«Ազգային առաջընթաց» խմբակցությունը հայտարարություն է տարածել Ավագանու անդամների նկատմամբ բռնաճնշումների ահազանգի վերաբերյալ․
«Այսօր մամուլում եւ սոցցանցերում ահազանգ է տարածվել այն մասին, որ ՔՊ-ն իրավապահների միջոցով բռնաճնշումներ է գործադրում Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության որոշ անդամների նկատմամբ՝ ստիպելով նրանց վաղվա արտահերթ նիստում քվեարկել ըստ ՔՊ-ի ցանկության, այսինքն, ավագանու մանդատից զրկել Հայկ Մարությանին եւ ավագանու ընդդիմադիր մի քանի այլ անդամների։
Այս ահազանգի կապակցությամբ հայտարարում ենք հետեւյալը․
- Երեւանի ավագանու վերջին ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո «Ազգային առաջընթաց» խմբակցությունը եւ նրա լիդեր Հայկ Մարությանը հստակ հայտարարել են իրենց գերնպատակը՝ թույլ չտալ քաղաքապետարանում ՔՊ իշխանության վերարտադրությունը։ Ցավոք, այդ նպատակին հնարավոր չի եղել հասնել՝ «Հանրային ձայն» խմբակցության գործողությունների պատճառով,
- ԱԱԿ խմբակցությունը առաջին իսկ օրվանից մինչեւ օրս որդեգրել է հստակ դիրքորոշում՝ թույլ չտալ, որպեսզի ՔՊ-ի եւ նրա արբանյակների իշխանությունը անցկացնի մայրաքաղաքի համար վնասակար իր որոշումները։ Ցավոք, կրկին ընդդիմադիր որոշ գործընկերների գործողությունների պատճառով ոչ միշտ է հաջողվել դա անել,
ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ,
ծայրահեղ անընդունելի ենք համարում որեւէ ուժի եւ անձի հանդեպ քաղաքական հալածանքները, այս կամ այն կերպով ավագանու անդամի քվեարկության վրա ազդելու հարկադրանքը։ Այս առումով հիշեցնում ենք, որ նմանատիպ ճնշումների մասին ահազանգներ եղել են նաեւ 2021-ի դեկտեմբերին, երբ ՔՊ-ն ձգտում էր ամեն գնով քաղաքապետի պաշտոնից հեռացնել Հայկ Մարությանին։ Ինչես նաեւ, արդեն այս գումարման ավագանու կարճատեւ աշխատանքի ընթացքում ՔՊ-ն տարբեր տեսակի ճնշումների է դիմել ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամների դեմ եւս՝ տարատեսակ կամայականություններից սկսած՝ մինչեւ քաղաքապետարանի միջանցքում ՔՊ-ական թաղապետերի կազմակերպած խայտառակ ծեծկռտուքը։
Ուստի, իրավապահներից ակնկալում ենք «Հանրային ձայն» խմբակցության անդամների դեմ բռնաճնշումների մասին այսօրվա ահազանգի վերաբերյալ հստակ պարզաբանումներ տալ,
Դիմում ենք Մարդու իրավունքների պաշտպանին՝ ահազանգի հետքերով ուսումնասիրություն կատարելու եւ արդյունքների մասին հանրությանը իրազեկելու պահանջով։
Հանրությանը տեղեկացնում ենք նաեւ, որ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ի արտահերթ նիստին, եւ քաղաքապետարանում է լինելու միայն հանրության հետ (այդ թվում՝ մամուլի միջոցով) շփվելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։
comment.count (0)