Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստում քննարկվել է «Երևան համայնքում կենսունակության ավարտին մոտ գտնվող և ամբողջովին դեֆորմացված ծառերի փոխարինում արժեքավոր և գեղազարդ ծառերով» ծրագիրը։
Նիստը վարել է ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը։ Նիստին մասնակցել են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտների և կենտրոնների տնօրեններ, գիտաշխատողներ, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, զարգացման գծով տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը, գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը, քաղաքապետարանի այլ ներկայացուցիչներ, ոլորտային մասնագետներ Շրջակա միջավայրի նախարարությունից, ԲՈՒՀ-երից, փորձագետներ։
Ինչպես տեղեկանում ենք ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունից, Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը, Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը ելույթներում նշել են, որ ծրագրի վերաբերյալ իրենց ղեկավարած գիտական կառույցներին չեն դիմել կարծիք ստանալու համար, հետևաբար, իրենք ծրագրի վերաբերյալ կարծիք չեն տրամադրել։
Նշվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունն այն մասին, որ ժամանակավորապես կդադարեցվի ծառերի փոխարինման ծրագիրը՝ ակնկալելով, որ քաղաքապետարանը գիտական շրջանակներից հիմնավոր փաստաթուղթ կստանա:
Ռուբեն Հարությունյանն ընդգծել է այդ հայտարարությունը և հավելել, որ այն հաստատում է ծրագրում խնդիրների առկայությունը, որոնք չի կարելի անտեսել:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մեջբերել է 2023 թվականի փետրվարի 23-ին քաղաքապետարանում տեղի ունեցած գիտաժողովը, որին մասնակցել են գիտնականներ ՀՀ ԳԱԱ ինստիտուտներից և կենտրոններից։ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչները նշել են, որ գիտաժողովին մասնակցությունը գիտական հաստատության պաշտոնական կարծիքի տրամադրում չէ, և ծրագրում ներգրավված գիտնականները ներկայացրել են սեփական տեսակետերը՝ ակադեմիական ազատության իրենց իրավունքի շրջանակում։ Հանրությանը չի ներկայացվել որևէ գիտահեն հիմնավորում, որտեղ ամփոփված կլինեին առկա խնդիրները և դրանցից բխող հետագա քայլերը:
Գնահատելով քննարկման արդյունավետությունը՝ նիստի մասնակիցները ներկայացրել են հետևյալ խնդիրները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները․
ՀՈԱԿ-ին առաջարկվում է ներկայացնել ծրագիրը վերոնշյալ մասնագիտական կառույցներին բազմակողմանի և համապարփակ քննարկում կազմակերպելու համար, քանի որ մասնակից բոլոր գիտահետազոտական կառույցների գիտնականները մի շարք առաջարկություններ և մտահոգություններ հնչեցրին իրականացվող ծրագրի վերաբերյալ, որոնք կարող են ամփոփվել միայն ծրագրի ամբողջական քննարկման արդյունքներով։
ՀՈԱԿ-ին առաջարկվում է պատվիրակել մասնագիտացված կառույցներին հետազոտություն, այդ թվում ծառագիտական, առաջարկվող տեսակների կլիմայի փոփոխությանը հարմարվողականության, կենսաբազմազանության պահպանության, սանիտարական ռիսկերի (վնասատուների տարածման) էկոլոգիական ռիսկերի (փոշի, աղմուկ և այլն), առողջապահական և այլ տեսանկյուններից, որը հնարավորություն կտա որոշում կայացնող մարմնին ավելի արդյունավետ իրականացնել կանաչապատման միջոցառումները և հանրության հետ հաղորդակցությունը։ Ներկայացնել ՀՀ ԳԱԱ մասնագիտացված կառույցներին այն գիտական, հետազոտական հենքերը, որոնց հիման վրա որոշում է կայացվել սկսել ծառերի փոխարինումը։ ՀՀ ԳԱԱ-ն պատրաստ է հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան կարծիք:
Առաջարկվում է մշակել Երևան քաղաքի երկարաժամկետ բնապահպանական ռազմավարություն։ ՀՀ ԳԱԱ մասնագիտացված կառույցները պատրաստակամ են համագործակցել և իրենց ներդրումն ունենալ հանուն կանաչ և էկոլոգիապես առողջ Երևանի։
4․ Բարձրաձայնվել և քննարկվել են ծառերի կենսունակության վերաբերյալ տրվող գնահատականի հիմքերը։ Մասնավորապես, նշվեց ծառերի կենսունակության և տապալման ռիսկերի գնահատման համար անհրաժեշտ սարքավորումների կիրառման կարևորությունը։
Առաջարկվում է ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի գնահատել ծառի կենսունակությունը, յուրաքանչյուր հատվող ծառի պարագայում ներկայացնել կենսունակության հետազոտության արդյունքները, ինչն իր հերթին կբարձրացնի վստահությունը հանրության շրջանում։ ՀՀ ԳԱԱ համապատասխան մասնագետները պատրաստ են աջակցել «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների վերապատրաստման հարցում։
comment.count (0)