Բնակիչները պատմում են ոստիկանություն տեղափոխվելիս ծեծի ենթարկվելու մասին, իսկ ՆԳՆ-ն հերքում է
11:28 - 02 մայիսի, 2024

Բնակիչները պատմում են ոստիկանություն տեղափոխվելիս ծեծի ենթարկվելու մասին, իսկ ՆԳՆ-ն հերքում է

Վաղ առավոտյան ոստիկանները եկել պահանջել են՝ բացել դարպասները, բնակիչները մերժել են, ինչից հետո ոստիկանության ծառայողները միանգամից անցել են գործողության։ Այս մասին պատմում է Կիրանցից բերման ենթարկված քաղաքացիներից մեկը։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք բնակիչներին ողջամիտ ժամկետ է տրվել դարպասները բացելու, քաղաքացին նշեց, որ ոչ, միանգամից անցել են գործողության։ 

Մեկ այլ բնակիչ պատմեց, որ չնայած ինքը ոչ մի դիմադրություն ցույց չի տվել, բայց բերետավորները խփելով, քաշ տալով տեղափոխել են մեքենա․

«Ակնթարթ ա տևել, չեմ կարող բառերով գտնեմ, թե ոնց եղավ էդ ամեն ինչը, մեզանից մարդ չեղավ, որ ուժ գործադրի։ Ձեռքներս բարձրացրած, 10 հոգով, քաշելով, պոկելով տանում էին, ու քիչ չի՝ խփելով էին տանում»,- ասաց բնակիչը։

Միևնույն ժամանակ ՀՀ ՆԳՆ-ից հայտարարություն են տարածել՝ հերքելով ոստիկանության բաժին տանելիս անձանց ծեծի են ենթարկելու մասին լուրերը․ «Մամուլում հրապարակումներ են եղել, թե իբր ոստիկանության բաժին տանելիս նշված անձանց ծեծի են ենթարկել։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՆԳ նախարարությունը հորդորում է չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

ՆԳՆ-ից նաև հայտնել են, որ այսօր Տավուշի մարզում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո բոլորն ազատ են արձակվել։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել