«Պաշտոնները լքած դասալիքներ»․ արտգործնախարարն արձագանքել է նախկին դիվանագետներին |civilnet.am|
12:37 - 13 մայիսի, 2024

«Պաշտոնները լքած դասալիքներ»․ արտգործնախարարն արձագանքել է նախկին դիվանագետներին |civilnet.am|

civilnet.am: Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով սահմանագծումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա անելու վերաբերյալ նախկին դիվանագետների քննադատությանը, հայտարարել է․ «Այդ մարդիկ շարունակում են ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը»։

«Ձեր նշած փորձառու դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը այն օրերին, երբ ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում ռազմական ագրեսիա։ Այս փաստի հիշատակումից հետո այդ մարդկանց և իրենց դիրքորոշումների նկատմամբ որևէ կաթիլ լրջություն չեմ կարող ունենալ։ Սա ամենամեղմ գնահատականն է, որ ես ինձ կարող եմ թույլ տալ հնչեցնել, բայց իրականությունն ավելի վատ է։ Ականահարելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը՝ այդ մարդիկ շարունակում են, վստահ չեմ կարող պնդել՝ գիտակցաբար, թե ակամա, ականահարել ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը։ Լավագույն մեկնաբանությամբ՝ չգիտակցելով, վատագույն մեկնաբանությամբ՝ այլ երկրի ուղղակի թելադրանքով»,- մայիսի 13-ին ԱԳՆ-ում ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Միրզոյանը։

Նախկին դիվանագետներից կազմված «Դիվանագետների համահայկական խորհուրդը» մայիսի 12-ին Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին հայտարարել է, որ սահմանագծման համար բացառապես Ալմա-Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի։ Խորհրդի անդամ, Հայաստանի ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հանրահավաքին ներկայացրել է նախկին դիվանագետների մշակած տեքստը՝ սահմանազատման, խաղաղության օրակարգի և ստեղծված իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել