Փաշինյանը հայտնեց, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի տարածքների թվերը կլորացված են եղել խորհրդային հանրագիտարանի տիտղոսաթերթում
13:49 - 12 մարտի, 2024

Փաշինյանը հայտնեց, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի տարածքների թվերը կլորացված են եղել խորհրդային հանրագիտարանի տիտղոսաթերթում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե նա Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցրե՞լ է հարց, թե ինչու Ադրբեջանը չի ասում, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29 800 քառ․ կմ տարածքով։

Փաշինյանը առաջարկեց բանակցությունների ներքին քննարկումներից բացահայտումներ չանել, քանի որ այնտեղ էլ մթնոլորտը շատ պոզիտիվ չէ, և պետք չէ ինչ-որ հայտարարությունով եղած հնարավոր պոզիտիվի հնարավորությունն էլ նվազեցնել։

Այս համատեքստում նա հիշեցրեց ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 2023թ․ մայիսին տեղի ունեցած բրյուսելյան բանակցությունները, որտեղ առաջին անգամ քննարկվել է այս հարցը։ 

Փաշինյանի խոսքով որոշում է կայացվել բանակցություններից հետո դուրս գալ, հայտարարել այն թիվը, որ ֆիքսված է խորհրդային հանրագիտարանների վերջին հրատարակության մեջ։

«Ես առաջին գործողությունը, որ արեցի, կապվեցի մեր գործընկերների հետ, ասեցի՝ խորհրդային վերջին հանրագիտարաններից նկարեք և ուղարկեք Հայաստանի և Ադրբեջանի տվյալները, տիտղոսաթերթ կա, չէ՞։ Չնայած ես այդ թիվը հիշում էի 29 800 քառ․ կմ։ ԵՄ խորհրդի նախագահը հրապարակեց այդ փոխանցված տվյալները, հետո ես վերադարձա և հրապարակեցի այդ թիվը։

Հետո մենք ավելի մանրամասն դիտարկեցինք և տեսանք, որ հանրագիտարանում ուրիշ թվեր էլ կան։ Տիտղոսին գրված է 29 800, պարզվեց՝ դա կլորացված թիվ է, տեքստի մեջ կա ուրիշ թիվ 29 743 քառ․ կմ։ Հետո այդ թվում ադրբեջանական կողմը մեր ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ՀՀ պետական մարմինների կայքերում (ես ստուգել եմ՝ այդ տվյալը այնտեղ եղել է տասնյակ տարիներ), որտեղ ՀՀ տարածք նշված է 29 743 քառ․ կմ (Փաշինյանը հստակ չէր հիշում թիվը, դրա համար նշեց, որ 29 800 քառ․ կմ-ից պակաս թիվ էր նշված՝ խմբ․)»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ հետո պարզվել է, որ երբ ՀՀ կառավարությունը իր հողային հաշվեկշիռը ժամանակ առ ժամանակ հաստատում է, այնտեղ էլ գրված է մյուս թիվը, որի նկատմամբ 29 800 քառ․ կմ-ը կլորացրած թիվ է․ «Եվ նույնը վերաբերում է Ադրբեջանին, որովհետև կա տիտղոսային թիվ, և կա ավելի պարզաբանված թիվ»։

Նա նշեց, որ այս հարցի շուրջ քննարկումների պատճառով էր, որ նաև որոշակի լարումներ առաջացան, կամ այդ լարումների շուրջ փոխադարձաբար շատ խոր կասկածներ առաջացան․ «Ես սա ասում եմ, որովհետև կան խոսակցություններ, և մեր հանրությունը չի հասկանում, թե այդ խոսակցությունների մեջ ինչը էն չի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել