ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակի նվազմանը. Մարկուս Ռիտեր
 |armenpress.am|
16:30 - 21 փետրվարի, 2024

ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի քանակի նվազմանը. Մարկուս Ռիտեր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունն անցած մեկ տարվա ընթացքում իրականացրել է 1720 պարեկային շրջայց, որը նպաստել է սահմանամերձ շրջաններում խաղաղությանը և անվտանգությանը։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառմանն այս մասին հայտարարեց առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն:

Նա հիշեցրեց, որ դիտորդական առաքելության առաջին ամիսների գործունեության ընթացքում հիմնադրվել են կենտրոնակայան Եղեգնաձորում և 6 առաջադիր հենակետ՝ սկսած Իջևանից, մինչև Կապան։

«Մինչև այսօր ԵՄ դիտորդական առաքելությունն անց է կացրել 1720 պարեկային շրջայց, որը նպաստել է խաղաղությանը և անվտանգությանը սահմանամերձ շրջաններում։

Ես ուզում եմ մեր խորին երախտագիտությունը հայտնել ԵՄ անդամ երկրներին՝ քաղաքական օժանդակության համար, ինչպես նաև Կանադային՝ փորձագետ գործուղելու համար։

Վերջերս ընդունած որոշումն՝ ամրացնել ԵՄ դիտորդական առաքելությունը և անձնակազմն ավելացնել մինչև 209-ը՝ վերահաստատում է ԵՄ դիտորդական առաքելության հաջողությունը և հաստատակամությունը՝ սատարելու կայունությանը և խաղաղությանը»,- ասաց Ռիտերը։

«Չնայած խրթին օպերատիվ իրավիճակին՝ առաքելությունը կայունացնող կարևոր դեր է խաղում սահմանամերձ շրջաններում՝ նպաստելով լարված իրավիճակի դեէսկալացիային և միջադեպերի քանակի նվազեցմանը»,- ընդգծեց Ռիտերը։

Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ իր աներեր օժանդակության և կառուցողական ներգրավման համար։

«Կուզեի շեշտել իմ աշխատակազմի պրոֆեսիոնալ մակարդակը։ Թեև նրանք աշխատում են տներից և ընտանիքներից հեռու՝ նրանց նվիրումը մեծ նպաստ է բերել առաքելության հաջողությանը։

Հաշվի առնելով ներկայիս անորոշության համատեքստը՝ մենք շարունակում ենք մեր նվիրումը հայտնել մեր մանդատին՝ որպես անաչառ դերակատար՝ ի սատարումն Եվրամիության՝ այս տարածաշրջանում կարգավորման ջանքերին»,- եզրափակեց Ռիտերը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել