ՄՊՀ-ն ուսումնասիրել է առցանց տաքսի ծառայությունների ոլորտը
10:49 - 14 մարտի, 2024

ՄՊՀ-ն ուսումնասիրել է առցանց տաքսի ծառայությունների ոլորտը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հաշվի առնելով ոլորտի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկը, ուսումնասիրել է էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների (առցանց տաքսի) մատուցման ոլորտը՝ դիտարկելով «Թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրման ծառայությունների պատվերների գրանցման, փոխանցման և ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպման ծառայություն» ապրանքային շուկան

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ

Էլեկտրոնային հարթակների արագ զարգացումը զգալիորեն դուրս է մղել շուկայից ավանդական տաքսի ծառայություններին: Գրանցված 3162 կազմակերպություններից 2787-ը 2018-2023 թթ. այս ոլորտում որևէ գործունեություն չի իրականացրել, մնացածների վճարած հարկերը զգալի անկում են ապրել։
Ներկայումս օրենսդրորեն սահմանված չեն էլեկտրոնային հարթակներով փոխադրման ծառայությունների վերահսկման և կարգավորման մեխանիզմներ՝ կապված ծառայությունների որակի կամ հարթակների պատասխանատվության հետ:

Հարթակներում ուղևորափոխադրման հիմնական տեսակների մասին տեղեկատվությունը լիարժեքորեն ներկայացված չէ: Մյուս կողմից, հարթակների գաղտնիության քաղաքականությունը թույլ է տալիս օգտագործել օգտատերերի մասին տեղեկատվությունը բավականին լայն շրջանակի նպատակների համար։
Դիտարկված ապրանքային շուկայում կենտրոնացվածությունը շարունակում է աճել. գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողի մասնաբաժինը 2021-2023 թթ. ավելացել է:

Ուսումնասիրության արդյունքում ներկայացված առաջարկներին և ուսումնասիրությանն ամբողջությամբ հնարավոր է ծանոթանալ հանձնաժողովի կայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել