ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փետրվարի 8-ին Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել երկու անձ: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Վերջիններս նախորդ օրը «Մինթ» ՍՊԸ-ին պատկանող «Ջուլիս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Պուշկինի 39) կերել են սաղմոնով վաֆլի և սաղմոնով սպագետտի: Հաջորդող մի քանի օրերին բժշկի է դիմել նշված հանրային սննդի կետում սնված ևս 10 անձ, որոնցից 9-ը հոսպիտալացվել են: 12 հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա: Նույն օրը՝ փետրվարի 8-ին, բացված ստուգման հրամանի հիման վրա ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումների շրջանակում նմուշներ են վերցրել հանրային սննդի կետում առկա սաղմոն ձկից, ձվով սոուսից ու ձվից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:
Արդյունքում պարզվել է, որ «Մարինացված սաղմոն ձուկը»՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ախտածին ա/թ սալմոնելաներ, իսկ «Սոուս Հովանդեզը» ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ), ԱՑԽՄ և Proteus ցեղի մանրէներ ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
ՀՎԿԱԿ-ի կողմից «Ջուլիս» ռեստորանի աշխատակիցներից վերցված քսուքների մանրէակրության վերաբերյալ հետազոտության արդյունքներով աշխատակիցներից երեքի մոտ (խոհարար, մատուցող, սպասք լվացող) հայտնաբերվել է սալմոնելա` Salmonella enteriditis, իսկ մեկի մոտ՝ սալմոնելա խմբի մանրէների ԴՆԹ:
Շրջակա միջավայր մակերեսներից վերցված 30 լվացուկի մանրէաբանական հետազոտությամբ դրանցից 5-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ):
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ջուլիս» հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվում է:
comment.count (0)