«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով մարտի 18-ին Տավուշի մարզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։
«Մարտի 18-ին Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հաստատում են ընթացող բանակցային գործընթացում ադրբեջանական նախապայմանները միակողմանիորեն բավարարելու մեր բոլոր մտահոգությունները: Մասնավորապես.
• Առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման՝ հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից:
• Հատվածական սահմանազատման և սահմանագծման գործընթացը հենց Տավուշի մարզից սկսելը հանգեցնելու է ՀՀ առաջնագծի ամենաամուր և կահավորված հատվածի կազմաքանդմանը, էապես ջլատելու է ՀՀ պաշտպանական հնարավորություններն այդ հատվածում, անմիջական վտանգներ է ստեղծելու սահմանամերձ բնակչության համար:
Ռազմավարական ճանապարհների նկատմամբ վերահսկողության փաստացի կորուստը բազմապատկելու է ՀՀ անվտանգային սպառնալիքները: Սեփական ժողովրդին շարունակաբար պատերազմով սպառնալու միջոցով ադրբեջանական չդադարող պահանջների կատարումը ոչ միայն չի կանխելու Ադրբեջանի կողմից նոր պահանջների առաջ քաշումը, այլև պարարտ հող է ստեղծելու վերջինիս կողմից նոր ագրեսիվ գործողությունների համար:
Հօգուտ Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման լավագույն փորձից հրաժարվելը, միջազգային փորձի անտեսումը ազգային կենսական շահերից հրաժարվելու վկայությունն են: Հարկ է ընդգծել, որ հօգուտ այլ պետության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները, տարածքներ հանձնելը պետության դեմ ծանրագույն հանցագործություններ են»,- ասված է հայտարարության մեջ:
comment.count (0)