news.am: Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության կադրերի վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովի դեմ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 290 հոդվածի 6-րդ մասով (առանձնապես խոշոր չափի կաշառքի ստացում)։
«Քննության տվյալներով՝ 2021-2023թթ., լինելով ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի 8-րդ վարչության պետը, Կուզնեցովը կաշառք է ստացել առեւտրային կառույցների ներկայացուցիչների կողմից հօգուտ իրենց որոշակի գործողություններ կատարելու համար»,- ասված է մամուլի հաղորդագրությունում։ Թե ինչ գործողությունների մասին է խոսքը, ՌԴ Քննչական կոմիտեն չի նշում։
ՌԴ ՔԿ-ն հայտնում է, որ «կասկածյալի փաստացի կեցության եւ գրանցման վայրերում» գտել են ռուբլով եւ արտարժույթով դրամական միջոցներ՝ ավելի քան 100 մլն ռուբլու չափով (մոտ 1 մլն ԱՄՆ դոլար), ինչպես նաեւ ոսկե դրամներ, կոլեկցիոն ժամացույցներ եւ «շքեղ իրեր»։
Դատարանը որոշում է կայացրել գեներալին ուղարկել մեկուսարան, հաստատել է ՔԿ-ն։ Մինչ այդ նրա ձերբակալման մասին տեղեկացրել էին լրատվամիջոցները։
Ձերբակալումը տեղի է ունեցել պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի դեմ աղմկալի գործի եւ Սերգեյ Շոյգուի՝ ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռանալու ֆոնին։
comment.count (0)