Քննությունը կպարզի ամեն ինչ. Էմմա Պալյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորման մասին |1lurer.am|
13:06 - 06 փետրվարի, 2024

Քննությունը կպարզի ամեն ինչ. Էմմա Պալյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորման մասին |1lurer.am|

1lurer.am: Ես որևէ գնահատական իրավապահ մարմինների աշխատանքին չեմ կարող տալ, միայն կարող եմ ասել, որ ես բավականին երկար ժամանակ թե՛ Ալեն Սիմոնյանին, թե՛ իր ընտանիքին ճանաչում եմ: Շատ հարազատ մարդու մասին եք խոսում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորման դեպքին:

«Ես չեմ պատկերացնում, որ իմ պատկերացրած մարդիկ կարող էին նման իրավիճակում լինել: Ես չեմ կարող գնահատական տալ: Քննությունը կպարզի ամեն ինչ»,- նշեց նա:

«Երբ մենք եկանք իշխանության, մենք ասում էինք, որ օրենքի առաջ հավասար են բոլորը. ոչ մի բան չի փոխվել դրանից հետո, մենք անընդհատ ենք դա կրկնում, այնպես որ, եթե ես պատգամավոր եմ, ինչ որ խախտում եմ անում, ապա օրենքի առաջ հավասար եմ, ինչպես և դուք և ներկա բոլորը»,- ասաց Էմմա Պալյանը:

Խոսելով ՔՊ խմբակցության կողմից կալանքը վերացնելու միջնորդություն ներկայացնելու հնարավորության վերաբերյալ՝ պատգամավորը նշեց. «Ես որպես կին պատգամավոր ինքս նման ցանկություն ունեմ, բայց դեռ որպես ֆրակցիայի որոշում չեմ կարող ներկայացնել: Եթե նման առաջարկ, որոշում խմբակցության կողմից լինի, ես առաջինը կլինեմ, որ կմիանամ: Այդտեղ խոսքը երիտասարդ կանանց մասին է, և ես, լինելով երկու անչափահաս երեխաների մայր, հաստատ պատրաստ եմ և առաջիններից կլինեմ միջնորդություն ներկայացնելիս: Թե դատարանն ինչ կորոշի` արդեն դատարանի որոշելիքն է»:

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե խմբակցությունում արշավ է սկսվել Ալեն Սիմոնյանի դեմ, ապա Էմմա Պալյանն ասաց. «Կներեք, ի՞նչ արշավ: Ալեն Սիմոնյանին ՔՊ կուսակցության ներսում շատ սիրում, հարգում են. ավելի քան վստահ եմ: 2016 թվականից ՔՊ կուսակցության անդամ եմ ու վստահորեն կարող եմ ասել որ Ալեն Սիմոնյանն այն անձն է, որը հարգված, ընդունված, սիրված է թե՛ կուսակցության, թե՛ խմբակցության ներսում: Ես ասում եմ, որ պարոն Սիմոնյանը կատարում է իր պարտականությունները, կատարելու է, և ես այն անձանցից եմ լինելու, որ միշտ լինելու է իր կողքին, և ավելի քան վստահ եմ, որ ամբողջ խմբակցությունը նույն կարծիքին է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել