Լոռիում տեղի ունեցած աղետի հետևանքով որևէ պոչամբար չի վնասվել |hetq.am|
10:43 - 04 հունիսի, 2024

Լոռիում տեղի ունեցած աղետի հետևանքով որևէ պոչամբար չի վնասվել |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը մեր հարցմանն ի պատասխան վստահեցրել է, որ Լոռու մարզի պոչամբարներն աղետից հետո կայուն են, պատվարները վնասված չեն, և որևէ խնդիր չի առաջացել:

«Պարբերաբար մշտադիտարկում է իրականացվում, որևէ վնասում, որևէ վտանգ պոչամբարների պատվարների մասով չկա»,- նշեց Սոնա Հարությունյանը:

Լոռին պոչամբարներով հագեցած երկրորդ մարզն է` Սյունիքից հետո, այստեղ 9 պոչամբար է հաշվարկվում: Մետաղական հանքավայրերին կից պոչամբարների ներկայիս վիճակի մասին փորձել ենք պարզաբանումներ ստանալ ընկերություններից կամ վարչական ղեկավարներից:

Գործող հանքավայրերից և լեռնահարստացման կոմբինատներից մեկը «Թեղուտ» ՓԲԸ-ի շահագործած Թեղուտի հանքավայրն ու դրա կոմբինատն է: Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն մեր հարցերին ի պատասխան հայտնել է, որ տեղի ունեցած աղետը պոչամբարի ամբարտակի մարմնի վրա որևէ ազդեցություն չի գործել: Ամբարտակն անփոփոխ վիճակում է: Սակայն տնօրենը տեղեկացրել է, որ դադարեցվել է հանքաքարի արդյունահանման և վերամշակման արտադրությունը:

«Պոչամբարում աշխատող գործառնական անձնակազմը վարարման ժամանակահատվածում ձեռնարկել է սպառիչ օպերատիվ միջոցառումներ, որոնք միտված են եղել կանխելու վարարված ջրերի հոսքը պոչամբար: Այս պահին ամբարտակն ամրացված է լրացուցիչ ժայռային գրունտով: Աշխատանքն իրականացվել է վերջին 2 տարիների ընթացքում և այս պահին ևս շարունակվում է»,- նշել է Վ. Նալիվայկոն։

Բացի դրանից, գլխավոր տնօրենը հայտնել է, որ ներկայում «Միգրուպ» նախագծային ընկերությունը Ստավրոպոլի հետազոտական կազմակերպության մասնակցությամբ «Ապարաժ» ընկերության սարքավորումների միջոցով իրականացնում է պոչամբարից հանուկների ընտրություն՝ դրանց լրացուցիչ ուսումնասիրության համար: Դրանց ուսումնասիրությունից հետո կկատարվի պոչանքների կոնսոլիդացիայի դինամիկայի հաշվարկ, պոչամբարի ամբարտակի կայունության աստիճանի վերահաշվարկ և, հնարավոր է, պոչամբարի ամբարտակի` ժայռային գրունտով բարձման աշխատանքների ծավալների հստակեցում:

Թեղուտի վարչական ղեկավար Մհեր Մելքոնյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ պոչամբարի հետ ամեն ինչ նորմալ է, եթե ինչ-որ բան պատահած լիներ, ինքն անպայման տեղյակ կլիներ: Ավելին, Մհեր Մելքոնյանը նշեց, որ թեկուզ ջրերը շատ են եղել, բայց իրենց գյուղն աղետից չի տուժել:

Այս պահին կասեցված գործունեություն, սակայն վավեր ընդերքօգտագործման իրավունք ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն, որն էլ Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման հետևանքով իրար կողքի կուտակել է 3 պոչամբար:

Ալավերդի համայնքի Մղարթ բնակավայրի վարչական ղեկավար Վրեժ Ղազարյանը, պոչամբարի պահակակետի աշխատակիցների հետ զրուցելուց և ճշտումներ անելուց հետո, մեզ հայտնեց, որ պոչամբարին ոչինչ չի պատահել, այնտեղ ամեն ինչ նորմալ է:

Ստեփանավան համայնքի Արմանիս բնակավայրում են գտնվում «Սագամար» ՓԲԸ-ի շահագործած Արմանիսի ոսկու հանքավայրը, վերամշակման գործարանն ու պոչամբարները: Հիշեցնենք` հանքավայրը չի գործում 2015 թվականից: Արմանիս գյուղի անմիջական հարևանությամբ կուտակված պոչերը չոր են, սակայն մշտապես ահազանգեր են եղել դեպի Ձորագետի Չքնաղ վտակ պոչամբարից հոսող տարօրինակ գույնի ջրերի մասին:

Արմանիսի վարչական ղեկավար Սամվել Անտոնյանը պատմեց, որ անձամբ է տարածքը զննել, որևէ խնդիր չի նկատել պոչամբարներում: Չնայած Արմանիսի պոչամբարը Ձորագետի Չքնաղ վտակի հարևանությամբ է, բայց բարձր է, քանի որ գետը ձորի միջով է հոսում: Սամվել Անտոնյանն ասաց, որ պոչամբարը կարող էր վնասվել, եթե ջրերի հետևանքով սողանքներ առաջանային, սակայն նման երևույթ տեղի չի ունեցել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել