armenpress.am: Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Ըստ տեղական բժշկական աղբյուրների՝ մայիսի 26-ի լուսաբացից ի վեր զոհվել է 55 պաղեստինցի, վիրավորվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։
36 մարդ զոհվել է, երբ իսրայելական ուժերը ռմբակոծել են Գազա քաղաքի ալ-Դարաջ թաղամասում գտնվող դպրոցը, որտեղ ապաստան էին գտել տեղահանված անձինք։
19 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, զոհվել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա ալ-Բալադ շրջանի բնակելի շինության վրա Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով։
Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության՝ վերջին 48 ժամվա ընթացքում Գազայի հատվածում հարված է հասցվել ավելի քան 200 թիրախի։ ԻՊԲ-ն նաև հաղորդել է Գազա քաղաքի դպրոցին հասցված հարվածի մասին՝ նշելով, որ շենքում գործում էր ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի հրամանատարական կենտրոն։
Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայում ընթացող ռազմական գործողությունները բնութագրել է «դժվար» և ընդունել, որ բախվում է մարտահրավերների։
«Մենք գտնվում ենք դժվարին մարտի գագաթնակետին, որում կհաղթենք ՀԱՄԱՍ-ին և կազատենք պատանդներին», - նշել է նա։
Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 53 939 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է 122 797-ը:
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
comment.count (0)