեկ օրում տոմսերը սպառվեցին: Միայն դրանից հետո որոշակի փոփոխություններ կատարեցինք տոմսերի գների մեջ` պահելով նվազագույն գինը: Եվ ևս մեկ հետաքրքիր փաստ, օրինակ, Ուելսի հետ խաղից առաջ ավելի թանկ տոմսերը հիմնականում ավելի շուտ էին սպառվել, քան 1000 դրամանոց տոմսերը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել