armeniasputnik.am: Ռուսաստանը հետևում է ՀՀ ղեկավարության հայտարարություններին և ի գիտություն կընդունի դրանք սեփական գործնական քայլերը պլանավորելիս։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այն հայտարարությունները, որոնք ամեն օր հնչում են Հայաստանի ղեկավարության շուրթերից, ստիպում են մեզ մտածել, թե ինչ է կատարվում իրականում և ինչպես դա հաշվի առնել մեր գործնական քայլերում»,- նշել է Լավրովը։
Նրա խոսքով` Հայաստանի իշխանությունները հարաբերություններ են կառուցում ոչ թե հարևանների ու ընկերների, այլ իրենց թշնամիների հետ։
«Հայաստանում չգիտես ինչու կարծում են, որ պետք է կյանք կառուցել ոչ թե մերձավոր հարևանների և պատմականորեն համերաշխ ժողովուրդների հետ , այլ նրանց, ովքեր դեմ են քո բարեկամներին»,-նշել է նախարարը:
Նա չի կարողացել հաստատել այն տեղեկությունը, որ Հայաստանն այժմ քննարկում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների գտնվելու հարցը։
«Ես չեմ կարող հաստատել այդ հաղորդագրությունները, թեև դա լիովին տեղավորվում է այն դիրքորոշումների տրամաբանության մեջ, որոնք այժմ արտահայտում է Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Փաշինյանը, ՀՀ Ազգային ժողովի խոսնակն ու այլ գործիչներ»,- ասել է Լավրովը։
Միաժամանակ Լավրովն ընդգծել է, որ Երևանի և Բաքվի միջև կարգավորումն այլընտրանք չունի, բացառությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարությունների։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Բաքուն զրույցներում հաստատում է նման պատրաստակամությունը։
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ռուս սահմանապահները պետք է դադարեցնեն ծառայություն իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ մարտի 1–ին ասաց, որ ՔՊ–ին անհանգստացնում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայությունը և հարցը կուսակցության օրակարգում է։
Հավելենք, որ ՌԴ սահմանապահները ծառայություն են իրականացնում հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին՝ Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին 1992թ.-ի սեպտեմբերի 30-ին Երևանում կնքված միջպետական պայմանագրի համաձայն: Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ներառում է չորս սահմանապահ ջոկատ՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին անցակետ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
comment.count (0)