Մթնոլորտի էական փոփոխություն կա, բայց դա չի նշանակում, թե հասել ենք վերջնագծին. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
 |armenpress.am|
00:00 - 29 մայիսի, 2024

Մթնոլորտի էական փոփոխություն կա, բայց դա չի նշանակում, թե հասել ենք վերջնագծին. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման առումով մթնոլորտի էական փոփոխություն կա, բայց դա դեռ չի նշանակում, թե կողմերը հասել են վերջնագծին:

Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող այն տեսակետին, թե Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ի համաժողովը լավ հնարավորություն է խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։

«Խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ: Ավելի ճիշտ՝ այդ համաձայնությունները ձեռք բերված են 2022 թ. հոկտեմբերի 6–ին Պրահայում, դրանից հետո Սոչիում, հետո Բրյուսելում: Առանցքային սկզբունքները համաձայնեցված են, մնում է դա վերարտադրել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ: Եվ ես կարծում եմ, որ մենք ունենք հնարավորություն՝ օր առաջ այդ աշխատանքն ավարտելու»,–ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե Ալմա-Աթայի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ամրագրելու համար ի՞նչն է խանգարում Բաքվին՝ վարչապետն ասաց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքը բազմաշերտ է:

«Երբեմն մեկնաբանությունները, որ մենք անում ենք դրա վերաբերյալ, խաղաղության պայմանագրի տեքստերին և դինամիկային անծանոթ մարդկանց մոտ միշտ չէ, որ ճշգրիտ տպավորություն են ստեղծում: Արտաքին գործերի նախարարը, անվտանգության խորհրդի քարտուղարն այդ մասին խոսել են: Բայց այդ տեքստն իրականության արտահայտման և ընկալման առումով կարող է որոշակի տարբերվել: Իրականում խաղաղության պայմանագրի համաձայնեցված հատվածներում արդեն իսկ կա հղում Ալմա-Աթայի հռչակագրին: Այնտեղ խոսքն ուրիշ բանի մասին է»,–ասաց Փաշինյանը՝ չցանկանալով այլ մեկնաբանություններ անել:

Վարչապետը հիշեցրեց Բաքվից բարձրագույն մակարդակում հնչող հայտարարությունները: Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենք հավատարիմ են Պրահայի պայմանավորվածություններին, Ալմա-Աթայի հռչակագրին: Սակայն, ըստ Փաշինյանի, վերարտադրման գործընթացում կան աշխատանքային հարցեր, որոնք կարող են հաղթահարվել:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման վերաբերյալ հարցին՝ վարչապետն ասաց. «Հիմա մենք ունենք մթնոլորտի էական փոփոխություն: Բայց դա դեռ չի նշանակում, թե հասել ենք վերջնագծին, և մնում է միայն ստորագրելը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել