1lurer.am: Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կոչ են արել Իսրայելին՝ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում և անհապաղ թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել տարածաշրջան: Կանադայի վարչապետի մամուլի ծառայության տարածած համատեղ հայտարարությամբ կողմերը սպառնացել են Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառել:
«Մենք վճռականորեն դեմ ենք Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնմանը։ Հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը թույլ կտա բազային քանակի սնունդ մատակարարել Գազա, բացարձակ անբավարար է: Կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը՝ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում և անհապաղ թույլատրել մարդասիրական օգնության տեղափոխումը Գազա»,- ասված է ուղերձում։
Երկրները նաև ՀԱՄԱՍ-ին կոչ են արել անհապաղ ազատ արձակել մնացած պատանդներին, որոնց նրանք պահում են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից:
Գազայում Իսրայելի կողմից ցամաքային գործողությունների ընդլայնման ֆոնին ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը նախօրեին հայտարարել է, որ բանակցություններ է վարում Իսրայելի հետ Գազա մարդասիրական բեռների մատակարարումները վերսկսելու վերաբերյալ:
«Իսրայելի իշխանությունները դիմել են մեզ՝ խնդրելով վերսկսել օգնության մատակարարումները սահմանափակ ծավալներով, և այժմ մենք նրանց հետ քննարկում ենք, թե ինչպես դա տեղի կունենա՝ հաշվի առնելով առկա պայմանները»,- ասված է հայտարարության մեջ:
comment.count (0)