Սերբիայում ցուցարարներ փորձել են գրոհել քաղաքապետարանը. նախագահը վստահեցրել է, որ երկրում հեղափոխություն չի լինի
 |tert.am|
10:40 - 25 դեկտեմբերի, 2023

Սերբիայում ցուցարարներ փորձել են գրոհել քաղաքապետարանը. նախագահը վստահեցրել է, որ երկրում հեղափոխություն չի լինի |tert.am|

tert.am: Դեկտեմբերի 24-ին ընդդիմադիր «Սերբիան ընդդեմ բռնության» դաշինքի կողմնակիցները փորձել են ներխուժել Բելգրադի քաղաքապետարան, իրավապահները փակել են շենքի մուտքը։ Դաշինքի ներկայացուցիչները դժգոհություն են հայտնել Սերբիայում դեկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներից։ 

ՏԱՍՍ-ը գրում է, որ  զայրացած մարդիկ շրջապատել են Բելգրադի քաղաքապետարանը և փորձել են գրոհել այն: Ցուցարարները պահանջել են չեղարկել քաղաքային ընտրությունները և իշխանափոխություն անել։

Բողոքի ակցիաների ֆոնին նախագահ Ալեքսանդր Վուչիչը հատուկ ուղերձով դիմել է ժողովրդին. դրանում նշվել է, որ փողոց է դուրս եկել մոտ 2,5 հազար մարդ։

Վուչիչն ընդգծել է, որ Սերբիայում հեղափոխություն չի լինի։ Նա խոստացել է, որ «ավազակները» կձերբակալվեն, իսկ իրավապահ մարմինները կշարունակեն գործել օրենքի շրջանակում։ Սերբիայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել օտարերկրյա հետախուզական ծառայություններին, որոնք Բելգրադին զգուշացրել են երկրում անկարգությունների նախապատրաստման մասին։

«Մի անհանգստացեք, հեղափոխություն չկա, նրանց մոտ ոչինչ չի ստացվի, մենք ամեն ինչ փորձում ենք լուծել խաղաղ ճանապարհով», - ընդգծել է նախագահը ժողովրդին ուղղված հրատապ ուղերձի ժամանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել