ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոխել «Հայոց պատմություն» առարկայի անվանումը |aysor.am|
15:56 - 22 հունվարի, 2024

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է փոխել «Հայոց պատմություն» առարկայի անվանումը |aysor.am|

aysor.am: Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ։ Նման նախագիծ է շրջանառվել Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ հիմնավորման՝ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ ՀՊՉ 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան։ 

Նախարարությունում կարծում են, որ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է առկա անհամապատասխանությունը։

«Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները»,- նշված է հիմնավորման մեջ։

Հիշեցնենք՝ հունվարի 13-ին այս մասին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը. վերջինս հայտարարել էր.  «Վերջերս իմացա, որ մի խումբ մանկավարժներ կամ գիտնականներ, մասնագետներ դիմել են ԿԳՄՍՆ՝ առաջարկելով դպրոցներում դասավանդվող «Հայոց պատություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։ Անկեղծ ասած, այս առաջարկն ինձ ցնցեց ուղղակի հետևյալ տրամաբանությամբ։ Ես ինքս ինձ մեղադրեցի, որ ես այս նրբությունը չեմ նկատել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել