ՌԴ-ն պլանավորում է մարտի 1-ից կես տարով արգելել բենզինի արտահանումը
 |armenpress.am|
11:34 - 27 փետրվարի, 2024

ՌԴ-ն պլանավորում է մարտի 1-ից կես տարով արգելել բենզինի արտահանումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի կառավարությունը նախատեսում է 2024 թվականի մարտի 1-ից վեց ամսով բենզինի արտահանման ժամանակավոր արգելք սահմանել՝ գարնանը և ամռանը պահանջարկի աճը փոխհատուցելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի ներկայացուցիչը։

«Մենք հաստատում ենք (խմբ․՝ այդ տեղեկատվությունը)», - ասել է գործակալության զրուցակիցը՝ մեկնաբանելով ավելի վաղ տարբեր ԶԼՄ-ների աղբյուրների հաղորդած նման տեղեկությունները։

Բենզինի արտահանման ժամանակավոր արգելք մտցնելու պլանների մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նաև ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։

Արտահանումն արգելելու մասին որոշումն անհրաժեշտ է՝ փոխհատուցելու պահանջարկի աճը ամառային արձակուրդների և դաշտային աշխատանքների, ինչպես նաև նավթավերամշակման գործարաններում պլանային վերանորոգման ժամանակ։ Սահմանափակումը չի տարածվի ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մոնղոլիայի և Ուզբեկստանի վրա։

Բենզինի արտահանման արգելքը գործում էր 2023 թվականին սեպտեմբերի 21-ից նոյեմբերի 17-ը՝ ավտովառելիքի ներքին շուկայում գնային իրավիճակը կայունացնելու նպատակով։ Արգելքը հանելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ ներքին շուկան հագեցվել էր վառելիքով և ստեղծվել էր առաջարկի ավելցուկ։

Այն ժամանակ Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը չէր բացառել անհրաժեշտության դեպքում ավտոմոբիլային բենզինի արտահանման արգելքի վերականգնումը։

2023 թվականի սեպտեմբերի 21-ից Ռուսաստանում արգելք էր դրվել նաև ամառային դիզվառելիքի արտահանման վրա՝ պայմանավորված ներքին շուկան հագեցնելու անհրաժեշտությամբ։ Արգելքը վերացվել է նոյեմբերի 22-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել