Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին:
Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Վարդաբլուրի միջնակարգ դպրոցում, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է ավելի քան 237 մլն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022թ. մայիսին:
Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Ստեփանավանի N1 վարժարանի նոր մարզադահլիճի կառուցման աշխատանքներին, որի համար հատկացվել է ավելի քան 173 մլն դրամ: Շրջայցի ընթացքում վարչապետն արձանագրել է տարբեր խնդիրներ և պատասխանատուներին հանձնարարել դրանք շտկել սեղմ ժամկետներում:
Կառավարության ղեկավարն այցելել է Մեդովկա բնակավայր, որտեղ շրջայցի ընթացքում ծանոթացել է նոր կառուցված մոդուլային հիմնական դպրոցում իրականացված աշխատանքներին: Այստեղ ևս Նիկոլ Փաշինյանն արձանագրել է բազմաթիվ խնդիրներ: Վարչապետն այստեղ հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Սիրելի աշակերտներ,
Ուրախ եմ ձեզ տեսնելու համար, բայց ես դեռ չեմ շնորհավորում դպրոցի առիթով, որովհետև որակի հետ կապված խնդիրներ եմ տեսնում:
Այս պահի դրությամբ երեք տեղ ենք գնացել և երեքում էլ որակի հետ կապված խնդիր ունենք: Ես չեմ պատկերացնում կոմպրոմիս որակի հետ: Եվ այս օբյեկտներն էլ չեն կարող ընդունվել և վճարվել՝ մինչև մեր ստանդարտին համապատասխան չլինեն: Ընդ որում՝ ի՞նչ ենք անում, մտնում ենք 10-15 րոպե մի տեղ, նայում, եթե վիզուալ առաջին հայացքից բան է երևում, դա նշանակում է, որ խորքում ավելի մեծ պրոբլեմներ կան:
Այստեղ ես խնդիր եմ տեսնում, պարոն Ղուլարյան, մեր ծրագրերի կառավարման հետ կապված: Որ կողմ նայում եմ՝ պրոբլեմ կա: Մենք չենք կարող երեխաների առաջ կանգնել, երեխաների աչքերի մեջ նայել, ասել՝ դպրոցը կառուցել ենք, շնորհավոր, գնացինք: Դպրոցը չենք կառուցել: Սա, կներեք արտահայտությանս, կիսատ աշխատանք է: Եվ ես այս պահին այլ բան ասելու առիթ չեմ տեսնում: Պետք է որակի հետ կապված խնդիրը լուծվի:
Կառավարությունից մարդ չի՞ գալիս, մարզպետարանից մարդ չի՞ գալիս, Քաղաքաշինության կոմիտեից մարդ չի՞ գալիս, այստեղ հսկող չկա՞: Ենթադրենք, մենք չէինք գալիս, հետևողական չէինք լինում, ի՞նչ վիճակում էր այս դպրոցը երեխաներին հանձնվելու: Որտեղ նայում եմ, կարծես շինարարն ամեն տեղից ցանկացել է 1000 դրամ տանել: Չի կարելի այդպես աշխատել: Սա վերաբերմունք չէ: Ատկա՞տ ենք մենք ուզում շինարարից, մեզ փո՞ղ է տալիս: Ինչո՞ւ այդ մարդիկ իրենց գործը չեն անում: Դժգոհ եմ: Եվ սա Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատվությունն է, տեխհսկողի պատասխանատվությունը»:
Դպրոցում սովորում է ավելի քան 50 աշակերտ, սակայն այն նախատեսված է 144 աշակերտի համար: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020թ. նոյեմբերին: Տաշիրում վարչապետը ծանոթացել է բժշկական կենտրոնի շինարարության ընթացքին: Կառավարությունը 30 մահճակալ հզորությամբ բժշկական կենտրոնի կառուցման համար հատկացրել է 1 մլրդ 697 մլն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022թ. հոկտեմբերին, նախատեսվում է ավարտել 2025-ին:
Նիկոլ Փաշինյանը եղել նաև Հագվի բնակավայրում, որտեղ ևս կառուցվել է հիմնական դպրոցի տիպային (մոդուլային) շենք: 144 տեղ հզորությամբ դպրոցի կառուցման արժեքը կազմել է ավելի քան 756 մլն դրամ: Շինարարական աշխատանքները սկսվել են 2020թ․նոյեմբերին։ Դպրոցն ունի կահավորված խաղահրապարակ, արևային ֆոտովոլտային կայան։ Իրականացվել են նաև բարեկարգման և ցանկապատման աշխատանքներ։
Վարչապետը շնորհավորել է աշակերտներին և ուսուցիչներին նոր դպրոցի առիթով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկուշաբթի օրվանից աշակերտները կհաճախեն նորակառույց դպրոց, բայց Կառավարությունը չի համարի, որ աշխատանքներն ավարտել են:
«Կարծում եմ, որ ընդհանրապես մեր կյանքում, և հատկապես՝ դպրոցներում, պաթոսը պետք է մի փոքր թուլացնենք և կենտրոնանանք գործի և աշխատանքի վրա, որովհետև երբեմն մենք էլ չենք նկատում, որ պաթոսն օգտագործվում է չարված աշխատանքը ծածկելու համար: Իսկ մեզ պետք է կենտրոնանալ աշխատանքի վրա և դուրս գալ այս կիսակատարության ռեժիմից, որովհետև կիսակատարությունը կարծես շարունակում է մնալ մեր հիմնական գործելակերպը: Այս շենքը երեխաների և ուսուցիչների համար է կառուցված, և ամեն ինչը պետք է հարմարեցվի նրանց: Կարևոր է, թե ինչ է լինելու դասասենյակներում: Այս շենքը դեռ կիսատ է, թերություններ ունի, գույքը ճանապարհին է, դեռ պետք է ապրեցնեք: Մենք ընդամենը, այսպես ասած, հողը վարած կամ կիսավարած տվել ենք ձեզ, դուք պիտի ցանեք, դուք պիտի մշակեք, դուք պիտի բերքը հավաքեք և իհարկե, նաև երկիրը և պետությունը պետք է այդ բերքը հավաքի:
Իրականում այդքան էլ լավ օրից չէ, որ որոշել եմ՝ որտեղ դահլիճ, դպրոց կառուցվի՝ պետք է անպայման գնամ, տեսնեմ, որովհետև զգում եմ, եթե չգնամ, տեսնեմ, այնպես չէ, որ իմ գնալ, տեսնելով կատարելության կհասնենք, բայց առնվազն իմ չգնալ, չտեսնելով կատարելության ճանապարհներին հաստատ կմոլորվենք: Ձևին ավելի շատ ենք ուշադրություն դարձնում, քան բովանդակությանը: Եվ ես չեմ կարող ուղղակի չնկատելու տալ, որ այսպես է:
Մեդովկայի դպրոցի համեմատ այստեղից տպավորությունը մի փոքր ավելի լավ է, բայց թերությունները բազմաթիվ են: Ք՞իչ ենք ֆինանսավորում: Եթե քիչ ենք ֆինանսավորում, իմանանք քիչ ենք ֆինանսավորում: Այս դպրոցի համար 780 մլն դրամ է հատկացվել: Այս կիսակատարության ռեժիմից պետք է դուրս գալ, այս պաթոսը պետք է հաղթահարել: Նոր տարին վերջացավ երեկ, կենացներն ավարտվեցին, այժմ պետք է անցնել գործի»,- ընդգծել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ տեսչական ստուգումներ են իրականացվում և տեսանելի է, որ դպրոցներում ուսումնառության վիճակն այդքան էլ լավ չէ: Իհարկե, դա կապված է նաև շենքային պայմանների հետ: «Մեր երեխաներին պետք է ճիշտ ուղերձ տալ: Երեխան պետք է առաջին հերթին զգա հարգանք իր նկատմամբ: Պետք չէ իր գլխին ճառ կարդալ: Երբ մենք ճիշտ ճարտարապետություն դնենք և՛ քաղաքաշինական, և՛ բովանդակային, և՛ կրթական, երեխան ուզած-չուզած լավ պիտի սովորի: Միջավայր պետք է ձևավորել:
Շատ եմ ուզում դիմել նաև մեր ուսուցիչներին: Ուսուցչի դերն առանցքային է: Այսինքն՝ եթե ուսուցիչն այս տրամաբանության մեջ չեղավ, մենք խնդիրներ կունենանք»:
Վարչապետը պատասխանատուներից պահանջել է լինել հետևողական և բոլոր խնդիրներին տալ համապատասխան լուծում:
Կառավարության ղեկավարը ծանոթացել է Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան N 27 և Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցների նոր մարզադահլիճների պայմաններին: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022թ. հունիսին։ N 27 դպրոցի մարզադահլիճի կառուցման արժեքը կազմել է 83 մլն դրամ, իսկ թիվ 23 դպրոցի մարզադահլիճի համար պետբյուջեից հատկացվել է 251 մլն 802 հազար դրամ:
Վարչապետը Վանաձորում ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ:
comment.count (0)