armeniasputnik.am: ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին դատարան բերեցին շտապօգնության մեքենայով և անվասայլակով՝ բժիշկների ուղեկցությամբ։ Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Խաչատրյանին։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ընթանում է Խաչատրյանի գործով դատական նիստը, որի ներկա են մեղադրյալներ Գագիկ և Կարեն Խաչատրյանները, նաև Սեդրակ Առուստամյանը։ Ըստ քրեական գործի՝ Սեդրակ Առուստամյանը Գագիկ Խաչատրյանին 22 մլն 401 հազար դոլար կաշառք է տվել։
Դատական նիստի հենց սկզբում Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դիմեց դատարանին՝ քննարկելու Գագիկ Խաչատրյանին Գերմանիա վիրահատության նպատակով մեկնելու միջնորդությունը։ Դատավորը որոշում կայացրեց միջնորդությունը քննարկել ավելի ուշ, նիստը սկսել Սեդրակ Առուստամյանի հարցաքննությամբ։ Դրա դեմ բողոքեց պաշտպան Սարգսյանը՝ շեշտելով, որ իր ներկայացրած միջնորդությունը անհապաղ քննարկման կարիք ունի։
«Ելքի թույլտվության վերաբերյալ դատարանը քանի որ դեռևս պաշտոնական պատասխան չի ստացել առողջապահության նախարարությունից, ուստի չի կարող քննել այդ հարցը»,- նշեց դատավորը։
Երեմ Սարգսյանը շարունակեց բողոքել որոշման դեմ, բանավեճ և փոխադարձ մեղադրանքներ սկսվեցին մեղադրող դատախազի և պաշտպանի միջև։ Մեղադրող դատախազի կարծիքով՝ պաշտպանական կողմը կանխատեսելի դատավարական վարքագիծ է ընտրել, նիստը ձգձգելու նպատակով հերթական միջնորդության քննարկում են առաջարկում, որից հետո ասելու են, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է, պետք է անհապաղ բուժօգնության տեղափոխել, դատական նիստը հետաձգել։
Պաշտպանը մեղադրեց դատախազին բացարձակ անմարդկային վերաբերմունքի մեջ՝ շեշտելով, որ վերջինս բացասական վերաբերմունք ունի Գագիկ Խաչատրյանի նկատմամբ։
«Ձեր դիրքորոշումն ու վարքագիծը բացարձակ հարիր չէ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն հռչակված ՀՀ դատախազության ներկայացուցչին»,- հայտարարեց Երեմ Սարգսյանը։
Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով դատական նիստը 5 րոպեով հետաձգվեց, ինչից հետո դատարանը վերադարձավ դահլիճ և, ինչպես պաշտպանն էր պնդում՝ նիստը սկսվեց Խաչատրյանի ելքի թույլտվության միջնորդության քննությամբ։
Պաշտպան Երեմ Սարգսյանը ներկայացրեց Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ առկա եզրակացությունները, ըստ որոնց՝ ՊԵԿ նախկին նախագահին անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ։ Հայաստանյան ԲԿ-ներում կարող են համաձայնել վիրահատությունն անցկացնել միայն պայմանով, որ վիրահատությանը մասնակցի նախորդ վիրահատությունը կատարած բժիշկը՝ համապատասխան բժշկական պարագաների հավաքածուի առկայությամբ, մինչդեռ այդ ամենը Հայաստանում առկա չէ, հետևաբար, ինչպես պնդում է պաշտպանը, վիրահատությունը հնարավոր չէ կատարել Հայաստանում։
comment.count (0)