«Շուշիի գրավումը մեզ հնարավորություն տվեց եռակողմ հայտարարության մեջ ներառել «Զանգեզուրի միջանցքի» մասին դրույթը». Ալիև
 |azatutyun.am|
21:13 - 10 հունվարի, 2024

«Շուշիի գրավումը մեզ հնարավորություն տվեց եռակողմ հայտարարության մեջ ներառել «Զանգեզուրի միջանցքի» մասին դրույթը». Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: «Եռակողմ հայտարարության ընդունումն այն տեսքով [որով ստորագրվեց], մեր մեծագույն քաղաքական հաջողությունն էր», -այսօր ադրբեջանական մի շարք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարության ադրբեջանական կողմի համար «շահեկան պայմաններով ընդունմանը նպաստել է Շուշիի գրավումը»։

«Եթե Շուշին օկուպացիայից չազատագրվեր, մենք, իհարկե, չէինք կարողանա այդ պայմանները ներառել հայտարարության տեքստում։ Այսինքն՝ մեր հաղթանակը, այն, որ մենք ուժեղ էինք, հնարավորություն ստեղծեցին, որ մենք ներառենք պայմաններ, որոնք չէին վերաբերում [Ղարաբաղի] խնդրին, մասնավորաբար «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հարցեր», - ասել է Ալիևը։

Խոսելով 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների մասին, որոնց հետևանքով Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց՝ նա նշել է, որ սեպտեմբերի 20-ին Ադրբեջանում նոր դարաշրջան է մեկնարկել։

«Արդարությունը հաղթեց, մենք ավարտին հասցրեցինք մեր ճշմարիտ գործն, ու ինքներս վերականգնեցինք արդարությունը», - շեշտել է Ալիևը՝ հավելելով, - «Ցավոք սրտի, միջազգային հանրության հիմնական դերակատարները մեր այդ կարծիքրը չկիսեցին։ Հակառակը՝ մեզ փորձում էին մեղադրել, փորձում էին մեր դեմ տարատեսակ ճնշումների մեխանիզմներ գործարկել»։

Ադրբեջանի նախագահը միջազգային ասպարեզում Բաքվի գործողությունները «դիվանագիտական պատերազմ» է որակել։

«Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պաշտոնական Բաքվի ու Անկարայի հայտարարություններին ի պատասխան՝ Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել