ՀԾԿՀ-ն պարզաբանում է ներկայացրել «ՄՏՍ-Հայաստան»-ին առնչվող որոշման նախագծի վերաբերյալ
 |armenpress.am|
17:06 - 15 հունվարի, 2024

ՀԾԿՀ-ն պարզաբանում է ներկայացրել «ՄՏՍ-Հայաստան»-ին առնչվող որոշման նախագծի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզաբանում է ներկայացրել «ՄՏՍ-Հայաստան»-ին առնչվող որոշման նախագծի վերաբերյալ, որը Հանձնաժողովը կքննարկի հունվարի 17-ի նիստում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետի տեղակալ Արմեն Հունանյանը նշեց, որ մամուլում տարընկալում է եղել Հանձնաժողովի կողմից «ՄՏՍ Արմենիա»-ի վաճառքին առնչվող նախորդ որոշման և առաջիկայում քննարկվելիք որոշման նախագծի մասով։

Նա պարզաբանեց, որ նախորդ որոշմամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «ՄՏՍ Արմենիա»-ի վաճառքին Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը, իսկ առաջիկայում քննարկվելիք որոշումը վերաբերվում է «Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ռուսական ընկերության կողմից «ՄՏՍ Արմենիա»-ի բաժնետոմսերը 100 տոկոսով ձեռք բերելու հայտին։

«Այսինքն՝ նախորդ որոշմամբ հանձնաժողովը տվել է այլ գործարքի համաձայնություն։ Իսկ այս նախագիծը, որը նախատեսվում է քննարկել հունվարի 17-ին, այլ գործարքի մասին է։  Ըստ այդմ՝ նախատեսվում է ներկորպորատիվ գործարք իրականացնել, այսինքն՝ ընկերության նկատմամբ իրավական վերահսկողություն իրականացնող «Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ռուսական ընկերությունը ցանկանում է «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից ձեռք բերել վերջինիս պատկանող ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը՝ այդպես դառնալով ուղղակի բաժնետերը»,- տեղեկացրեց Հունանյանը։

Նրա խոսքով՝ գործարքի մերժման որոշման հիմքում, որը քննարկվելու է հունվարի 17-ին, ընկած է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բացասական դիրքորոշումը, ըստ որի՝ գերատեսչությունը ելնելով պետական շահից՝ առարկել է տվյալ գործարքին։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ ՀԾԿՀ-ն նման գործարքների վերաբերյալ դիրքորոշում է ձևավորում՝ այն քննարկելով իրավասու մարմնի, տվյալ դեպքում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ։

«Քանի որ նախարարությունն առարկել էր, ապա օրենքի և մեր նորմատիվ իրավական կարգավորումների հիմքերով մենք բնականաբար պետք է այդ գործարքի համաձայնեցման տրամադրումը մերժենք, ինչը և նախատեսել ենք քննարկել մեր հանձնաժողովի հունվարի 17-ի նիստում։ Իսկ ՀԾԿՀ-ի նախորդ որոշումը, որով համաձայնություն էր տրվել հսկողության փոխանցման գործարքին, ապա դրա առարկան այլ է։ Մեր հանձնաժողովը, որպես պետական կարգավորող մարմին, իրավունք է տալիս այս կամ այն գործարքը իրականացնել, իսկ թե հետագայում այդ գործարքը տեղի կունենա, թե ոչ, դա արդեն ընկերության և հնարավոր գնորդի կամ հնարավոր գործարքի մաս կազմող ընկերության միջև գտնվող տիրույթում է։ ՀԾԿՀ-ի որոշումներն, ըստ էության, իրավունքներ են՝ տալ կամ չտալ այդ գործարքներն իրականացնելու համար»,- պարզաբանեց Հունանյանը։

Ըստ նրա՝ ընկերությունը կարող է մի քանի հնարավոր գործարքի վերաբերյալ զուգահեռաբար մի քանի հայտ ներկայացնել, որպեսզի պետությունն էլ դրանք գնահատի և այդ գնահատականի հիման վրա էլ ընկերությունն իր հետագա քայլերն անի։ Նա հիշեցրեց, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն երկու տարբեր հայտեր է ներկայացրել, որպեսզի դրանց մասով պետությունից ստանա համաձայնություն։

Հունանյանի կարծիքով՝ մամուլում տարընկալում է եղել ՀԾԿՀ-ի նախորդ որոշման և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի այժմյան նախատեսվող նախագծի մասով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել