ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչից հետո ԱԺ-ի ՔՊ խմբակցության պատգամավորների շրջանում աղմուկ սկսվեց։
Մասնավորապես, Լևոն Քոչարյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի չափազանց ագրեսիվ հռետորաբանությամբ հարցազրույցին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի, իր ձևակերպմամբ, խեղճուկրակ պատասխանը։
«Ինչո՞ւ եք այդքան վախեցած։ Արձանագրում եք, որ բոլոր առաջարկներն Ալիևը մերժում է, հիմա էլ նոր բան եք առաջարկում՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկում։ Անկեղծ ասեք՝ միամի՞տ եք, թե՞ ուրիշ բան։ Ալիևը թո՞ւյլ է տալու քեզ վերահսկել Ադրբեջանի սպառազինությունը, թե՞ սա էլ է միակողմանի զիջում լինելու»,- հարցրեց Քոչարյանը։
Հարցում «քեզ» դերանունը հնչեցնելուց հետո դահլիճից Քոչարյանին ուղղված բղավոցներ ու վիրավորանքներ լսվեցին։ Վերջինս շարունակեց հարցը․ «Չե՞ք տեսնում, որ կեղծ խաղաղությունը ձախողման օրակարգ է, ինքդ էլ ես ձախողված»։
Հարցին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ կոչ անելով կոռեկտ լինել։
«ՀՀ ընտրված ղեկավար է։ Հասկանում եմ, որ եզակի դեպք է, ձեզ համար զարմանալի է, դուք դրա փորձը չունեք, բայց կոռեկտ եղեք, որպեսզի դահլիճում սենց իրավիճակ չլինի»,- ասաց Սիմոնյանը։
Ամբիոնին մոտեցած վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց Լևոն Քոչարյանին հաջորդ անգամ փորձել հարցը հանգավորել, որպեսզի չորրորդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա, և գուցե այդպես որոշակի դիտումներ և հետաքրքրություն առաջացնի։
«Ես ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ Դուք դպրոցական հանդեսում չեք և Ազգային ժողովում պետք է կարողանալ պատշաճ պահել, հակառակ դեպքում կարծում եմ առիթներ կունենաք վերհիշելու, թե որտեղ եք գտնվում։ Ես Ձեզ հորդորում եմ և հույս ունեմ այս հորդորը կրկնելու առիթ չեք տա»,- ասաց Փաշինյանը։
Ի պատասխան՝ Քոչարյանն ասաց․ «Ուրեմն այստեղ մենք Ձեզ կարող ենք հորդորել որպես երկրի ղեկավար՝ հազարավոր մարդկանց զոհվելու պատճառ դարձած, մի ամբողջ հայրենիք կորցնելու ուղիղ պատասխանատուն, այստեղ մանկական բաներով չզբաղվի ու ինձ ինչ-որ բաներ չհորդորի։ Ես ասել եմ իմ ասելիքը։ Թշնամի երկրի ղեկավարը խոսում է ինչ-որ բաներից, որին շատ թույլ ու խղճուկ պատասխան է լինում ու ինչ-որ առաջարկ»։
Իր հերթին Նիկոլ Փաշինյանն էլ ասաց․ «Առաջընթացը ակնհայտ է, որովհետև հարցի երկորդ մասում առնվազն որոշ բաներ հասկացաք»։
comment.count (0)