ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ-ն հրաժարվում է վճարել հաշվարկված վճարը․ ՌԴ ԱԳՆ
 |tert.am|
09:44 - 10 հունիսի, 2024

ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ-ն հրաժարվում է վճարել հաշվարկված վճարը․ ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Հաշվի առնելով, որ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է վճարել հաշվարկված վճարը, հարկավոր է ՀԱՊԿ-ի ընթացիկ տարվա բյուջեի ճշգրտում անել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

«Այժմ մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը»,– նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ հավելելով, որ ներդրումների վերաբաշխման մասին խոսք չկա։

Գերատեսչությունում պարզաբանել են, որ ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են ծախսային մասը Երևանի կողմից իր աշխատակիցներին քվոտային պաշտոններում չնշանակելու հաշվին: Քարտուղարությունը նաև կօգտագործի առկա պահուստները՝ աշխատանքը բնականոն ռեժիմով շարունակելու համար։

«Ամեն դեպքում մենք ելնում ենք նրանից, որ Երևանը պարտավոր է կատարել ֆինանսական պահանջները՝ համաձայն Կազմակերպության կանոնադրության և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից հաստատված այլ փաստաթղթերի»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։ 

ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ միջազգային կազմակերպությունների ֆինանսական կարգապահությունը պահպանվում է անկախ կողմերից մեկի՝ անդամակցությունը կասեցնելու կամ դադարեցնելու ցանկությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել էր, որ Երևանը մտադիր է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել