Զախարովան ԼՂ-ում էթնիկ զտման փաստեր չունի․ ՌԴ ԱԳՆ-ի կեղծ ու մանիպուլյատիվ պնդումները
 |fip.am|
19:13 - 12 հունվարի, 2024

Զախարովան ԼՂ-ում էթնիկ զտման փաստեր չունի․ ՌԴ ԱԳՆ-ի կեղծ ու մանիպուլյատիվ պնդումները |fip.am|

fip.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 12-ի ճեպազրույցի ընթացքում պնդել է, թե Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման փաստեր չկան։

«Ինչ վերաբերում է Ղարաբաղում էթնիկ զտման մասին պնդումներին, ցանկալի կլիներ փաստեր տեսնել։ Եթե կա գոնե որևէ միջազգային կառույցի ինչ-որ փաստաթուղթ, որը Երևանում համարում են հեղինակավոր, օրինակ ՄԱԿ-ի կամ որևէ այլ կազմակերպության․․․ եթե կա գոնե մեկ փաստաթուղթ կամ ինչ-որ հայտարարություն, որը կվկայեր նրա մասին, որ նման էթնիկ զտումներ են եղել, բարի եղեք մեզ տրամադրեք դրանց հղումները»,- նշել է նա։

Ինչ է էթնիկ զտումը, ինչպես է այն սահմանում ՄԱԿ-ը 

Ըստ Միացյալ ազգերի կազմակերպության, Էթնիկ զտումները միջազգային իրավունքի մեջ չեն ճանաչվել որպես առանձին հանցագործության տեսակ, չկա այս հասկացության հստակ սահմանումը կամ կոնկրետ գործողությունը, որը կորակվի որպես էթնիկ զտում։

Սակայն ՄԱԿ Փորձագետների հանձնաժողովը, որը լիազորված էր ուսումնասիրել նախկին Հարավսլավիայի տարածքում կատարված միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, իր միջանկյալ զեկույցում էթնիկ զտումները սահմանել է որպես «… որևէ տարածքը էթնիկապես միատարր դարձնելը՝ ուժի կամ ահաբեկման միջոցով որոշակի խմբերի մարդկանց այդ տարածքից վտարելու նպատակով»։

Փորձագետների հանձնաժողովը վերջնական զեկույցում էթնիկ զտումները բնութագրեց որպես «… նպատակաուղղված քաղաքականություն, որը մշակվել է մի էթնիկ կամ կրոնական խմբի կողմից՝ բռնությամբ և ահաբեկչությամբ մեկ այլ էթնիկ կամ կրոնական խմբի քաղաքացիական բնակչությանը որոշակի աշխարհագրական տարածքից հեռացնելու նպատակով»։

Փորձագետների հանձնաժողովը նաև նշել է, որ քաղաքացիական բնակչությանը հեռացնելու համար օգտագործվող հարկադրանքի պրակտիկան կարող է ներառել սպանություն, խոշտանգում, կամայական ձերբակալություն և կալանավորում, արտադատական մահապատիժներ, սեռական ոտնձգություններ, քաղաքացիական անձանց ծանր ֆիզիկական վնասվածքներ, քաղաքացիական բնակչության գետտոյացում, շրջափակում, քաղաքացիական բնակչության բռնի տեղահանում, կանխամտածված ռազմական հարձակումներ կամ հարձակումների սպառնալիքներ խաղաղ բնակչության և քաղաքացիական տարածքների վրա, քաղաքացիական անձանց օգտագործումը որպես կենդանի վահան, գույքի ոչնչացում, անձնական ունեցվածքի կողոպուտ, հարձակումներ հիվանդանոցների, բժշկական անձնակազմի վրա: 

Զախարովան չգիտի, որ բլոկադան էթնիկ զտման միջոց է 

2022 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը, արգելափակելով Լաչինի միջանցքը, շրջափակման մեջ վերցրեց Լեռնային Ղարաբաղի՝ ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում մնացած հատվածը։ Փաստացի, ինչպես նշեցինք վերևում, ՄԱԿ-ը որոշակի տարածքում էթնիկ խմբի բլոկադան որակում է որպես էթնիկ զտման միջոց, գործողություն։

Հատկանշական է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն, այդ թվում անձամբ ինքը՝ Զախարովան, միջանցքի արգելափակումից հետո քանիցս կոչ է արել Բաքվին ապաշրջափակել այն, մտահոգություն հայտնել բլոկադայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտման վերաբերյալ՝ այդպիսով փաստացի ակամա արձանագրելով, որ Բաքուն էթնիկ զտումը նկարագրող արարք է իրականացնում։

Զախարովան չի տեսել, չի լսել բազմաթիվ զեկույցների ու հայտարարությունների մասին 

Միջազգային դատարանների ու կառույցների կողմից Արցախի բլոկադան, ապա Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքներն արձանագրող բազմաթիվ փաստաթղթեր ու հայտարարություններ կան։

Օրինակ, ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ին հրապարակեց Հայաստանի միջնորդությամբ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակում որոշումը, որում արձանագրվեց․

«ՄԱԿ զեկույցների համաձայն՝ ավելի քան 100,000 հայազգի կամ էթնիկ ծագում ունեցող անձինք ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրը և հասնել Հայաստանի սահման՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սկսված գործողությունից հետո»։ 

Ավելի մանրամասն՝ fip.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել