Առանձին բուհերի միավորման հարց չենք քննարկում, մենք մշակում ենք բուհերի խոշորացման միասնական հայեցակարգ, ԿԳՄՍ նախարար
 |tert.am|
13:00 - 08 հունվարի, 2025

Առանձին բուհերի միավորման հարց չենք քննարկում, մենք մշակում ենք բուհերի խոշորացման միասնական հայեցակարգ, ԿԳՄՍ նախարար |tert.am|

tert.am: Մենք որևէ առանձին բուհերի միավորման հարց չենք քննարկում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով բուհերի միավորման հարցին, ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Կրթության զարգացման պետական ծրագրով մեզ համար կարևոր բարեփոխման ուղղություն է բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման գործընթացը, մենք դրան շատ լուրջ ենք վերաբերում։ 2024 թվականի մարտից ձևավորված են աշխատանքային խմբեր, որտեղ ներառված են բոլոր շահագրգիռ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչները, մենք գնացել ենք  այն ճանապարհով, որ յուրաքանչյուր ուղղության համար ներգրավենք նաև միջազգային հեղինակավոր համալսարան, և այս պահին երեք գործընկեր համալսարան ունենք՝ ամեն ուղղության համար: Լոնդոնի արվեստների համալսարանը՝ արվեստների ուղղությամբ, կրթության ուղղությամբ՝ Լոնդոնի համալսարանական քոլեջն է և տեխնոլոգիական ուղղությամբ Յունֆենի տեխնիկական համալսարանն է: Բավական երկար բովանդակային աշխատանք պետք է արվի, առաջին հերթին մեր պատկերացրած խոշորացված բուհերի հայեցակարգերի մշակման ուղղությամբ»,- ասաց նախարարը:

Վերջինս կրկին ընդգծեց, որ նախարարությունը որևէ առանձին բուհերի միավորման ծրագիր, որոշման նախագիծ չի քննարկում և չի քննարկելու:

«Ինչ վերաբերում է ակադեմիական քաղաքի ծրագրին, պետք է նշեմ, որ իհարկե, սա փորձագիտական մտավախություն չէ,  որ մենք ինքներս ամենասկզբից ասում ենք, սա շատ խոշոր ծրագիր է, և բնականաբար այդ ծրագիրը պահանջելու է ֆինանսական լուրջ ներդրումներ։ Այս պահին նաև ակադեմիական քաղաք ծրագրի ներդրումային ծրագիրն է կազմվում, որը հնարավորություն է տալիս նաև գործընկերներ ներգրավել տարբեր ուղղություններով։ Պետք է ասեմ, որ շատ մեծ հետաքրքրվածություն կա, և մենք այս բոլոր աշխատանքներին շատ լուրջ ենք վերաբերում: Օրինակ ներդրումային ծրագրի մշակման համար նույնպես խորհրդատվական փորձառու կազմակերպության հետ կաշխատենք, որպեսզի թե՛ ֆինանսական գնահատականների տեսանկյունից, թե՛ տնտեսական արդյունավետության տեսանկյունից ունենանք հստակ միջազգային ստանդարտներին համապատասխան գնահատական, որն էլ թույլ կտա վստահելի գործընկերների ներգրավմամբ ծրագրի ամբողջական իրականացումը առաջ տանել։ Այս հարցը բնականաբար ամենակարևոր հարցերից մեկն է, և քանի դեռ ընթանում են մյուս նախապատրաստական աշխատանքները, զուգահեռաբար նաև սա մեր օրակարգում է»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել