Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի փոխնախագահ Լուբոշ Բլահայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Բրատիսլավայում: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը:
Մայիսի 13-ին պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի փոխնախագահ Լուբոշ Բլահային: ԱԺ փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել հրավերի և հյուրընկալության համար, ընդգծել երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերը, իրար կապող մշակութային և հոգևոր արժեքները:
Կարևորվել է պետությունների շահագրգռվածությունն ընդլայնելու համագործակցությունը Սլովակիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում: Հատկապես կարևորվել է խորհրդարանականների դերը երկխոսության զարգացման հարցում:
Հանդիպմանը ներկայացվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատման և սահմանագծման մասին ձեռք բերված պայմանավորվածությունները:
Կողմերը քննարկել են խաղաղության խաչմերուկ նախագիծը որպես տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման կարևոր բաղադրիչ:
«Մեր տարածաշրջանին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն: Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. մենք որդեգրել ենք խաղաղության և ժողովրդավարության ուղին, հաստատակամ ենք մեր ընտրության մեջ և ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը:
Միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հարգումը կարևոր հիմք են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման համար»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:
Խոսելով տարածաշրջանում երկարատև խաղաղության մասին` Հակոբ Արշակյանը նշել է, որ ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանային խաղաղության կարևորագույն բաղադրիչներից է:
Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահի տեղակալը եւս կարևորել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները:
Խոսելով մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին` Լուբոշ Բլահան նշել է, որ Սլովակիան հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Նա կարևորել է Սլովակիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը` նշելով, որ հավելյալ ջանքեր կգործադրվեն առկա հարաբերությունների էլ ավելի զարգացման համար:
comment.count (0)