Իսրայելցիները ոստիկանության ուղեկցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ»
 |arm.sputniknews.ru|
17:12 - 03 ապրիլի, 2024

Իսրայելցիները ոստիկանության ուղեկցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ» |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Իսրայելցիներն այսօր ոստիկանության աջակցությամբ մուտք են գործել «Կովերի պարտեզ»։ X-ի էջում հայտնում է «Փրկենք Երուսաղեմի հայկական թաղամասը» նախաձեռնությունը։

Հրապարակված տեսանյութում հայ երիտասարդը պատմում է, որ ոստիկանությունն ապօրինաբար, առանց դատարանի որոշման և առանց նախազգուշացման եկել, հեռացրել է տեղադրված արգելապատնեշները

«Թեպետ մեկ ամիս առաջ ոստիկանության ղեկավարն ասում էր, որ իրենք այս տարածքում որևէ գործողություն չեն կարող կատարել առանց դատարանի որոշման, բայց այսօր եկել են 20-30 ոստիկանների ուղեկցությամբ և ապօրինի հեռացրել արգելապատնեշները»,- նշում է Իսրայելի համայնքի ներկայացուցիչ Սեդրակ Բալյանը։

Մյուս երիտասարդն էլ կոչ է անում աշխարհի տարբեր երկրների հայ համայնքներին միավորվել և բողոքի ձայն բարձրացնել իրենց կառավարությունների առջև՝ ճնշում գործադրելու Իսրայելի կառավարության վրա այս հարցում։

«Մենք պահանջում ենք ոստիկանությունից հեռու մնալ հայկական թաղամասից, որը հայկական է ավելի քան 1600 տարի»,- նշում է երիտասարդը։

Նրանք շեշտում են, որ Երուսաղեմի հայ համայնքը շարունակելու է իր պայքարը հայկական թաղամասի պահպանման համար։

Սեդրակ Բալյանն իր էջում ևս մի տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ քաշքշուկ է տեղի ունեցել Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգևորականների և տարածք ներխուժած իսրայելցիների ու ոստիկանների միջև։

Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Գործարքի հետևանքով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում ստեղծվել էր մտահոգիչ իրավիճակ, ինչի կապակցությամբ ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց էր ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Քննարկման ընթացքում Պատրիարք Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել էր, որ քայլեր են ձեռնարկվում Պատրիարքարանի իրավունքների պաշտպանության և խնդրի բարվոք հանգուցալուծման համար։

Ստեղծված իրավիճակի առնչությամբ Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր է կազմակերպել։ Երեք կազմակերպություններ՝ «Հոմենեթմեն Երուսաղեմը», «Հայ երիտասարդաց միություն Երուսաղեմը» և «Բարեսիրաց միությունը», հայտարարություն էին տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։

Նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտնեց, որ որոշում է կայացրել չեղարկել «Կովերի պարտեզ»-ը վարձակայության տալու գործարքը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել