«Դեմ ենք, որ այլ երկրից գան և փորձեն ինչ-որ անվտանգություն կամ վերահսկողություն սահմանել». Իրանի դեսպան
 |azatutyun.am|
15:41 - 06 սեպտեմբերի, 2024

«Դեմ ենք, որ այլ երկրից գան և փորձեն ինչ-որ անվտանգություն կամ վերահսկողություն սահմանել». Իրանի դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք դեմ ենք, որ այլ երկրներից գան այստեղ և փորձեն ինչ-որ անվտանգություն կամ վերահսկողություն սահմանեն», - այսօր հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի անվտանգության ապահովումը մասնավոր պահնորդական ընկերությանը արտապատվիրակվելու հնարավորությունը։

Այդ մասին օրերս խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իրանի դեսպանն ի պատասխան շեշտել է՝ կողմ են, որպեսզի այդ ամենը իրականացվի Հայաստանի ինքնիշխանության ներքո։

«Կողմ ենք, որ ցանկացած վերահսկողություն պետք է լինի Հայաստանի կողմից։ Մենք դեմ են, որ այլ երկրներից գան այստեղ և փորձեն ինչ-որ անվտանգություն կամ վերահսկողություն սահմանեն։ Եվ այն, ինչ փոխանցվել է Հայաստանի իշխանությունների կողմից, այն է, որ սահմանային անցակետերի վերահսկողությունը լինելու է Հայաստանի պատկան մարմինների կողմից և Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Ինչքանով, որ ինձ է փոխանցվել, դա չի խոսում այն մասին, որ անվտանգությունը պետք է հանձնվի ինչ -որ միջազգային կազմակերպության։ Այլ խոսքն այն մասին է, որ տվյալ առևտրային ընկերությանը ներկայացուցիչն իր բեռը փոխադրելիս կարող է ներկա գտնվել այդ ճանապարհի ընթացքում։ Ինձ փոխանցվել է, որ անվտանգությունը և վերահսկողությունը լինելու է Հայաստանի կառավարության կողմից և հայաստանյան մարմինների կողմից», - նշել է Հայաստանում Իրանի դեսպանը։

Ավելի վաղ՝ երեկ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության Աբբաս Արաղչին X-ի իր էջում գրել էր, թե Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է:

«Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար», - գրել է Արաղչին։

Վարչապետ Փաշինյանն օրերս հայտարարել էր, թե պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու: Իբրև տարբերակ Փաշինյանն առաջին անգամ խոսեց անվտանգության ապահովման գործառույթը մասնավոր պահնորդական կազմակերպությանն արտապատվիրակելու մասին։ Վարչապետը մանրամասներ չնշեց, միայն ասաց, թե հայկական կողմի այս ընկալումը դրական է ընդունվում և՛ Բաքվում, և՛ Մոսկվայում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել