Երուսաղեմի հայկական թաղամասում այս պահին իրավիճակը հանգիստ է
10:56 - 14 ապրիլի, 2024

Երուսաղեմի հայկական թաղամասում այս պահին իրավիճակը հանգիստ է

Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Տեր Տիրան վարդապետ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ այս պահին Երուսաղեմի հայկական թաղամասում իրավիճակը հանդարտ է։

«Երուսաղէմ, Հայկական թաղամաս:

Նոր թարմացումներ: Մենք ապահով ենք։ Զոհեր և վիրաւորներ չունենք։ Ամէն ինչ հանգիստ է։ Գնում ենք Սուրբ Յարութեան Տաճար՝ աղօթքի»,- գրել է նա։ 

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքերով հարձակում է սկսել Իսրայելի ուղղությամբ։ Ավելի ուշ Թեհրանն արձակել է նաեւ բալիստիկ հրթիռներ։ Սա առաջին անգամն է, երբ Իրանը հենց իր տարածքից է գործողություն իրականացնում Իսրայելի դեմ։

Իրանական «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հայտարարել է, որ այս գործողությունը Դամասկոսում իրանական դեսպանական հյուպատոսական բաժնի վրա Իսրայելի հարձակման պատասխանն է։

Իսրայելն անմիջապես հաստատել է, որ իրանական ԱԹՍ-ները շարժվում են իրենց օդային տարածք՝ նշելով, որ սկսել է Սիրիայի եւ Հորդանանի տարածում որսալ դրանք։ Մինչդեռ Իրանը հարեւան երկրներին զգուշացրել է, որ եթե նրանք օդը բացեն Իսրայելի համար, կդառնան թիրախ։

Գիշերվա ընթացքում Իրանը հայտարարել է, որ խոցել է նախանշված մի շարք թիրախներ, իսկ Իսրայելը հավաստիացրել, որ ԱԹՍ-ների ու հրթիռների գերակշիռ մասը խոցվել են օդում։ Իսրայելի տարածքից դուրս իրանական ԱԹՍ-ները եւ հրթիռները խոցելուն աջակցել են ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արեւելքում տեղակայված ՀՕՊ ուժերը եւ Հորդանանի ավիացիան։

Ավելի ուշ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ինքը Իրանի դեմ հարձակողական գործողությունների չի պատրաստվում մասնակցել, այլ մտադիր է աջակցել Իսրայելի պաշտպանությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել