1lurer.am: ՌԴ ԱԳՆ-ն ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները համարում է վերջնագրային և վիրավորական հռետորաբանություն, մինչդեռ Մոսկվան կասկածի տակ չի դնում յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքը՝ դաշինքներն ընտրելու հարցում, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, եթե կազմակերպությունը չպատասխանի Երևանի բարձրացրած հարցերին՝ երկրի ինքնիշխան տարածքի վերաբերյալ։
«Մենք երբեք կասկածի տակ չենք դրել, չենք դնում և չենք դնի ցանկացած պետության ինքնիշխան իրավունքը՝ որոշելու իր արտաքին քաղաքական կուրսը, ներառյալ այս կամ այն միջազգային կամ տարածաշրջանային կառույցների աշխատանքին մասնակցության աստիճանը՝ ելնելով իր ազգային շահերից և ստանձնած պարտավորություններից։ Դա լիովին վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին»,- ասել է Զախարովան:
«Միաժամանակ մեզ չի կարող չանհանգստացնել ոչ արդյունավետ, վերջնագրային, իսկ երբեմն էլ վիրավորական հռետորաբանությունը, որն այսօր գերիշխում է կազմակերպության վերաբերյալ Հայաստանի ղեկավարության արտահայտություններում և պարտադրվում է հայ հասարակությանը»,- հավելել է նա:
Զախարովան նշել է, որ Մոսկվայում տարակուսած են ՀԱՊԿ-ի արդյունավետության հարցերն «այդ կազմակերպությունից դուրս քննարկելու Հայաստանի ղեկավարության ձգտումից, այն դեպքում, երբ դրա համար կան փոխգործակցության բոլոր մեխանիզմները, ձևաչափերն ու ուղիները»: Մինչդեռ, ըստ Զախարովայի, Երևանը բառացիորեն խուսափում է առարկայական փորձագիտական երկխոսությունից ՀԱՊԿ-ի հարթակում: «Եվ դա այն դեպքում, երբ նման աշխատանքի համար կազմակերպությունը բաց է ու պատրաստ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
«Հայաստանի ղեկավարության ներկայիս կուրսի շարունակությունը կարող է անուղղելի վնաս հասցնել Մոսկվայի և Երևանի միջև առկա դաշնակցային հարաբերություններին և ռիսկեր ստեղծել հենց Հայաստանի ինքնիշխանության համար»,- ասել է դիվանագետը։
comment.count (0)